ԱՀ 2023 թվականի պետական բյուջեի նախագծով սոցիալական նախատեսված ծրագրերի ընդհանուր ծախսը, ներառյալ նախարարության և ենթակա կազմակերպությունների պահպանման ծախսերը, նախորդ տարվա համամատ կաճեն 7,5 %-ով։ Ոլորտի հիմնական ծախսերը խորհրդարանին է ներկայացրել Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարի պաշտոնակատար Վահրամ Առաքելյանը։
«2023 թվականին նախատեսվում է շուրջ 30 միլիարդ 200 մլն դրամով, ինչը նախորդ տարվա համեմատ կաճի 700 մլն դրամ կամ 7,5 %։ Այդ ծրագրերը միավորված են 7 խմբում»։
Կենսաթոշակային ապահովության ծրագրերում նույնպես կաճեն ծախսերը՝ ասում է Վահրամ Առաքելյանը։ 2023 թվականին դրանք կկազմեն 19 միլիարդ 100 միլիոն դրամ՝ ընթացիկ տարվա համամատ աճելով 2 միլիարդ 500 մլն դրամով։ Ծախսերի ավելացումը հիմնականում պայմանավորված է 2023 թվականի երկրորդ կիսամյակում կենսաթոշակների չափերի նախատեսվող բարձրացմամբ ։ Այսպես․
«2023թվականին նախատեսվում է աշխատանքային կենսաթոշակի միջին չափը ներկայիս 57 հազար դրամից բարձրացնել մինչև շուրջ 61 հազար 500 դրամ: Սոցիալական կենսաթոշակի միջին չափը 35 հազար 800 դրամից կդառնա շուրջ 43 հազար դրամ, շարքային կազմի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամներին վճարվող զինվորական կենսաթոշակի միջին չափը 40 հազար դրամից կդառնա շուրջ 44 հազար 800 դրամ»:
2023-ին շուրջ 10 տոկոսով կաճեն ամենամսյա դրամական օգնությունների և պարգևավճարների տրամադրմանն ուղղվող ծախսերը՝ կազմելով 880 միլիոն դրամ, ինչը պայմանավորված է շահառուների թվի աճի միտումներով: Վահրամ Առաքելյանը ներկայացրել է նաև սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրվող աջակցության ծրագրին հատկացվող ծախսերը։ Ինչպե՞ս են որոշվում ընտանիքների կարիքները, եթե չկա կարիքի գնահատում: Պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հարցին ի պատասխան Վահրամ Առաքելյանը նկատում է։
«Յուրաքանչյուր ընտանիքի կամ յուրաքանչյուր անձի դիմումի հետևից մեր սոցիալական աշխատողները կատարում են տունայց, ներկա պահին իրականացվում է այդ ընտանիքի զբաղվածության գնահատում, այդ ընտանիքի եկամուտների գնահատում, որոնց հիման վրա կայացվում է որոշում՝ մինչև բաժինների, փոխնախարարի և նախարարի մակարդակով ցուցաբերվող օգնության չափի մասին»։
2022 թվականի համեմատ շուրջ 16%-ով կաճեն նաև գործազրկության խմբում ընդգրկված ծրագրերի ծախսերը։ 2023-ին այն նախատեսվում է հասցնել 90 միլիոն դրամի։
«Կարևորելով բնակչության զբաղվածության խնդիրը, հատկապես հետպատերազմյա շրջանում, շուրջ 80 –ով կավելանա գործազուրկների և աշխատանքից ազատման ռիսկ ունեցող անձանց ՝ այդ թվում ներկայումս վարձատրվող հարկադիր պարապուրդում գտնվող անձանց, մասնագիտական ուսուցման ու վերամասնագիտացմանն ուղղված ծախսերը։ Աշխատանք փնտրող մասնագիտական ուսուցման ծախսը 2023 թվականին կկազմի շուրջ 36 մլն դրամ»։
2 մլրդ ՀՀ դրամով կնվազի տեղահանվածների աջակցության ծրագիրը՝ պայմանավորված գույքային խնդիրների լուծման ենթածրագիրը բնակարանային կոմիտեին փոխանցման հետ: Կշարունակվեն գործել զբաղվածության խթանմանն ուղղված գործող ծրագրերը։ 2023 թվականի պետական բյուջեի նախագծով առողջապահության ոլորտին նախատեսվում է հատկացնել 13 մլրդ 179,7 մլն ՀՀ դրամ: Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արթուր Օհանջանյանն է ներկայացնում։
«Ծախսերի նվազեցումը Արցախի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի համապատասխան ցուցանիշների նկատմամբ կազմում է 2 միլիարդ 95 միլիոն դրամ կամ 13 տոկոսը: Նախագծով նախատեսված առողջապահության բնագավառի ծախսերը հիմնականում ուղղված են Արցախի Հանրապետության ամբողջ բնակչության՝ 2023 թվականի հունվարի մեկից անվճար բժշկական օգնության ու սպասարկման լիարժեք իրականացման համար»։
Պատգամավորների հետ քննարկումը չստացվեց։ Հարցուպատասխանից առաջ Արթուր Օհանջանյանը նախապես նշել էր․
«Քանի որ նոր եմ նշանակվել այս պաշտոնում, կարող եմ գրավոր պարզաբանումներ տալ այն ձեր հարցերին»։
Սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը դժգոհեց ոլորտի պատասխանատուի այս դիրքորոշումից։ Նրա գնահատմամբ՝ նորմալ չէ, որ քննարկումը չի ստացվում, քանի որ նախարարի պաշտոնակատարը տեղյակ չէ բյուջեի նախագծին։ Նրա գնահատմամբ բյուջեի նախագծում առկա են ծրագրային լուրջ խնդիրներ։
«Անձամբ ինձ համար անընդունելի է այն հանգամանք , որ նոր եք նշանակվել այս պաշտոնում, քանզի այս բյուջեյի նախագիծը պետք է մտնի ուժի մեջ նախագահի ստորագրումից հետո՝ այս տեսքով։ Նախագծի 25 ծրագրում կան լուրջ խնդիրներ։ Իրականում 8 միլիարդը դարձնել 15 միլիարդ, այնուհետև 13 միլիարդ,այս թվերն արդեն իսկ խոսում են այն մասին, որ բյուջեի նախագծում կան լուրջ ծրագրային խնդիրներ, քանզի ամբողջ բյուջեի նախագծի հիմքում հենց մեր բնակչության անվճար բուժսպասարկումն է: Հուսով եմ,որ մինչև տարեվերջ Դուք կուսումնասիրեք ներկայացված բյուջեի նախագիծը և գոնե գլխադասային հանձնաժողովի հետ կիրականացնեք առանձին քննարկում, որպեսզի կարողանանք կանխել այն խնդիրները, որը ապագայում կարող է առաջացնել հենց այս բյուջեի նախագիծը»։
Նիստի եզրափակիչ ելույթը ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանինն էր։ Նրա խոսքով՝ բյուջեն կազմելու է մոտ 292 մլն ՀՀ դրամ: 2023 թվականին 3,1 մլն ՀՀ դրամով կնվազեն աշխատակազմի պահպանման ծախսերը՝ կապված աշխատողների թվաքանակի հետ: 46,3 միլիոն դրամ գումար նախատեսվում է ծախսել պլանավորված երկու ծրագրի իրականացման համար։