Մարտի 29, 2024

Հայկական մեղրը միջազգային շուկայում դիրքավորվելու լավ նախադրյալներ ունի

By Սրբուհի Վանյան Սեպտեմբերի 28, 2022
«Հաթերք-Ֆուդ» ապրանքանիշը 4 տարի առաջ է ստեղծվել՝ Մարտակերտի շրջանի համանուն՝ Հաթերք գյուղում, նպատակ ուենալով բրենդավորել տեղական արտադրանքը։ Զբաղվում է բնական և էկոլոգիապես մաքուր գյուղմթերքի արտադրությամբ, վայրի պտուղների հավաքով, վերամշակմամբ, մեծածախ ու մանրածախ վաճառքով, մի քանի տասնյակ ընտանիքների համար ստեղծելով եկամտի աղբյուր, իսկ հազարավոր սպառողների ապահովելով բնական, առողջարար էկո-սննդամթերքով։ 
 
«Նպատակ ենք ունեցել բրենդավորել Հաթերքի արտադրանքը և ներկայցնել մեր գյուղը, արտահանել այն։ Հետո մեծացրել ենք գործունեությունը, ծավալները և համագործակցում ենք այլ գյուղերի արտադրողների հետ, հատկապես մեղվաբույծների հետ ենք համագործակցում»։ 
 
Արտադրության հիմնական ուղղությունը բնական մեղրի և մայրակաթի արտադրությունն է։ Բայց բրենդի հիմնադիրը նպատակ ունի Արցախի բնական մթերքները հայտնի դարձնել աշխարհում, և որ ամենակարևորն է, դառնալ համաշխարհային հայտնի բրենդ՝ հայկական մեղրի համբավը հասցնելով աշխարհի սպառողներին: «Մեղվաբուծությունը մեզ համար միայն զբաղմունք կամ բիզնես չէ,-ասում է Սամվելը, այն մեր կյանքի անբաժան մասն է, մեր կենսակերպը, մեր լիարժեք կյանքի գրավականը։ Պապերից ժառանգած մասնագիտական փորձը համադրելով գիտական արդի ձեռքբերումների և միջազգային լավագույն փորձի հետ, ձգտում ենք մեղվաբուծությունը հասցնել լրիվ նոր մակարդակի և հայկական մեղրի համբավը տարածել ամբողջ աշխարհում»,-ասում է զրուցակիցս։ Արտահանման ուղղությամբ ինտենսիվ աշխատանքեր են կատարում։ 
 
«Գործունեության ծավալների մեծացումը  միտված է նաև մեր սոցիալական ազդեցության մեծացմանը, բրենդավորված ձևով ներկայացնել լավագույն արտադրանքները սպառողներին։Այս պահին ինտենսիվ աշխատանքեր ենք կատարում արտահանման ուղղությամբ, դեռևս փոքր քանակներով, բայց պատրաստվում ենք մեծ ծավալներով արտահանման։» 
 
2020 թվականի պատերազմը խանգարեց շատ ծրագրերի:  Բայց  ստեղծված իրավիճակում էլ «Հաթերք-ֆուդը» փնտրեց ու գտավ  նոր հնարավորություններ։ «Աշխատասեր, նվիրված թիմի, պրոֆեսիոնալիզմի, բարեխիղճ աշխատանքի, գրագետ բրենդինգի շնորհիվ շարժվում ենք առաջ՝ ձգտելով մեր տեսլականի մարմնավորմանը»,-հպարտանում է երիտասարդը։ 
 
«Պատերազմից առաջ իհարկե, շատ մեծ պոտենցիալ կար մեղվաբուծության զարգացման, հատկապես Քարվաճառի ու Քաշաթաղի շրջաններում, բայց  հետո ստեղծված իրավիճակում էլ հնարավորություններ գտանք։ Մանավանդ այն սահմանամերձ տարածքներում, որտեղ անասնապահությամբ չէր ստացվում զբաղվել»։ 
 
Հնարավորություններն օգտագործում են ամբողջ ծավալով․ «Հաթերք-Ֆուդը» ներկայացվում է միջազգային ու տեղական բազմաթիվ ցուցահանդեսներում, տոնավաճառներում, և արժանանում սպառողների բարձր գնահատականին։ «Միշտ բաց ենք նոր առաջարկների և համագործակցության առաջարկների համար։ Շարունակական աշխատանք ենք տանում ինչպես նոր ապրանքատեսակների ստեղծման, ծավալների ավելացման ուղղությամբ, այնպես էլ նոր գործընկերներ, նոր ծրագրեր մշակելու ուղղությամբ։ Մենք նոր դիզայն ունենք, որով փոխանցել ենք «Haterk» ապրանքանիշի «առողջ եւ եռանդուն կյանք»-ի խոստումը, միաժամանակ պահպանելով բնության բարիքների հետքերով գնալու՝ մեր բրենդի էությունը»,-ասում է։ Բացի այդ՝ 
 
«Մեր կողմից կազմակերպվում են դասընթացներ, կիսվելու մեր փորձով, տեղական արտադրողների հետ, որպեսզի նրանք բարելավեն իրենց մեղուների գենոֆոնդը և բարձրացնեն արտադրողականությունը»։
 
 «Ավրորա» հիմնադրամի աջակցությամբ ընկերությունը ստեղծել է տոհմային մայրաբուծարան, կատարում են սելեկցիոն աշխատանքներ՝ ստանալով որակյալ մեղվամայրեր, որոնք տրամադրվում են մեղվաբույծներին՝ իրենց մեղուների գենոֆոնդը թարմացնելու և բարելավելու համար։ Բնական մեղրի ու մեղրամթերքի պահանջարկը գնալով    աճում է ամբողջ աշխարհում, դրան զուգահեռ աճում են նաև սպառողների պահանջները․ ժամանակակից սպառողն ուզում է, որ արտադրանքը համապատասխան որակ, որակի սերտիֆիկատ, փաթեթավորում ունենա։ Հայկական մեղրը լավագույն դիրքերում լինելու պոտենցիալ ունի՝ համոզված է երիտասարդ գործարարը, չնայած որ միջազգային շուկայում առայժմ այնքան էլ հայտնի չէ։ Այս առումով շատ աշխատանք կա անելու։ Գնով մրցակցել դեռևս չեն կարողանում՝ ինքարժեքը բարձր է ստացվում․ «Հաթերք-ֆուդը» մեխանիզմներ է մշակում արտադրողականության մեծացման հաշվին ինքնարժեքը փոքրացնելու ուղղությամբ։ Պետք է ճիշտ բրենդավորել և ճիշտ մրցակցել․ համաշխարհային շուկայում մրցունակ լինելու համար դա նախապայման է։
 
 
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ