Երեկ տեղի ունեցած ԱԺ լիագումար նիստի երկրորդ հատվածում քննարկված հարցերից էր Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը։ Ֆինանսների նախարարի տեղեկացմամբ հանձնաժողովների և խմբակցությունների նիստերում պատգամավորների հնչեցրած առաջարկներն ընդունվել և ներառվել են նախագծում։ Գլխադասային հանձնաժողովի կողմից օրինագիծը նախապես արժանացել է դրական եզրակացության, բայց քանի որ օրինագիծը ներկայացվել էր բյուջեի նախագծի հետ միասին, ուստի այն քվեարկության է դրվելու դեկտեմբերի 23-ին՝ պետական բյուջեի հետ։ Լիագումար նիստի օրակարգային հարցերից մեկը «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման», «Պետական տուրքի» և «Բնապահպանական վճարների դրույքաչափերի» մասին օրենքներում փոփոխությունններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթն էր։ Այս օրինագծերի շուրջ խորհրդարանում բուռն քննարկումներ են ընթացել. այն երկար ժամանակ գտնվում էր Ազգային ժողովում և նոյեմբերի 28-ին, կանոնակարգի համաձայն, վերադարձվել էր գրավոր առաջարկների ներկայացման փուլ։ ԱՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանի խոսքով՝ նախորդ քննարկումից առ դեկտեմբերի 16-ը ստացել են ընդամենը մեկ առաջարկություն՝ բաղկացած երկու կետից: Առաջարկությունը ներկայացրել էր պատգամավոր Արեգ Ավագյանը: Այն ընդունվել և ներառվել է նախագծում։ Օրինագծերի փաթեթը ընդունվել է 27 կողմ ձայնով։ Նախագծի վերաբերյալ մտքերի փոխանակությամբ հանդես են եկել Մետաքսե Հակոբյանն ու Դավիթ Գալստյանը: Հայկ Խանումյանը լրացուցիչ պարզաբանումներ է տվել:
«Տեխզննումը հանելու դեպքերը ուսումնասիրվել են: Շատ երկրներում այն կապված է ապահովագրության հետ. տեխզննումը հանում են՝ այդ վճարը ավելացնելով ապահովագրական վճարի մեջ: Հետևաբար այդ վճարի հանումը ֆինանսական շահ չի տալիս քաղաքացուն: Երկրորդը ունի անվտանգային բաղադրիչ: Այն հնարավորություն է տալիս հստակ բազա ունենալ և վերահսկողություն իրականացնել: Սա շատ կարևոր է, հատկապես մեր պարագայում, երբ թշնամու մոտ շատ պետհամարանիշներ են մնացել: Ինչ վերաբերում է հեռավոր շրջաններին, հատկապես Մարտակերտին. մոբիլ տեխզննման կետերի տեղադրման պրակտիկա կա: Եթե պայմանները ներեն, արտոնյալ վարկավորմամբ, մասնավոր հատվածի ներգրավմամբ, կարելի է գործարկել ծրագիրը»:
Տեղական տուրքերի ու վճարների և Հանրային ծառայութունների կարգավորման պարտադիր վճարների մասին օրենքներում փոփոխություններին խորհրդարանը միաձայն կողմ է քվեարկել։ ԱԺ լիագումար նիստին օրենքների նախագծերի փաթեթ է ներկայացրել Ներքին գործերի նախարարությունը. այն ներառում է փոփոխություններ «Ոստիկանության զորքերի», «Ոստիկանությունում ծառայության», «Պաշտպանության մասին», «Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացման մասին» օրենքներում: Փաթեթը, որը ներկայացրել է ոստիկանապետ Արտեմ Հարությունյանը, միաձայն ընդունվել է առաջին ընթերցմամբ: Գլխադասային հանձնաժողովի առաջարկությամբ, երկրորդ ընթերցման համար նախատեսված գրավոր առաջարկների ժամկետը սահմանվել է մինչև դեկտեմբերի 21-ը ներառյալ։ Պատասխանելով Ոստիկանության զորքերի մասին հարցին, Արտեմ Հարությունյանն ասել է.
«Ոստիկանության զորքերը նոր կառույց է, նոր համալրում է իրականցվելու: Այն չի ստեղծվելու Ոստիկանության որևէ բազայի վրա»:
«Քաղաքացիական ծառայության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը Խորհրդարանը միաձայն է ընդունել։ ««Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը ԱԺ լիագումար նիստ էր մտել բացասական եզրակացությամբ: Օրենքի փոփոխություններին խորհրդարանում միանշանակ չէին արձագանքել. վերապահումներ կային Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամների աշխատանքի արդյունավետության վերաբերյալ՝ այն հասարակական հիմունքներով դարձնելու, եթերաժամի ծրագրային ապահովման և այլ հարցերի հետ կապված: Նախագծի հեղինակը պնդում է, որ փոփոխություններն անհրաժեշտ են:
«Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի ընդունումը պայմանվորված է հաղորդումների եթերաժամերի առկա անհամամասնությունների վերացմամբ, և ղեկավար մարմնի գործառույթների հստակեցմամբ: Նախագծով առաջարկվում է ազգային փոքրամասնությունների լեզուներով ծրագրերի ու հաղորդումների հեռարձակման՝ օրական մինչև 10 րոպե տևողությունը ավելացնել մինչև օրվա եթերաժամի 20 տոկոս: Առաջարկվում է նաև Հեռուստառադիոընկերության խորհրդի անդամների թիվը 3-ից դարձնել 5 և նրանց լիազորությունների կատարումը սահմանել հասարակական հիմունքներով: Կառավարությունից ստացել ենք երկու առաջարկ, որը ներառվել է նախագծում»:
Օրինագծի վերաբերյալ մինչ այդ կայացած խորհրդարանական քննարկումների ժամանակ դեմ դիրքորոշում ընդունած պատգամավորները մնացել են իրենց կարծիքին: Նախագիծն օրենքի ուժ է ստացել ձայների 18 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ։