Նիստին առաջինը զեկուցմամբ հանդես է եկել Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը: Քաղաքային համայնքի 2023թ․ բյուջեի նախագիծը ծախսերի գծով նախատեսվում է 2 մլրդ. 442 մլն. 971 հազար դրամի չափով։ Ծախսերն ուղղվելու են շինարարության, շրջակայի պահպանության, բնակարանային շինարարության և կոմունալ ու մշակութային ծառայությունների, կրթության ծրագրերի ֆինանսավորմանը։
«Շրջակա միջավայրի պահպանության ծախսերը նախատեսվել են 1 մլրդ. 313 մլն .141 հազ. դրամի չափով, որից աղբահանման ծրագրի համար՝ 79 մլն. 539 հազ. դրամ: Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայությունների բնագավառում ծախսերը նախատեսվում են 488 մլն. 521 հազ. դրամի չափով, որից շենքերի և կառույցների ընթացիկ նորոգմանն ու պահպանմանն ուղվելու է 220 մլն դրամ, փողոցների լուսավորմանը՝ 179 մլն., «Ջրմուղ կոյուղի» ՓԲԸ-ին՝ 82 մլն. 146 հազ. դրամ, բնակշահագործման տեսչությանը՝ 16 մլն. 374 հազ. դրամ»:
Ստեփանակերտի քաղաքապետին մի քանի հարց ուղղվեց: Պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հետաքրքրվեց 10-րդ դպրոցի շինարարական աշխատանքներով. եկող ուսումնական տարում ի՞նչ վիճակում կլինեն շենքային պայմանները:
«Կախված է ֆինանսավորումից: Եթե ֆինանսավորումը այսպես շարունակվի, 60 տոկոսով պատրաստ կլինի: Եթե ֆինանսավորումը ավելացնեն, 80-90 տոկոսով պատրաստ կլինի՝ բացի բարեկարգումից: Եթե շատ լավ ֆինանսավորում լինի, բարեկարգումն էլ կհասցնենք»:
Ասկերանի շրջանի վարչակազմի 2023թ․ ծախսերը, ըստ ղեկավար Համլետ Ապրեսյանի, կազմելու են 208 մլն. 53 հազ. դրամ։ Նախորդ տարվա համեմատ գրանցվել է աճ՝ 2 մլն. 695 հազ. դրամի չափով։
«2023թ. համայնքային բյուջեի նախագծում շրջանի տեղական ինքնակառավարման մարմինների համար նախատեսվում է 267 մլն 968 հազ 100 դրամ դոտացիա, որը 2022թ-ի համեմատ ավելացել է 13 մլն. 803 հազ. 100 դրամով: Շրջանի կարողությունների զարգացման համար նախատեսվել է 265 մլն. դրամ, որը 2022 թվականի բյուջեի համեմատ նվազել է 85 մլն. դրամով»:
Մարտակերտի շրջանի 2023 թ․ համայնքային բյուջեի սեփական եկամուտները, շրջվարչակազմի ղեկավար Արսեն Ավանեսյանի փոխանցմամբ, կազմելու են 122 մլն. 779 հազ. դրամ, որը 2022թ․ համեմատ աճել է 12 մլն. 439 հազ. դրամով: Շրջանի 2023թ․ բյուջեի ծախսային մասը կազմելու է 458 մլն. 156 հազ. 200 դրամ:
«2022թ. համեմատ ծախսերն ավելացել են 718 հազ. 200 դրամով կամ 0,16 տոկոսով: Փոփոխությունը պայմանավորված է սանմաքրման ծախսերի նվազեցման և տարհանված համայնքների ծախսերը համայնքային բնույջեից հանելու հետ: Աշխատակազմի 2023թ. ծախսերը կազմելու են 202 մլն. 589 հազ. 800 դրամ: 2022թ. տարեկան ծախսերի համեմատ այն աճել է 3 տոկոսով»:
Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանը, մանրամասն ներկայացնելով շրջանի 2023թ․ բյուջեի նախագծով նախատեսված ծախսերը, նշել է, որ համայնքային բյուջեի եկամտային մասը, համաձայն համայնքների ներկայացրած տարբերակի, կազմելու է 157 մլն. 815 հազ դրամ: 2023 թ.-ի համար նախատեսված ծախսերը կազմում են 476 մլն. 214 հազ. դրամ:
«Համեմատության համար նշեմ, որ 2022թ. բյուջեով համայնքներին հատկացված 3 մլրդ դրամից Մարտունու շրջանի համայնքներին հատկացվել է 223 մլն. 486 հազ. դրամ կամ նախատեսված գումարի 7,3 տոկոսը: Նման ցուցանիշի պայմաններում չի լուծվում համայնքների համաչափ զարգացման խնդիրը: Ինչպես նախորդ անգամ, այնպես էլ այսօր առաջարկում եմ համապատասխան որոշում ընդունողներին այցելել համայնքներ և տեղում ծանոթանալ վարչական տարածքներին ու դրանց պատկանող գյուղնշանակության հողերի գտնվելու վայրերին»:
Մարտունու շրջվարչակազմի աշխատակազմի ծախսերը 2023թ. բյուջեով նախատեսված է 196 մլն. 774 հազ. դրամի չափով: Ծախսերի 99,5 տոկոսը բաժին է ընկնում ընթացիկ ծախսերին: Նախորդ տարվա համեմատ այն աճել է 1 մլն. 882 հազ. դրամով: