Նոյեմբերի 21, 2024

2022 թ.-ն առաջնահերթությունը կտրվի սոցիալական զարգացման ծրագրերին

By Ասպրամ Ավանեսյան Դեկտեմբերի 29, 2021

Կազմակերպված մամուլի ասուլիսի նպատակն էր հանրությանը տեղեկացնել նախարարության գործունեությանը։ Պատերազմից հետո երկրում ստեղծվեց իրավիճակ, որտեղ հրատապ լուծումներ էին պահանջում մի շարք խնդիրներ։ Խնդիրների լուծման համար աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը ուսումնասիրեց և մշակեց մի շարք ծրագրեր։ Այս տարվա ընթացքում նախաձեռնվել, և ինչպես նախարարն է ասում, հաջողությամբ կյանքի են կոչվել երկու տասնյակից ավելի ծրագրեր։ 

«Երկու տասնյակից ավելի ծրագրերը գործարկվել են, որոշները դեռ ընթացի մեջ են։ Կան նաև ծրագրեր, որոնք շարունակվելու են նաև 2022 թվականին»։ 

Անդրադառնալով սոցիալական ծրագրերին՝ նախարարն առանձնացրել է ամենակարևորները և այն ծրագրերը, որոնք օր առաջ կյանքի են կոչվել․ 

«Այն առաջնային ծրագրերից, որոնք կյանքի կոչվեցին 2021 թվականին, առաջինը կառանձնացնեի Արցախի օկուպացված տարածքներից տեղահանված քաղաքացիներին 300 000-ական դրամ  աջակցության ծրագիրը։ Այնուհետև հայտնի քառամսյա օժանդակության ծրագիրը (68-000-ական դրամ աջակցության  ծրագիրը)»։ 

68 000 դրամի սոցիալական օժանդակության ծրագրի շրջանակներում մի շարք խնդիրներ են ի հայտ եկել։ Նախարարի հրամանով ստեղծվել է հատուկ հանձնախումբ, առաջացած խնդիրներին տրվել են պատշաճ լուծումներ։ Բնակելի գույքը կորցրած քաղաքացիներին տրվել են նաև  250 000-ական  դրամ  ֆինանսական աջակցություն։ Տրամադրված աջակցությունը կազմում է շուրջ   946 մլն դրամ, աջակցության շահառու են դարձել  3 784 քաղաքացի: Հաջորդ ծրագրերի մասին աշխատանքի, սոցիալական և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանը։ 

«Տարբեր ծրագրեր իրականացվեցին զոհված զինծառայողների ընտանիքների համար,  1-ին, 2-րդ, 3-րդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած, գերևարված և անհետ կորած մեր քաղաքացիների համար։  Հայաստանի և Արցախի Հանրապետություններում  իրականացվեցինք հյուրընկալության ծրագիրը, որի շրջանակներում  Հայաստանում կհյուրընկալած մեր հայրենակիցները 30000 դրամի աջակցություն ստացան։ Այնուհետև միանվագ՝ 20000 դրամի աջակցություն տրամադրվեց նախադպրոցական տարիքի երեխաներին»։ 

Այս աջակցության ծրագրից օգտվեցին 14 700 երեխա:    Տրամադրված աջակցության չափը կազմում է շուրջ 293 մլն դրամ: 39 համայնքներում  ժամանակավոր ապաստանած 672 ընտանիքի տրամադրվել է անհրաժեշտ գույք և տեխնիկա, իսկ 341 բնակելի տուն  ամբողջությամբ վերանորոգվել է։ Աջակցության ծրագրերից բացի նախարարությունը  իրականացրել է նաև աշխատանքի խրախուսման ծրագեր։ 

«Արցախում գրանվցած   ոչ պետական ընկերությունների համար, վարձու աշխատողների եկամատային հարկի փոխհատուցման ծրագիր է իրականացվել։ Ծրագիրը սկզբնական շրջանում նախատեսված էր 6 ամիս ժամկետով, հետո դարձավ 4 ամիս»։

Աշխատանքի խրախուսման և զարգացման ծրագրերը աշխատանքի, սոցիալական և միգրացիայի նախարարության ծրագրերի օրակարգում է, հավաստիացնում է նախարար Արմինե Պետրոսյանը։ 2022 թվականին նախարարությունը շեշտը դնելու է հենց զարգացման ծրագրերի վրա։ 

«Մենք փորձելու ենք գալիք տարվա ընթացքում մեր ծրագրերի միջոցով արցախահայության մեջ մտածելակերպ փոխել, այն առումով, որ աշխատանքի մեջ է մեր փրկությունը, այսինքն մենք պետք է աշխատենք և աշխատանքի միջոցով դասավորել մեր կյանքը»։ 

 Իր գործունեությանը լիարժեք համապատասխանելու համար նախարարությունը փոփոխություն է կատարելու նաև անվան մեջ։ Գալիք տարում աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը կվերանվանվի սոցիալական զարգացման նախարարության։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ