Արցախում չլծուված հարցեր շատ կան։ Վերջին շրջանում շարքը գլխավորել է հացի սղությունը, ինչը պատճառ է հացի փռերի դիմաց ձգվող երկար հերթերի։ Վերջին օրերին Ստեփանակերտում քիչ փռեր են աշխատում, ինչն ավելի է բարդացնում իրավիճակը։ Մարդիկ քաղաքի մի ծայրից մյուսն են գնում գոնե մեկ հաց գտնելու ակնկալիքով։ Վահան Տերյան փողոցում գտնվող, պատերազմից հետո վերաբացված «Տաք հաց» փուռն այս օրերին աշխատում է ուժերի գերլարումով։ Փռի հիմնադրման պատմությանը և առկա մարտահրավերներին ծանոթացել է Մարգարիտա Ղուշունցը։
Մխիթարյան ընտանիքի «Տաք հաց» փռի դիմաց ենք, այս անգամ հացի հերթի համար չենք այստեղ։ Մեզ այստեղ է բերել Մխիթարյանների ընտանիքի բարեհամբույր ու համբերատար վերաբերմունքը՝ ոչ միշտ նույն վերաբերմունքն ունեցող հաճախորդների նկատմամբ։ Ընտանիքը 2016-ին Ստեփանակերտից տեղափոխվել է Շուշի, տուն գնել, բիզնես հիմադրել։ Իրենց կյանքն ու երեխաների ապագան միայն Շուշիիում պատկերացնող ծնողներին նորից Ստեփանակերտ է բերել 2020 թվականի պատերազմը։ Վերջին անգամ Շուշիում եղել են հենց սեպտեմբերի 27-ին, ասում է Գայանե Մխիթարյանը.
«Թեկուզ գնացել էինք Սիսիան, միևնույն է ուշք ու միտքս Արցախում էր: Հենց կռիվն ավարտվեց, ամուսինս տուն գտավ վարձով, որ մենք էլ օր առաջ վերադառնանք»։
Վարձակալած տան հետ եկավ նաև նոր բիզնեսի գաղափարը, ասում է տան տիկինը։ Աշխատավոր ամուսինները, երկար անգործ մնալ չէին կարող։
«Շուրջ 6 ամիս աշխատանք չունեինք, սակայն այդպես շարունակվել չէր կարող։ Քանի որ այս տան բակում հացի փուռ կա, և նախկինում այն օգտագործում էին, մենք էլ մտածեցինք վերագործարկել։ Մեկ օրվա ընթացքում ես ու ամուսինս գնացինք Երևան` համապատասխան տեխնիկան ու հումքը բերելու։ Մենք միշտ իրար հետ խորհրդակցելով, թև-թիկունք կանգնած ենք։ Դժվարությունները շատ էին, բայց կարողացանք հաղթահարել։ Ժամանակի հետ մեծացրինք նաև աշխատանքի ծավալները, քանի որ պահանջարկը կար, հետո արդեն` միայն մեր ընտանքիով չէինք հասցնում պահանջարկը բավարարել ու ներգրավեցինք նաև այլ մարդկանց»։
Աշխատողներին ընտրելիս նախապատվությունը տալիս են տեղահանվածներին։ Մեր բախտակից ընկերներն են, ասում է Գայանեն։ Այս պահին փռում, բացի իրենցից, վեց աշխատող էլ կա։ Հրաշք թիմ ունեն՝ ասում է: «Տաք հաց» փռի դիմաց հացի համար հերթեր կային մինչև շրջափակումն էլ, պատճառը՝ հացի անսովոր բույրն ու նույնքան անսովոր համն է:
«Քանի որ մենք այս գործն ընտանիքով ենք անում, նույնիսկ մեր երկու անչափահաս աղջիկն են ձգտում` մեզ հնարարվորություններ ու կարողությունների չափով օգնել, մենք չենք դիտարկում այն, որպես միայն եկամտի աղբյուր։ Սա մեր սիրելի զբաղմունքն է։ Սեր ու հոգի ենք դնում այս գործում։ Դրա համար էլ մարդիկ միշտ ասում են՝ ձեր հացը շատ համով է»։
Մխիթարյաններն այս օրերին օրական միջինը թխում են 1400-1500 հաց։ Մինչև շրջափակումն ավելի շատ հաց էին կարողանում թխել։ Հիմա խանգարող հանգամանքները շատ են։ Մեղքի բաժինը մեծամասամբ էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներինն է՝ կես կատակ կես լուրջ ասում է Գայանեն։
«Շատ դժվար է հիմա մեզ համար, մարդիկ երկար հերթեր են կանգնում, ինչքան շատ ենք հաց թխում, այնքան շատ են պահանջում, բայց չենք հասցնում։ Խնդիր է նաև տրանսպորտը, չենք կարողանում խանութներին հաց մատակարարել, որ այսքան հերթեր չառաջանան։ Ունենք նաև ջրի խնդիր, ժամով է գալիս, չգիտենք՝ ե՞րբ հավաքենք, ինչքա՞ն, որ հերիքի»։
Հացի ոչ բոլոր փռերն են վերջին օրերին աշխատում Ստեփանակերտում, ինչի պատճառով անհավանական մեծ հերթեր են գոյացել նաև իրենց փռի դիմաց։ Փորձում են հերթերը համակարգել ցուցակագրելով, լինում են նաև դժգոհություններ, բայց փորձում են կարգավորել իրավիճակն ու մինչև առավոտ հերթափոխով աշխատել, որ ոչ ոք առանց հաց տուն չգնա։ Գայանեի խոսքով՝ 2021 թվականից սկսած, երբ վերագործարկել են փուռը, մինչև այսօր միայն մեկ օր չեն աշխատել։ Իրենք իրենց արձակուրդ են տվել։ Հիմա չեն կարողանում, ոչ ազատ օր վերցնել, ոչ էլ` զբաղվել առօրյա այլ հոգսերով։ Այնինչ` պետք է հերթ կանգնել. մսի, բանջարեղենի, հագուստի, գրենական պիտույքի համար։ Թե ինչպես պիտի լուծի նաև այդ խնդիրները, Գայանեն չգիտի։ Մի բան լավ գիտի՝ խաղաղության դեպքում, բոլոր խնդիրները հաղթահարելի են։