Արցախը կանգնած է ժողովրդագրական աղետի առաջ. դա են վկայում վերջին շրջանում տարբեր միջազգային ու տեղական կազմակերպությունների կողմից իրականացված ուսումնասիրություններն ու վերլուծությունները: Դրան նպաստել են տասնամյակներ շարունակվող սոցիալ-տնտեսական ճգնաժամը, պատերազմները, որոնք ծնելիության անկման ու արտագաղթի հիմնական պատճառներն են եղել: Ժողովրդագրական ցուցանիշների անկումը լուրջ խնդիրներ է ստեղծում նաև մյուս բոլոր ոլորտներում: Պաշտպանության և անվտանգության ոլորտը առաջնայինն է: «Արցախի ժողովրդագրական մարտահրավերները պաշտպանական հնարավորությունների համատեքստում». վերջերս ժողովրդագրության խնդիրներին նվիրված համաժողովի շրջանակներում քննարկված հարցերից մեկը նվիրված էր այս թեմային: Զրուցել ենք ԵՊՀ դասախոս, սոցիոլոգ Արմեն Խաչիկյանի հետ, ով հիմնականում զբաղվում է ռազմական սոցիոլոգիայով և ժողովրդագրական խնդիրներով:
«Մենք գիտակցում ենք, որ Արցախը տարիներ շարունակ ունեցել է հստակ ռազմական մարդկային ռեսուրս, որը, պատերազմով պայմանավորված, փոխվել է»:
Ըստ Արմեն Խաչիկյանի՝ 2021 թվականի պատերազմով երկու կարևոր իրողություն արձանագրվեց:
«Նոյեմբերի 9-ի համաձայնագրով, փաստորեն, արձանագրվել է, որ մինչև 5 տարին այլևս ՀՀ-ից պարտադիր ժամկետային զինծառայության հնարավորությունն է, ըստ էության, կասեցվել. մենք գիտենք, որ այլևս ժամկետային զինծառայողներ Հայաստանից դեպի Արցախ մուտք չեն գործում, ինչը էական ռիսկեր է առաջացնում Արցախի պաշտպանական հնարավորությունների և անվտանգության ընդհանուր միջավայրի համար: Մյուս կարևոր խնդիրն այն է, որ սահմանագծի փոփոխության պայմաններում ունենք նախկինի համեմատ կրկնակի մեծ սահմանագիծ: Եվ ըստ երեւույթին ունենք խնդիր՝ այդ պաշտպանական շրջանների սպայական-մարդկային ռեսուրսը, ռազմական անձնակազմը վերաբաշխելու, վերատեղավորելու»:
Այս առումով կարևոր է հասկանալ՝ ինչպես ենք պատկերացնում Արցախի անվտանգության ապահովումը առաջիկա չորս տարում և դրանից հետո: Նրա կարծիքով՝ պետք է հաշվի առնել ռուսական խաղաղապահ զորակազմի առկայության հանգամանքը, բայց հիմնվել պետք է բացառապես սեփական ռազմական հնարավորությունների վրա: Լուծումը Արմեն Խաչիկյանը տեսնում է ռազմական գործի գրավչությունը բարձրացնելու մեջ: Եվ այդ գրավչությունը պետք է արտահայտվի ոչ միայն բարձր աշխատավարձերի, այլև սոցիալական երաշխիքների տեսքով:
«Ակնհայտ է դառնում, որ մենք պետք է կարողանանք պայմանագրային զինվորական ծառայությունը դարձնել ավելի գրավիչ: Ընդ որում, ոչ միայն տղամարդկանց շրջանում, այլև կանանց՝ որոշակի ռազմական մասնագիտությունների գծով: Այդ գրավչությունը պայմանավորված պետք է լինի ոչ միայն բարձր աշխատավարձերով, այլև սոցիալական երաշխիքներով»:
Մեր զրուցակիցն ասում է, որ ուսումնասիրել են Արցախում առկա աշխատուժի հնարավորությունները, ընդհանուր ռեսուրսները, գործազրկության մակարդակը և փաստում, որ հնարավոր է այդ ռեսուրսը ներդնել պայմանագրային զինծառայության զարգացման մեջ:
«Զարգացնելով պայմանագրային-զինվորական ծառայության նկատմամբ հետաքրքրությունը, կարող ենք ոնենալ այնպիսի իրավիճակ, որ Արցախի սահմանները հնարավոր լինի հնարավորինս պաշտպանել նաև հայկական ներկայությամբ, հայակական զինված ուժերով»:
2020 թվականի պատերազմից հետո ձևավորված սահմանագծի պաշտպանական համակարգում կարևոր է նաև նոր տեխնոլոգիաների ներդրումը. նախկին դիրքային համակարգով և ռազմական ռեսուրսներով այլևս անհնար է դարձել լիարժեք պաշտպանության կազմակերպումը:
«Մինչեւ 2020 թվականի պատերազմն առկա մեր սահմանագիծը, և դիրքերը, և ինժեներական բոլոր ապահովմամբ այլևս նույն վիճակում չեն: Կարիք ունենք ժամանակակից տեխնոլոգիաներ ներդնելով հնարավորինս ապահովել, որպեսզի քիչ մարդկային ռեսուրսներով հնարավոր լինի մեծ պաշտպանական բնագիծ պահել, ու դրա համար, այո, կան բավարար ռեսուրսներ: Շատ կարեւոր է նաեւ հանրային ընկալումը, քանի որ շատերիս մոտ անորոշության զգացումը հանգեցրել է նրան, որ հույսներս դրել ենք ռուսական խաղաղապահ զորակազմի վրա միայն: Դա իհարկե պետք է, բայց անհրաժեշտ է զարգացնել սեփական անվտանգային մեխանիզմները»:
Նրա խոսքով՝ պետք է գնալ ռազմականացման, ինքնապաշտպանական մեխանիզմները ուժեղացնելու ճանապարհով. Արցախի օրինակը ցույց է տվել, որ տնտեսական կայուն զարգացում ապահովվում է նախ և առաջ անվտանգության ամուր համակարգի պայմաններում՝ տնտեսության վրա նրա թողած մուլտիպլիկատիվ էֆեկտի շնորհիվ: