Այսօր՝ օգոստոսի 12-ին, ԿԽՄԿ միջնորդությամբ և ուղեկցությամբ 10 բուժառու ուղեկցողների հետ միասին, տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը:
«Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 9 բուժառուի՝ ուղեկցողների հետ միասին, որոնք ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար։ Ադրբեջանական կողմը շարունակաբար արգելում է Կարմիր խաչի մեքենաներով խիստ անհրաժեշտ դեղորայքի և բժշկական պարագաների մատակարարումը Արցախ, իսկ բազմաթիվ բուժառուներ դեռևս սպասում են իրենց տեղափոխությանը Հայաստանի Հանրապետություն և Արցախ վերադարձին»,-ասվում է հաղորդագրությունում:
Առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ «Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 26 երեխա, 7-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:
«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 82 բուժառու, իսկ 6-ը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ ծանր վիճակում։