Նոյեմբերի 22, 2024

Ի՞նչ խնդիրներ ունի Արցախի խոշոր համայնքներից Վանք գյուղը

By Սրբուհի Վանյան Դեկտեմբերի 18, 2021

Պատերազմից հետո Մարտակերտի շրջանի Վանք գյուղի երբեմնի աշխույժ ու զարգացող կենտրոնը տխուր է այսօր: Գյուղն էլ մի տեսակ որբացած է երևում: Մինչդեռ ընդամենը մի քանի տարի առաջ այն առանձնանում էր Արցախի բոլոր բնակավայրերից. արագ զարգացող գյուղի օրինակ էր և սովոր էինք դրսից ժամանած մեր հյուրերին տանել այնտեղ՝ նրանց մոտ հպարտանալով ոչ միայն հինավուրց պատմությամբ, բնությամբ ու զարմանահրաշ Գանձասարով, այլև ժամանակակից հյուրանոցներով, բարեկարգ ենթակառուցվածքներով, կրթական ու մշակութային օջախներով: Բարերար Լևոն Հայրապետյանի մահից հետո գյուղում հիմնադրված ձեռնարկությունները կամաց-կամաց փակվեցին, կիսատ մնաց ձիարշավարանի նախագիծը, ռազմական ուսումնարանի շենքի կառուցումը և բազմաթիվ այլ գաղափարներ, որոնք զարգացում կբերեին նախ համայնքին, ապա և երկրին: 

Զրուցելով Վանք համայնքի ներկայի ու ապագայի տեսլականի շուրջ համայնքի ղեկավար Անդրեյ Սարգսյանի հետ` մենք չէինք կարող չանդրադառնալ այս հարցին նույնպես. Ինչո՞ւ բարերարի թողած ժառանգությանը տեր չի կանգնում պետությունը, չի շարունակում նրա կիսատ թողած գործը: Պարզվում է՝ բարդ հարց է. Մի կողմից համայնքը ռեսուրս չունի, մյուս կողմից լիազորություն՝ այդ աշխատանքները կատարելու համար: Սեփականությունը մասնավոր է: 

Գյուղն այսօր Արցախի մյուս համայնքներից գրեթե ոչնչով չի տարբերվում. նույնն են նաև հոգսերը, որ ծանրացել են համայնքի վրա պատերազմից հետո: Դրանց փորձում են դիմակայել ընդհանուր ուժերով: Պատերազմից հետո գյուղը համալրվել է 42 ընտանիքով: Համայնքապետարանը կարողացել է նրանց ապահովել կացարաններով, նրանք էլ հարմարվում են գյուղի առօրյային ու նոր միջավայրին: Խորհրդային տարիներին գյուղը եղել է արհեստավորների գյուղ և գյուղատնտեսական ցուցանիշներով առանձնապես աչքի չի ընկել:

Պատերազմից հետո իրավիճակն ավելի է սրվել. Արոտավայրերի ու գյուղատնտեսական նշանակության հողերի մի մասն այսօր թշնամու տիրապետության տակ է: 

0Բնակչությունը հիմնականում աշխատում է բյուջետային հիմնարկներում. Համայնքը փոքր չէ և այնտեղ գործում են համայնքպետարան, դպրոց, մանկապարտեզ, տեղամասային հիվանդանոց, արվեստի դպրոց: Տղամարդկանց մեծ մասը պայմանագրային հիմունքներով զինվորական ծառայության են: Հողագործությունն ու անասնապահությունը առավելապես սեփական կարիքները հոգալուն ուղղված զբաղմունք են, և ոչ եկամտի աղբյուր: Մինչ պատերազմը համայնքում ակտիվ զարգանում էր մեղվաբուծությունն ու զբոսաշրջությունը. Այստեղ այդ ճյուղերի համար իդեալական պայմաններ կային: Ցավոք, տարածքները կորցնելուն զուգահեռ շատերը կորցրեցին նաև իրենց եկամտի աղբյուրը: 

Շուրջօրյա ջուր, ենթակառուցվածքներ գյուղն ունի: Խնդիրը գյուղամիջյան ճանապարհներն են. նախատեսվում է բարեկարգել պետական բյուջեի միջոցներով: Երիտասարդացող, աճող համայնք է Վանքը. 245 աշակերտ ունի դպրոցը, ևս 80 երեխա մանկապարտեզ են հաճախում: Արվեստի դպրոցը, 120-ից ավելի սան ունի: Հիվանդանոցը սպասարկում է Խաչենի ձորակի 8 համայնքի բնակիչներին: Ափսոսանքով ու երանությամբ են համայնքի բնակիչները հիշում Լևոն Գուրգենիչի ժամանակները: Նրանք վստահ են, որ Վանքը վերականգնելու է երբեմնի փառքը և հավատում են, որ այդ օրը հեռու չէ:

Artsakh Public Radio
Last modified on Շաբաթ, 18 Դեկտեմբերի 2021 17:30
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ