Նոյեմբերի 22, 2024

«Թուֆեկյան» հիմնադրամը մեկ ամսում 4 առանձնատուն է վերանորոգել

By Անի Աբաղյան Օգոստոսի 25, 2022
«Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամը նախորդ ամիս Մարտունու շրջանի մի շարք գյուղերում առանձնատներ է վերանորոգել։  44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Ավետիսյանը Ճարտարից է: Նա նույնպես ծրագրի  շահառուներից է։ Ինչու՞ են հենց Արթուրին ընտրել՝ «Թուֆենկյան» հիմնադրամի հանրային կապերի տնօրեն Ռուբեն Ջանբազյանն է մանրամասնում։ 
 
«Արթուրը 2020 թվականի նոյեմբեր ամսին ականի պայթյունից վիրավորվել է հայրենի քաղաքը՝ Ճարտարը, պաշտպանելու ժամանակ։ Այսուհետ Արթուրն ընտանիքի հետ կապրի վերանորոգված առանձնատանը»։
 
 Մյուս շահառուն Սոս գյուղի բնակիչ Հարութ Հենրիկյանն է։ Հարութը պատերազմի ժամանակ վիրավորվել է անօդաչու թռչող սարքից։ Մինչ այսօր էլ շարունակում է բուժում ստանալ։ Նոր տուն կառուցելը կամ վերանորոգելը տանտիրոջ պարտականությունների շարքում է, բայց պատերազմն ամեն ինչ իրար է խառնել։ «Թուֆենկյանն» էլ որոշել է կիսել պարտականությունները․ Հարութի և ընկերների  պարտականությունն այժմ առողջությունը վերականգնելն է, հիմնադրամինը՝ նրանց կողքին կանգնելը: 
 
«Հենրիկյան ընտանիքն էլ նոր տուն ստացավ։ Հարութը պատերազմի առաջին օրվանից զինվորագրվել է, հոկտեմբեր ամսին վիրավորվել է ոտքերից և մինչև այսօր վիրահատություններ է անում»։
 
 Պատերազմից հետո հիմնադրամի ծրագրերի շրջանակրը փոքրացել է:   
 
«Տների վերանորոգման և վերակառուցման աշխատանքներից բացի Թուֆենկյան հիմնադրամը վերջերս Հերհեր և Մաճկալաշեն համայնքներում խաղահրապարակներ է կառուցել։ Խաղահրապարակների կառուցման ֆինանսավորումը կատարել են մեր բարերարները»։
 
 Հիմնադրամի հանրային կապերի տնօրենի խոսքով՝ առաջիկայում նոր ծրագրեր են սպասվում կրթական, առողջապահական, գյուղատնտեսական ոլորտում։ «Թուֆենկանի» որոշումը այստեղ հիմնադրվելու օրից նույնն է․ բարեգործական ծրագրերով կանգնել Արցախի կողքին։
 
Artsakh Public Radio
Last modified on Հինգշաբթի, 25 Օգոստոսի 2022 13:34
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ