Նոյեմբերի 22, 2024

Մակարոնեղենի միակ արտադրամասը դեռ գործում է

By Անի Աբաղյան Հունվարի 17, 2023

Արցախի շրջափակումը խնդիրներ է ստեղծել նաև մակարոնեղենի միակ տեղական արտադրամասի բնականոն աշխատանքում։ Հումքը՝ հատկապես ալյուրը, ներկրվում էր Հայաստանի Հանրապետությունից, ու հիմա հաշված օրերի հումք ունի արտադրամասը։ «Camellia plus» մակարոնեղենի արտադրամասի հիմնադիր Նանե Միքայելյանի խոսքով՝ որոշել են աշխատանքը շարունակել տեղական ալյուրով։

«Մինչ շրջափակումը մենք պահեստավորել էինք քիչ քանակությամբ ալյուր՝ սովորական ընթացքով աշխատելու համար։ Մտածում էինք՝ նորից կներկրենք, բայց այնպես ստացվեց, որ ճանապարհը փակվեց, ու հիմա մենք ալյուրի խնդիր ունենք։ Պետք է փորձենք տեղական ալյուրով աշխատել․ որակի ու համի լավ լինելը չենք կարող երաշխավորել, բայց ավելի լավ է այդպես լինի, քան ընդհանրապես չլինի»։

Այժմ «Camellia plus» տեսակի մակարոնեղենի վաճառքը դադարեցված է, այն վերսկսելու է կտրոնային համակարգով գնումների գործընթացը սկսելուն զուգահեռ։ Ներկրված ալյուրի պակասից բացի, արտադրամասի աշխատանքը խախտվում է նաև էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների պատճառով։ Եթե մինչ անջատումները արտադրամասը 400-500 կգ արտադրանք էր տալիս, այս օրերին մոտ 100-200 կգ՝ ասում է Միքայելյանը։

«Մենք հիմա ունենք լրացուցիչ խնդիրներ էլեկտրաէներգիայի անջատման հետ կապված, բայց կարծում եմ՝ մոտ ապագայում կլուծենք այդ խնդիրը, որպեսզի կարողանանք աշխատել ուժերի ներածին չափով»։

Էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով մինչ այսօր մոտ 300 կգ հումք ու արտադրանք է փչացել։ Ընկերության հիմնադիր տնօրենը համոզված է, որ այսպես շարունակվելու դեպքում կորուստի չափը գնալով կաճի։ Օրինակ՝ չորանոցները, որ պետք է շուրջօրյա ռեժիմով աշխատեն, այժմ օրական  4 ժամ չեն գործում։Արտադրամասը դժվարությունների է հանդիպել դեռ բացվելուց անմիջապես հետո։  2020թ. օգոստոսին է բացվել։ Մեկ ամիս անց, պատերազմը սկսվելուն պես, արտադրամասը ստիպված էր փակվել։ Պատերազմից հետո Նանե Մելքումյանն իր մեջ ուժ գտավ՝ վերսկսելու կիսատ թողած գործը։

«Ճիշտն ասած, ապրանքների իրացումը սկզբնական շրջանում դժվար էր, որովհետև բնակիչներին օգնության տեսքով տրամադրվում էր, բայց մենք, պայմանավորվելով խանութների սեփականատերերի հետ, մեր արտադրանքը մատակարարեցինք մեծածախ առևտրի կենտրոններ, շրջաններ՝ Մարտունի, Մարտակերտ, Ասկերան ու մի քանի այլ խանութներ»։

Նանե Միքայելյանը  առանձնացնում է ևս մեկ խնդիր, որը շրջափակման հետ կապ չունի։ Տեղացիները խուսափում են տեղական արտադրանք գնելուց ու գերադասում  են ներկրած ապրանքները։ Փոխարենը «Camellia plus» տեսակի մակարոնեղենը արտահանվում է Մոսկվա և Ճապոնիա։ Որպես փորձանմուշ ուղարկվել է նաև Միացյալ Նահանգներ ու Ավստրալիա։

«Այսօր մենք արտադրում ենք արդեն 16 տեսակի մակարոն ու նաև թաթար բորակի։ Փաթեթավորում ենք 400 կգ, 600 կգ և 800 կգ տուփեր»։

2021 թվականին «Camellia plus» մակարոնեղենի արտադրամասը մասնակցել է հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կազմակերպած մրցույթին՝ հաղթել՝ շահելով  12 մլն դրամ, ձեռք բերել ժամանակակից հաստոցներ ու չորանոցներ։ Այժմ Նանե Միքայելյանը Վլադիմիր Գասպարյանի հետ համատեղ է ղեկավարում արտադրամասը։ Այս օրերին նրանց գերխնդիրը, ուժերը կենտրոնացնելով, արտադրամասը առկա  սուղ պայմաններում աշխատեցնելն է։

Artsakh Public Radio
Last modified on Հինգշաբթի, 19 Հունվարի 2023 07:44
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ