Նոյեմբերի 21, 2024

Գնագոյացման վերահսկման նոր մեխանիզմները ուժի մեջ մտան

By Սրբուհի Վանյան Մարտի 10, 2023

ԱՀ պետական եկամուտների կոմիտեի, պետական տեսչությունների կառավարման կոմիտեի ու հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի կողմից մարտի 9-ին կազմակերպվել էր համատեղ սեմինար, որի ընթացքում  ապրանքաշրջանառության  հատուկ կարգի  վերահսկման  գործընթացին մասնակից աշխատակիցներն իրազեկվել են ԱՀ կառավարության համապատասխան որոշման դրույթների մանրամասներին։ Տնտեսվարողները մինչև ապրանքի իրացման գործընթացի կազմակերպումը պետք է համապատասխանեցնեն դրանց գինը Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի հետ։ Գնագոյացումը վերահսկելու մեխանիզմներ պետք են, և միջոցառումներ պետությունը ձեռնարկում է։ Բայց ինչպե՞ս են դրանք աշխատելու գործնականում։ Այդ հարցը սեմինարի ընթացքում հանձաժողովի նախագահի տեղակալ Սերգեյ Գրիգորյանն է քննարկել  մասնակիցների հետ։

Սա իրենից ենթադրում է , որ տնտեսվարողները նախապես գները համաձայնեցնում են  ՀԾՏՄԿ հանձնաժողովի հետ՝ ներկայացնելով համապատասխան հայտ առկա ապրանքների ու դրանց գների վերաբերյալ։ 24 ժամվա ընթացքում հանձնաժողովը սահմանում է դրանց առավելագույն գները և տեղեկացնելու է տնտեսվարող սուբյեկտներին՝ կազմելով համապատասխան փաստաթուղթ։ Այդ փաստաթուղթը փակցվելու է առևտրի կետում՝ տեսանելի վայրում։ Այդ ապրանքները չեն վերաբերում նախապես հանձնաժողովի կողմից սահմանված լայն սպառման ապրանքատեսակների ցանկին, որ հանձնաժողովը նախապես սահմանելու է և նախապես բաժանելու է առևտրային օբյեկտներին, ինչպես նաև ծխախոտին։ Ծխախոտի գինը լինելու է տուփի վրա նշված գինը։ Իսկ եթե ինչ-որ ապրանք չլինի այդ ցանկում, բայց տնտեսվարողը նախատեսում է իրացնել, նախօրոք դրա մասին պիտի հայտ լրացվի։ Հայտը կարող են լրացնել և՛ օնլայն, և՛ թղթային տարբերակով։ 

Ինչպես է համատեղվելու այդ կարգը կտրոնային համակարգի հետ, որ ներդրվել է կառավարության կողմից, այս մասին Սերգեյ Գրիգորյանն ասում է, որ կարգը կտրոնային համակարգով իրացվող ապրանքների վրա չի տարածվում։

Սա առանձին խնդիր է, որի կարգավորմամբ հիմնադրամն է զբաղվում։ Իսկ եթե իրացման գնի վերաբերյալ խախտում է կատարվում, դիտանցում կատարվող անձանց կողմից այն արձանագրվում է և ուղարկվում համապատասխան մարմիններին, որոնք էլ համապատասխան ընթացակարգերից հետո պատասխանատվության են ենթարկում։ Երկրորդ  խախտման դեպքում կկասեցվի նրա գործունեությունը։ 

Ստացվում է՝ իրացնող տնտեսվարողն իրավունք չի ունենա այդ ցանկից դուրս ապրանք ձեռքբերել ու իրացնել, և որպեսզի խնդիրներից հնարավորինս խուսափեն, հանձնաժողովը հնարավորինս լայն սպառման ապրանքների մեծ ցանկ է կազմելու․ այս ընթացքում ուսումնասիրություններ են կատարվել  պահանջարկ ունեցող ապրանքների վերաբերյալ և կարգը մշակելիս, Սերգեյ Գրիգորյանի խոսքով, հիմք են ընդունվել նաև այդ  ուսումնասիրությունները։Որպեսզի հնարավոր լինի համակարգել այդ աշխատանքները, ստեղծվել է երկու օնլայն հարթակ՝ հայտերը գրանցելու և հարցերը քննարկելու նպատակով, իսկ ովքեր նման հարթակից օգտվելու հնարավորություն չունեն, կարող են լրացնել հայտերը թղթային տարբերակով։Պետեկամուտների կոմիտեի վարչարարության ընթացակարգերի և իրավական ապահովման վարչության պետ Տիգրան Առստամյանը ներկայացրեց առևտրային օբյեկտներում շրջայցերի իրականացման կարգը, Ստեփանակերտ քաղաքի առևտրային օբյեկտներում ըստ վերահսկող մարմինների շրջայցի իրականացման գոտիները, տնտեսվարողների մոտ խախտում հայտնաբերելու դեպքում արձանագրության կազման ընթացակարգը։

Ըստ որոշման՝ հարկային մարմնի կողմից է շրջայցեր իրականացվելու շրջկենտրոններում։ Համայնքներում՝  վարչակազմերի ու համայնքի ղեկավարների կողմից։ Ստեփանակերտը բաժանվել է 3 գոտիների, ըստ դրանց էլ 3 մարմին վերահսկողություն է իրականացնելու․ աշխատանքային օրերին ամենօրյա ռեժիմով, ոչ աշխատանքային օրերին՝  հերթապահության սկզբունքով։

Եթե հանրապետության տարածքում իրականացվող շրջայցերի ժամանակ արձանագրվում է դեպք, երբ վաճառքն իրականացվում է այնպիսի անձի կողմից, որը հարկային մարմնում հաշվառված չէ, ապա կազմվում է արձանագրություն, որն ուղարկվում է պետեկամուտների կոմիտե, որն էլ իր իրավասությունների սահմանում իրականացնում է ապօրինի ձեռնարկատիրական գործունեության ստուգում և համապատասխան ընթացակարգերի կիրառում։

Արցախի հանրային ռադիո
Last modified on Ուրբաթ, 10 Մարտի 2023 15:22
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ