Օրակարգում ներառված միակ հարցին, գլխադասային հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանի առաջարկությամբ, ավելացվեց ևս մեկը՝ փոփոխություններ՝ Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքում։ Առաջին հարցը ներկայացրեց ԱՀ ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը:
«Այս ընթացքում Բյուջեն քննարկվել է հանձնաժողովներում ու խմբակցություններում, եղել են ոլորտային քննարկումներ, հնչել են 50-ից ավել հարցեր, որոշ առաջարկներ։ Դրանք սահմանված կարգով գրավոր կներկայացվեն կառավարությանը»:
Նա ընդգծել է, որ Բյուջեն կազմվել է՝ հաշվի առնելով համավարակի և 2020 թվականի պատերազմի բացասական հետևանքները: Արդյունքում ստացվել է պետական բյուջեի հետևյալ պատկերը:
«Եկամուտների գծով՝ 184մլրդ 300 մլն դրամ, ծախսերի գծով՝ 214 մլրդ 662 մլն դրամ: Դեֆիցիտը կկազմի 30 մլրդ 362 մլն դրամ: Դեֆիցիտը կֆինանսավորվի փոխառու միջոցների հաշվին»:
Սեփական եկամուտների 40,3 մլրդ դրամից 40 մլրդը հարկային մուտքերն են, որը 2021 թվականի համար պլանավորված եկամուտներից ավել է 2,4 անգամ, իսկ սպասվող եկամուտներից՝ 33 տոկոսով: Արդյունքում՝ հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը կանխատեսվում է 15,2 տոկոս: Նախարարը ներկայացրել է նաև «Պետական պաշտոնյաների վարձատրության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: ԱԺ նախագահ Ա. Թովմասյանն առաջարկել է այդ համատեքստում վերանայել նաև խմբակցության ղեկավարների աշխատավարձերը՝ մեջբերում ՝ «հաշվի առնելով նրանց կատարած ահռելի աշխատանքը»: Դա, ըստ ԱԺ նախագահի, արդարացի կլիներ: Խնդիրն այն է, որ խմբակցության ղեկավարի պաշտոնը պետական բարձր պաշտոնների ցանկում չկա և առաջարկի ընդունումը ենթադրում է նաև «Հանրային ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն: Ամեն դեպքում, ֆինանսների նախարարը հորդորեց առաջարկը ներկայացնել կառավարության քննարկմանը: Օրենքում առաջարկվող փոփոխությունը Վահրամ Բաղդասարյանը մասնավորապես հիմնավորել է այսպես.
«ԱՀ դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմով Արցախում ստեղծված սոցիալ հոգեբանական խնդիրների լուծման նպատակով կառավարության կողմից իրականացվող մի շարք ծրագրերի շարքում նախատեսվել է նաեւ պետական համակարգի աշխատողների աշխատավարձերի բարձրացում և անհրաժեշտություն է առաջացել մշակել այս օրինագիծը»:
Առաջարկվում է բարձրաստիճան պաշտոնյաների քաղաքական, հայեցողական, քաղաքացիական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության բարձրացում միջինում 9 տոկոսով, բարձրաստիճան պաշտոնատար անձ չհանդիսացող հայեցողական և քաղաքացիական անձանց վարձատրության բարձրացում՝ միջինում 17 տոկոսով, պետական ծառայողների, այդ թվում և՝ զինվորական ու փրկարարական ծառայության պաշտոն զբաղեցնողներինը՝ միջինում 20 տոկոսով:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2022 թվականի համար բազային աշխատավարձի բարձրացում չի նախատեսվում, և օրենքի նախագծով սահմանված չափը չի ապահովում նվազագույն աշխատավարձի անվանական 80 տոկոսը, առաջարկվում է կատարել լրացում»:
Այս փոփոխությունները նաև համահարթեցման և ՀՀ օրենսդրությանը համապատասխանեցնելու նպատակ ունեն: Օրինագծով բարձր աշխատավարձ ստացող պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման գործակիցը ավելի ցածր կլինի նվազ ստացողի աշխատավարձի գործակցից: Փոփոխություն չի նախատեսվում Հանրապետության նախագահի, ԱԺ նախագահի, Պետնախարարի, Նախագահի աշխատակազմի ղեկավարի, Անվտանգության խորհրդի քարտուղարի, Մարդու իրավունքների պաշտպանի, Գերագույն դատարանի նախագահի, Հաշվեքննիչ պալատի նախագահի, Գլխավոր դատախազի, ԱԺ նախագահի տեղակալի աշխատավարձերի մեջ: Գլխադասային հանձնաժողովը, 3 կողմ, 2 ձեռնպահ ձայներով, Բյուջեի մասին օրինագծին դրական եզրակացություն տվեց: Վաղը` մինչև աշխատանքային օրվա ավարտը, պատգամավորները հնարավորություն ունեն իրենց առաջարկները գրավոր ներկայացնել հանրապետության նախագահին: