Նոյեմբերի 21, 2024

Տասնյակ համայնքներ արդեն շուրջօրյա ջուր ունեն

By Սրբուհի Վանյան Օգոստոսի 16, 2022

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով hանրապետությունը գրեթե ամբողջությամբ զրկվել է ջրային կարևոր պաշարներից, ինչպես խմելու, այնպես էլ տնտեսական։ Նորաստեղծ Ջրային կոմիտեի առջև ոլորտի նոր ռազմավարություն մշակելու խնդիր դրվեց, որը պիտի ուղղված լիներ առկա մակերևույթային ջրերի ամբարմանը, ջրային ռեսուրսների նպատակային օգտագործմանը, ստորերկրյա ջրային ռեսուրսների արդունահանմանը։ Կառավարությունը, մշակված ծրագրերի իրականցման դեպքում կանխատեսում է մինչև 2025 թվականը շուրջօրյա ջրամատակարարում ապահովել հանրապետության ողջ տարածքում, ինչպես նաև ոռոգովի հողատարածքները 1000հա-ից հասցնել ավելի քան 7500 հա-ի։ Ծրագրերը ըստ ժամանակացույցի կյանքի են կոչվում։ «Մարտունու շրջանի Բերդաշեն, Եմիշճան համայնքներում ծրագրերն ավարտվել են, շուտով աշխատանքները կավարտվեն նաև Ճարտարում, ինչը թույլ կտա ավելացնել ջրի ծավալները»,-ասում է Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Ալբերտ Գոտանյանը։  

«Մարտունու շրջանի Բերդաշեն, Եմիշճան, Ճարտար համայնքներում իրականացվում են  արտեզյան հորերի  հորատման աշխատանքներ,  կառուցվում են արտաքին ջրագծեր։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված համայնքներում հոսող աղբյուրների դեբետը չէր բավարարում, անհրաժեշտություն է առաջացել կառուցել նոր ջրատար համակարգեր։ Բերդաշեն և Եմիշճան համայնքներում աշխատանքերն ավարտվել են, Ճարտարում շուտով կավարտվեն»։ 

  Անցյալ տարի մշակվեցին Պատարայի և Հիլիսի ջրամբարների կառուցման աշխատանքային նախագծերը և առանց հետաձգելու սկսվեցին շինարարական աշխատանքները։ Ջրամատակարարման համակարգերի կառուցման, վերակառուցման ու վերանորոգման աշխատանքներ այս պահին ընթանում են հանրապետության տասնյակ համայնքներում։  

«Ծովատեղ համայնքի ջրատարի կառուցման աշխատանքները, Աշանի ջրագծի վերանորոգումը, Մարտակերտի շրջանի Կոճողոտ համայնքում ներքին ցանցի կառուցման աշխատանքներ են իրականացվում։ Եղցահողում շինարարական աշխատանքերը ավարտվել են, տարբեր համայնքներում իրականցվում են հորատման աշխատանքեր»: 

«Ջրամատակարարում» ՓԲԸ տնօրեն Գեորգի Հայրապետյանը ներկայացնում է կառույցի կողմից կատարվածը․ ընկերությունը համայնքներում խմելու ջրատար ցանցի վերանորոգման ու սպասարկման աշխատանքներն է համակարգում․   

«Այս պահի դրությամբ 75 համայնք է սպասարկում Ջրամատակարարում ՓԲԸ-ն։ 50-52 համայնքում շուրջօրյա ջուր կա։ 5-6 համայնքում  խնդիրներ կան՝ Դաշուշեն, Հարավ, Քռասնի, Հաղորտի, Մուշկապատ․  այնտեղ ջրատար մեքենաներով ենք ջուր հասցնում»։    

 Այդ համայնքներում ջրապահովում իրականացնում են ջրատար մեքենաներով։ Ո՞րն է լուծումը․ կառույցի պատասխանատուն առաջարկներն է ներկայացնում․  

«Միանշանակ, արտեզյան հորեր պետք է հորատվեն։ Ունենք 3 տարվա հաստատված ծրագիր, համաձայն Նախագահի հանձնարարականի,բոլոր համայնքերը 3 տարվա ընթացքում պետք է շուրջօրյա ջուր ունենան։Ծրագրերը ջրային կոմիտեի կողմից են իրականցվում, պատվերները կան, նախագծերը կան, ըստ առաջնահերթության իրագործվում են։ Պետք է արտեզյան հորեր կառուցենք, ուրիշ եղանակ չկա, քանի որ ինքնահոս ջրերը այնտեղ բացակայում են՝ կապված բարձրադիր ռելիեֆի հետ»։ 

Որոշ համայնքներում արտեզյան հորեր հորատվել են նաև մինչև պատերազմը։ Դրանց մի մասը շահագործվում է առայսօր։ Մի մասն ակնկալիքները չեն արդարացրել։ Ստորերկրյա ջրերի արդյունահանման նպատակով հետախուզա-ուսումնասիրական աշխատանքների արդյունքում 2021 թ-ին կառուցվել են 15 արտեզյան հորեր, որոնք կապահովեն ավելի քան 600 հա հողատարածքների ոռոգումը։

Artsakh Public Radio
Last modified on Չորեքշաբթի, 17 Օգոստոսի 2022 10:32
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ