Արցախի առողջապահության ոլորտը շրջափակումից ամենաշատ տուժածներից է։ Խնդիրներն ավելի ակնառու են շրջաններում։ Ինչպե՞ս են կարողանում համակարգել աշխատանքներն, ի՞նչ խնդիրների են բախվում և ինչպե՞ս են գտնում լուծման տարբերակներ։
Եթե Ստեփանակերտում համապատասխան բուժհաստատություն հասնելու համար գոնե ոտքով հասնել հնարավոր է, ապա՝ պատկերն այլ է շրջաններում։ Վառելիքի սղության պատճառով տևական ժամանակ է դադարեցված է ներշրջանային երթուղիներիի հոսքը։ Ինչը խնդիրներ է առաջացնում հատկապես այն մարդկանց համար, ովքեր պարտադիր բուժզննում կամ բուժօնություն պետք է ստանան մայրաքաղաքում։ Մարդիկ ստիպված դիմում են շրջկենտրոնների բուժհաստատություններ։ Չնայած վերջին շրջանում գրեթե անհնար է լինում գյուղից հասնել շրջկենտրոն։ Մարտակերտի շրջանում առողջապահական համակարգի աշխատանքները արդյունավետ կազմակերպելու համար այլընտանքային տարբերակներ են մշակել։ Երբեմն բուժումն իրականացնում են հեռավար եղանակով, ասում է Մարտակերտի շրջանային բուժմիավորման գործադիր տնօրեն, գլխավոր բժիշկ Գագիկ Օհանյանը։
«Համայնքային կանչեր և պլանային այցելություններ չենք կատարում։ Աշխատում ենք հեռավար կատարել բուժզննումն ու բուժօնությունը։ Գրեթե յուրաքանչյուր համայնքում բուժկետներ ունենք և համապատասխանաբար բուժքույրերի օգնությամբ կատարում ենք հիվանդների սպասարկում։ Սկզբնական շրջանում բողոքներ կային, կապված շտապ օգնության կանչերի հետ» ։
Ստեփանակերտում պարտադիր բուժում ստացող հիվանդերի տեղափոխման համար ևս տարբերակներ են մտածվել։ Արդեն եղել են նման դեպքեր, երբ բուժառույին տեղափոխել են մայրաքաղաք։ Գագիկ Օհանյանի խոսքով՝ անցյալ շաբաթ այդպիսի 6 դեպք է գրանցվել։
«Մեր տեղեկանքի հիման վրա համայնքի ղեկավարը, կամ շրջվարչակազմի ղեկավարը տրամադրում է վառելիք կամ մեքենա, որպեսզի հիվանդը հասնի Ստեփանակերտ, անցնի համապատասխան բուժզննումը և վերադառնա»։
«Արևիկ» մանկական բուժմիավորման ատամնաբույժին սպասող Մարինե Բաբայանը, որդու հետ հենց Մարտակերտից էր եկել։ Ասում է՝ շրջափակման առաջացրած դժվարությունները մինչև այս պահը կարողացել են հաղթահարել, միայն երեխայի առողջական խնդիրներից է նեղվում։ Երեխան ատամնաշարի հետ կապված խնդիր ունի, ինչը անհետաձգելի բուժում է պահանջում։ Սեփական միջոցներով, մի կերպ հասել են Ստեփանակերտ։ Խնդիրը ոչ միայն փոխադրամիջոցն է։
«Համապատասխան մասնագետներ չկան, ստիպված գալիս ենք Ստեփանակերտ։ Այստեղ հասնելու համար տրանսպորտի խնդրից զատ նաև կեցության խնդիր կա, երկարատև բուժում են նշանակել երեխային։ Հիմնականում հիվանդանոցի հետ կապված խնդիրները կարող են շրջանից մեզ հասցնել այստեղ։ Մնացած խնդիրները հաղթահարելի են»։
Մարտակերտի շրջանային հիվանդանոցն ունի համապատասխան մասնագետների պակաս, մեզ հետ զրույցում հաստատեց գլխավոր բժիշկ Գագիկ Օհանյանը։ Խնդիրը եղել է նաև պատերազմից առաջ։ Ինչպես են կարողանում բացը լրացնել, Գագիկ Օհանյանն է մանրամասնում ։
«Նեղ մասնագետների խնդիրը կա, միշտ էլ եղել է։ Գյուղեր կան, որ մանկաբույժ ու թերապևտ չկա։ Բացը փորձում ենք լրացնել՝ հեռավար կապ պահելով Երևանի բժիշկների հետ։ Օրինակ, մենք ռենտգենի պատասխանն ուղարկում ենք իրենք նշանակում են բուժումը։ Գյուղի բժիշկը, որ մի 6 տարի այդ պայմաններում աշխատում է, արդեն սովորում է»։
Մարտակերտում այս պահին խնդիր է նաև դեղերի պակասը, ասում է Գագիկ Օհանյանը։ Դեղատներում սպառվել են առաջին անհրաշժեշտության դեղամիջոցները։ Գլխավոր բժշկի խոսքով՝ խնդիրների շարքը սրանով չի սահմանափակվում։
«Եթե այսպես շարունակվի ՝ կսպառվի նաև եղած դեղերի քանակը։ Մարդկանց ձեռքին գումար կա, բայց քանի որ դեղատներում դեղ չկա, ստիպված դիմում են հիվանդանոց ։ Նաև խնդիր է, լաբորատոր հետազոտությունների իրականմացումը։ Լաբորատոր հետազոտությունների համար ռեակտիվները լաբորատոր սարքավորումների համար քչանում են։ Հիմա միայն շտապ հետազոտություների համար ենք լաբորատորիան օգտագործում։ Դիզվառելիքը խնայելու համար, ընտրում ենք հատուկ ժամ, երբ լույս ենք ունենում, այդ ժամանակ կազմակերպում լաբորատոր հետազոտություններ»։
Խնդիրները նույնն են նաև Մարտունու շրջանում։ Գերծանրաբեռնված գրաֆիկով է աշխատում շրջկենտրոնի հիվանդանոցը։ Ինչպես են կարողանում համակարգել աշխատանքը հիվանդանոցի մանկաբույժ Գոհար Դադայանն է մանրամասնում ։
«Ավելացել են շտապ օգնության կանչերը։ Այն կապված է վառելիքի պակասի հետ։ Եթե մինչ այս մարդիկ իրենց մեքենաներով էին բերում հիվանդին, հիմա արդեն դիմում են մեզ։ Կան համայնքներ, որտեղ կան շտապ օգնության մեքենաներ և իրենք են կազմակերպում հիվանդների տեղափոխումը, իսկ որտեղ էլ, որ չկա, տեղամասային բուժքույրը առաջին օգնությունը ցուցաբերում է, անհրաժեշտության դեպքում հասցնում են Ստեփանակերտ»։
Իրավիճակը մեղմելու համար Մարտունու հիվանդանոցը պայմանավորվածություն է ձեռք բերել, համաձայն որի՝ ամեն առավոտ Մարտունի–Ննգի–Ստեփանակերտ և Մարտունի–Ճարտար–Կարմիր Շուկա ուղղություններով հիվանդներին համապատասխան ուղեգրերով տեղափոխում են Ստեփանակերտի բուժհիմնարկներ, բուժզննությունից հետո՝ վերադարձնում։