Նոյեմբերի 22, 2024

Բյուջե 2022-ն ընդունվեց. 11 պատգամավոր օրենքին դեմ քվեարկեց

By Սրբուհի Վանյան Դեկտեմբերի 23, 2021
Բյուջե 2022-ն ընդունվեց. 11 պատգամավոր օրենքին դեմ քվեարկեց NKR NA

Տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի նախագծի վերջնական տարբերակը ներկայացրեց ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը, ով իրազեկել է, որ պատգամավորական խմբակցությունների և առանձին պատգամավորների կողմից Բյուջեի-22 վերաբերյալ ներկայացվել է 101 առաջարկ, որից 34-ը՝ առաջին ընթերցումից հետո: Բյուջեի լրամշակված տարբերակում ներառվել են այն խորհրդարանական առաջարկությունները, որոնք կառավարության կողմից դրական եզրակացություն են ստացել: Նախարարը թվարկել է նաև այն ծախսերը, որոնք ներառվել են Բյուջեի լրամշակված տարբերակում: Արդյունքում՝

«2022թ. Պետբյուջեի լրամշակված տարբերակի պատկերը հետևյալն է. եկամուտների մասով՝ 184 մլրդ 300 մլն դրամ, որից միջպետական վարկի գումարը 144 մլրդ դրամ է, սեփական եկամուտները՝ 40,3 մլրդ դրամ: Ծախսերը՝ 215 մլրդ 781 մլն դրամ: Դեֆիցիտը կազմում է 31 մլրդ 481 մլն դրամ»:

Ելույթներով հանդես են եկել խմբակցությունների ներկայացուցիչները: ԱԺԿ անդամ Գեղամ Ստեփանյանը խոսեց փաստաթղթի՝ իր  համար ընդունելի և ոչ ընդունելի կետերի մասին: Բյուջեի ծախսային մասն ընդգրկուն է, և ԱԺԿ-ն մտավախություններ ունի, որ ռեսուրսները չեն բավականացնի, իսկ սոցիալական ծրագրերին հատկացումների աճը խնդիրներ կստեղծի աշխատաշուկայում: Կրթության, սոցիալական, առողջապահության ոլորտում մի շարք ծրագրերի նպատակահարմարության նկատմամբ ևս կասկածներ ունեն: ԱԺԿ-ն բյուջեի նախագծին քվեարկել է ազատ ռեժիմով:

«Հայ հեղափոխական դաշնակցության» դիրքորոշումը ներկայցրել է Արթուր Մոսիյանը: Դաշնակցությունը ուշադրություն է հրավիրում երկրի առաջ ծառացած ներքին և արտաքին մարտահրավերների վրա և դժգոհ է անվտանգության և պաշտպանության, արտաքին քաղաքականության, սոցիալական, հումանիտար աղետի վերացման և այլ ոլորտների  համար կառավարության ֆինանասական պլանավորումից: «Հայ հեղափոխական դաշնակցությունը» օրինագծին դեմ է քվեարկել: «Արդարություն» խմբակցության տեսակետը ներկայացրել է Մետաքսե Հակոբյանը: Նրա խոսքով՝ այսօր Արցախում կառավարման խորը խնդիր կա: Եվ դա է նաև պատճառը, որ ընդդիմության շատ առաջարկներ, որ կարող էին առավել արդյունավետ և նպատակային բյուջե ապահովել, մերժվել են: «Արդարություն»  խմբակցության պատգամավորները նույնպես  ազատ են քվեարկել 2022 թվականի բյուջեի նախագծին:

«Միասնական հայրենիք»  խմբակցության անունից ելույթ է ունեցել Գագիկ Բաղունցը: Երկրի զարգացման հիմնարար սկզբունքների մշակումը նա համարում է անհետաձգելի խնդիր: Նա կրթության և գիտության ոլորտին հատուկ ուշադրություն է հրավիրում. տեղեկատվական տեխնոլոգիաներն ու  էներգետիկան այն հիմնական ուղղություններն են, որոնք տնտեսության զարգացման հիմք պիտի դառնան: «Միասնական հայրենիք» խմբակցությունը քաղաքական որոշում է ընդունել կողմ չքվեարկել 2022 թվականի Պետական բյուջեի օրինագծին: «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» դաշինքի միասնական դիրքորոշումը ներկայացրել է Արթուր Հարությունյանը: Նրա խոսքով՝ 2022 թվականի պետբյուջեի նախագիծը համապատասխանում է նախագահի նախընտրական ծրագրի ու  կառավարության գործունեության 2020-2025թթ․ ծրագրին և ուղղված է հետպատերազմյա Արցախի վերականգնմանը: Դաշինքը գալիք տարվա բյուջեին կողմ է քվեարկել: Նախագահ Արայիկ Հարությունյանը Ազգային ժողովում հանդես է եկել եզրափակիչ ելույթով:

«Գիտեք, թե ինչ վիճակում ենք թևակոխել 2021 թվական՝ քայքայված տնտեսություն, ենթակառուցվածքներ, հոսանքազրկված բնակավայրեր, գազամատակարարման խափանումներ, կապի կայանների անսարք վիճակներ, ավելի քան 8000 վնասված օբյեկտներ, 70 հազարից ավել հանրապետությունից արտագաղթած քաղաքացիներ»:

Այս մեկ տարվա կարևորագույն ձեռքբերումը նախագահը համարում է այն, որ Արցախում հարաբերական կայունություն է, փորձում են վերականգնել տնտեսությունը, վերացնել պատերազմի հետևանքները: Նախագահը ներկայացրել է այն կարևորը, ինչ արվել է անցնող տարում:

«Ամենակարևորը՝ հաջողվել է շարունակել մեր երկրի կյանքը ԱՀ մայր օրենքով: Մենք կորցրել ենք մեր հայրենիքի մեծ մասը, բայց ոչ մեր ինքնորոշումը, անկախությունը: Այսօր այս Սահմանդրությանը համապատասխան ենք գտնվում այստեղ, քննարկում  Բյուջեն: Անց ենք կացրել ՏԻՄ ընտրություններ, ինչը շատ կարևոր է այս իրավիճակում»:

Լիագումար նիստի օրակարգում էին նաև մի շարք այլ օրինագծեր՝ ինչպես «Պաշտոնատար անձանց վարձատրության»,  «Հարկային ծառայության»,  «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին»  օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին  օրենքների նախագծերը, «Ոստիկանության զորքերի մասին» օրենքների նախագծերի փաթեթը /երկրորդ ընթերցում/ և այլն։ Դրանք նույնպես  օրենքի տեսք են ստացել: Պատգամավորական հայտարարությունների համար գրանցված միակ թեկնածուն Արամ Գրիգորյանն էր: Նա ընդգծեց, որ սոցիալական ծրագրերի առումով 2022 թվականի բյուջեն աննախադեպ է: Սոցիալական և առողջապահական ծրագրերի կրկնապատկումը պահանջում է նաև վերահսկողության ուժեղացում, և որպես սոցիալական ոլորտի գլխադասային հանձնաժողովի պատասխանատու, նա հավաստիացրեց, որ արվելու է հնարավորը՝ այդ ծրագրերի արդյունավետությունն ու նպատակայնությունը ապահովելու համար: 

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ