Նոյեմբերի 22, 2024

Չգազաֆիկացված համայնքներում տաք ջրի խնդիրը արևային ջրատաքացուցիչներն են լուծում

By Ասպրամ Ավանեսյան Հոկտեմբերի 17, 2022
Հանրապետության չգազաֆիկացված համայնքերում բնակվող բնակիչ-բաժանորդների համար արևային ջրատաքացուցիչների ձեռք բերման և տեղադրման ԱՀ  կառավարության ծրագիրը հաստատվել է այս տարվա մարտին։ «155 հայտատուից այս պահի դրությամբ  ծրագրից օգտվել է  66-ը»,- ասում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի էներգետիկայի բաժնի պետ Արմեն Մեժլումյանը։ 
 
«Շահառուները Ստեփանակերտի Նոր Արեշ թաղամասից են, Մարտունու շրջանի Կոլխոզաշեն, Պառավաթումբ, Ննգի, Կաղարծի, Մարտակերտի շրջանի Հարությունագոմեր, Ճանկաթաղ և Կիչան համայնքերից են։ «ՋՍ-էներգո» ընկերության կողմից 31 արևային ջրատաքացուցիչ տեղադրվել է Կոլխոզաշեն համայնքում, ինչը նշանակում է, որ համայնքի տնային տնտեսությունների 50 տոկոսը ձեռք է բերել նշված համակարգերը»։
 
 Քաղաքացիները ջրատաքացուցիչներ ձեռք բերելու համար 50 տոկոս գումարը կարող են վճարել և կանխիկ, և ապառիկ եղանակով։ Արմեն Մեջլումյանի խոսքով, շահառումներից 6-ը վճարումները կատարել են կանխիկ, 27-ը՝ վարկային միջոցներով, և 34-ը՝ ՀՕՄ-ի օժանդակությամբ։ Այս պահին հայտագրված է ևս 96 շահառու։ Մատակարար ընկերություններն օրական 2-ից 3 ջրատաքացուցիչ են տեղադրում՝ ասում է զրուցակիցս։ 
 
«Հաշվի առնելով արևային ջրատաքացուցիչների էներգաարդյունավետությունը, 2023 թ․ բյուջետային տարում կառավարությունը նախաձեռնում է նաև նմատատիպ ծրագիր իրականացնել գազաֆիկացված համայնքներում»։ 
 
Արևային ջրատաքացուցիչները միանգամից մի քանի խնդիր են լուծում՝ ասում է Արմեն Մեժլումյանը։ Այն կրճատում է ընտանիքի էներգետիկ ծախսերը․ յուրաքանչյուր ընտանիք տարվա կտրվածքով կունենա 80000 դրամի խնայողություն, իսկ արդեն 2, 3 տարուց հետո ընտանիքը կարողանալու է ունենալ անվճար տաք ջուր։ Պատերազմից հետո Արցախն ինքնաբավ և էներգիա արտահանող երկրից դարձել է էներգիա ներկրող երկիր։ Մեր հանրապետությունը կարողանում է ապահովել էներգիայի ներքին պահանջարկի միայն 57 տոկոսը։  Հաշվի առնելով այս հանգամանքը և այն, որ էներգակիր մալուխները  Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում են, հնարավոր է, որ ձմեռային եղանակներին անջատումներ լինեն, ջրատաքացուցիչները նաև այդ խնդիրն են լուծում։ Էներգետիկայի այլընտրանքային աղբյուրներից ամենատարածվածն  արևային էներգան է։ Այն կարող է օգտագործվել ինչպես ջերմային, այնպես էլ էլեկտրական էներգիայի տեսքով։ 
 
«Արևի էներգիան օգտագործելու համար Արցախի բնակլիմայական պայմանները բարենպաստ են։ Ներկա դրությամբ իրականացվում է կառավարության ծրագիր՝ էլեկտրաէներգետիկ ցանցի անվտանգության և հուսալիության բարձրացման ուղղությամբ։ Էլեկտրաէներգիայի օդային գծերը փոխարինվում են մալուխային օդային գծերով, վերազինվում են նաև ենթակայանները»։ 
 
Ծրագիրը հնարավորություն կտա հանրապետության բնակիչներին ունենալ էներգետիկ անկախություն և արևային ջրատաքացուցիչների շնորհիվ կատարել տնտեսումներ։ Արևային ջրատաքացուցիչների ծրագիրը ռազմավարական նշանակություն ունի, այն շարունակական է լինելու։
 
 
Artsakh Public Radio
Last modified on Երկուշաբթի, 17 Հոկտեմբերի 2022 19:43
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ