Նոյեմբերի 21, 2024

Մանկական կերերը սպառվում են․ կա՞ն փոխարինման միջոցներ

By Անի Աբաղյան Դեկտեմբերի 21, 2022

Արցախում դատարկ ձեռքով հյուր չեն գնում, 20 օրական փոքրիկին տեսնելու համար՝ առավել ևս։ Վերջին 11 օրվա ընթացքում այդ առումով ոչինչ չի փոխվել, բացի նվերի տեսակից։ Արմինե Թովմասյանի փոքրիկին այցելելիս հարազատները մանկական խանութները թողած՝ դեղատներով են անցնում․ ընտանիքի նոր անդամը միայն կաթնախառնուրդով է սնվում, ինչը գտնելը բարդ գործ է դարձել։ 

«Իմ երեխան 20 օրական է․ առաջին 10 օրվա ընթացքում կրծքով եմ կերակրել, բայց մյուս օրերին արդեն կերակրում եմ կաթնախառնուրդով։ Եղբայրս, ամուսինս հարազատներս դեղատներում փոքրիկիս համար կեր էին փնտրում։ Մի քանի հատ ունենք, բայց, եթե երկար շարունակվի, իհարկե, չի հերիքելու»։ 

Արմինեի փոքրիկը «պահեստավորած» կաթնախառնուրդ ունի դեռ։ Նրա մտահոգությունն ընկերներն են, ծանոթները, որոնք նոր են երեխա ունեցել ու չգիտեին, որ փոքրիկը ստիպված կլինի արհեստական կաթնախառնուրդով սնվել, հետևաբար նրանց «բախտ չի վիճակվել» նախապես մանկական կերեր ձեռք բերել:

 «Շատ ընկերներ, բարեկամներ ունեմ, որ նոր են դուրս գրվել ծննդատնից ու պիտի փոքրիկին կաթնախառնուրդով կերակրեն, բայց ոչ մի տեղ չեն գտնում, ի՞նչ անեն։ Համացանցով հայտարարություն են տալիս, երբեմն գտնում են, երբեմն՝ ոչ, լինում են դեպքեր, որ գտած կաթնախառնուրդը երեխան չի ընդունում, չի ուտում»։

 Նորածնի համար լավագույն կերն, իհարկե, մայրական կաթն է, բայց եթե այն չկա կամ չի բավարարում, ինչո՞վ կերակրել փոքրիկին: Կան երեխաների կերակրման հին ավանդույթներ, որոնցից պետք է հեռու պահել նրանց՝ հատկապես մինչև 6 ամսականը՝ նշում է «Արևիկ» մանկական բուժմիավորման մանկաբույժ Արփինե Հովակիմյանը։ Շաքարավազով թեյը կամ ջրի լուծույթով խտացրած կաթը փոքրիկներին ոչ միայն չեն կշտացնում, այլև լուրջ վնասում են առողջությանը։ Իսկ կարելի՞ է կաթնախառնուրդը փոխարինել կովի կաթով՝ մանկաբույժն է պարզաբանում. 

«Քանի որ ելք չկա, խորհուրդ կտամ կովի կաթ տան փոքրիկներին, բայց շատ կարճ ժամանակով․ խանութներում գոնե կովի կաթը կա։ Կաթնախառնուրդով սնվող 1 տարեկանից բարձր երեխաների խնդիրը այդպես կլուծվի, բայց 6 ամսականից բարձր փոքրիկները, քանի որ ելք չկա, կարող են կարճ ժամանակով օգտվել։ Ավելի լավ է կովի կաթ, քան խտացրած կաթ ու թեյեր։ Մինչև 6 ամսական փոքրիկներին  կովի կաթ հաստատ չի կարելի, պետք է մի հնար գտնել՝ կաթնախառնուրդը ներմուծենք Արցախ»։ 

Մանկական հավելյալ սնունդները դեղատան ցուցափեղկերից առաջինն են պակասել։ Բնակիչները, ծանոթ լինելով թշնամու բնավորությանը, շտապել են «ամբարել» գոնե փոքրիկների սնունդը։ Մանկաբույժը խորհուրդ է տալիս 6 ամսականից բարձր երեխաներին կերակրել հատիկավոր սնունդով, եթե կարտոֆիլ, գազար, կաղամբ կամ փոքրիկի սիրելի բանջարեղենը բացակայում է շուկայից։ 

«Այս պայմաններում 6 ամսականից բարձր փոքրիկների խնամքը կազմակերպելը ավելի հեշտ է։Եթե այս պահին բանջարեղեն չկա, պետք է մտածենք այլ տարբերակների շուրջ․ օրինակ՝ բրինձ, հնդկաձավար, հերկուլես, հաճար, ոսպ, ոլոռ․ ինչ-որ կա փոքր չափաբաժնով պատրաստել ու թարմ վիճակով տալ երեխաներին»։

 Մանկական կերերի հարցն անհանգստացնում է նաև ուղեփակոցից այն կողմ ապրող մայրիկներին։ Ստելլա Ավագյանը Երևանից է, երկու երեխայի մայր է, փոքրիկ տղան կաթնախառնուրդով է սնվում։ Երբ մտածում եմ, որ Արցախում փոքրիկները սննդի կարիք ունեն, որը ոչ մի կերպ չի լրացվում, լիարժեք պատկերցնում եմ նրանց մայրիկների վիճակը՝ ասում է զրուցակիցս։ 

«Ես և ընկերուհիս՝ Սաիդան, որոշեցինք ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց փոքր ակցիա  կազմակերպել, որին մասնակցել են մոտ 20 հոգի։ Ունեինք նախապես գրված նամակ, որը փոխանցեցինք ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչին։ Նամակում նշել էինք, որ եթե շրջափակումը շարունակվի, այն մայրիկները, որոնք իրենց բալիկներին կերակրում են արհեստական կաթով, փաստի առաջ են կանգնելու և այդ բալիկների կյանքը վտանգված է լինելու։ Ի՞նչ կլինի, եթե կաթնախառնուրդը սպառվի, չեմ էլ ուզում պատկերացնել, բայց արդեն հասկանալի է»։ 

Դեղատներում սպառվում են մանկական կերերը, փոխարինման միջոցները քիչ են ու ժամանակավոր։ Արցախում  Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի բացմանը 30 000 երեխա է սպասում:     

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ