Նոյեմբերի 22, 2024

Բնակարանաշինություն․ խոստումներն ու առկա ծավալները

By Սրբուհի Վանյան Դեկտեմբերի 31, 2021

Վերջին տասնամյակում Արցախում շինարարության ծավալների աճի դինամիկան աննախադեպ բարձր էր: Արցախը մի մեծ շինհարթակ էր հիշեցնում. կյանքը կարծես կայունանում էր և թվում էր, ոչինչ այլևս չէր կարող մթագնել Արցախի խաղաղ լուսաբացներն ու կոտրել արարելու ներքին ձգտումը: 2020 թվականի՝ Նախագահի նախընտրական ծրագրի անհավանական թվացող խոստումները՝ ավելի քան 5000 բնակարան՝ 5 տարվա մեջ, բարեկարգ ճանապարհներ՝ 3 տարվա ընթացքում, շուրջօրյա ջրամատակարարում հանրապետության ողջ տարածքում, ոռոգման համակարգ և ինտենսիվ գյուղատնտեսություն, ամրացնում էին Արցախում տևական խաղաղության պայմաններում արարելու հույսը: Հետո եղավ այն, ինչ եղավ, արցախցու կյանքը բաժանելով «մինչ» և «հետո»-ի: «Հետո»-ից հետո, թվում էր, կյանքը չի շարունակվի: Արցախում չի շարունակվի հաստատ... բայց, այդ դժոխային օրերից մեկ տարի անց Արցախը դարձյալ շինհարթակ է. քաղաքաշինության ոլորտն այն եզակիներից է, որտեղ մինչ պատերազմը նախատեսվող աշխատանքների ծավալը ոչ միայն չի կրճատվել, այլև աճել է աննախադեպ տեմպերով: Ճիշտ է՝ մասնատված հայրենիքի մի մասում : Հուսանք՝ առայժմ: Անցած 2021 -ն ամփոփում ենք քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի հետ: Բնակարանաշինությունը գերատեսչության գերխնդիրն է. Տեղահանված մեր հայրենակիցներին օր առաջ բնակարանով ապահովելն առաջնահերթություն է: Օգտագործվում են առկա բոլոր ռեսուրսները՝ խնդիրը սեղմ ժամկետներում գոնե մասնակի լուծելու համար: 

«2021 թվականին քաղշիննախարարության հիմնական գործառույթը եղել է հրետակոխությունից տուժած բնակելի տների, վարչական հասարակական նշանակության օբյեկտների և տեղահանված քաղաքացիների բնակարանային խնդիրների լուծումը: Ընդհանուր առմամբ հրետակոխությունից ստացածդ դիմումները եղել են 7569, որից 120-ը՝ շենք շինություններ՝ ենթակա են վերակառուցման, 1051 շենք շինություններ փոխանցված են Ստեփանակերտի քաղաքապետարանին: Ավարտված է 2181 օբյեկտ, ընթացքի մեջ է 798-ը: Նախատեսվում է 564-ը:Դրանով հրետակոծված օբյեկտներ վերականգնման ծրագիրը կավարտվի»: 

Քաղաքաշինության նախարարությունը հին և տիրազուրկ բնակֆոնդի վերանորոգման ծրագիր ևս ունի, որն իրականացնում է վարչակազմերի հետ համագործակցելով: 

«Շրջվարչակազմերի կողմից ներկայցվել են 1700 հին և տիրազուրկ բնակարանների ցուցակ, որից 467-ը արդեն տրված է մեր տեղահանված քաղաքացիներին, 277-ը ընթացքի մեջ են»:

 Այս ծրագրերը խնդրի կարճաժամկետ լուծումն են: Համապարփակ լուծման համար բնակարանաշինական հսկայածավալ աշխատանք է իրականացվում. Պիլոտային ծրագրեր, թաղամասերի, և նույնիսկ՝ գյուղերի շինարարություն: Ծրագրերը կյանքի են կոչվում ինչպես ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ, Արցախի հանրապետության բյուջետային միջոցներով, այնպես էլ արտաբյուջեով, ու՝ բարեգործական գումարներով: Աշխատանքներում ակտիվ մասնակցություն ունի Հայաստան համահայկական հիմնադրամը: 38 մլրդ դրամ գումարի չափով պայմանագիր կա կնքված նրանց հետ, որից 13 մլրդ-ն արդեն ֆինանսավորվել է 2021 թվականին: 2021 թվականին իրականացված շինարարության ծավալները կազմել են ավելի քան 37 մլրդ դրամ: 

«Նոր բնակարանաշինական ծրագիրը մեկնարկել է Հայաստան համահայկական հիմնադրամի միջոցներով. Տիգրան մեծ փողոցում 224 բնակարանոց թաղամասի աշխատանքները, Ասկերանի շրջանի Իվանյան, Հովսեփավան համայնքներում բնակելի շենքերի և առանձնատների շինարարությունը՝ 180, 100 և 77 տների շինարարությունը :Հիմնադրամի միջոցներով Ստեփանակերտի Թումանյան, Առաքելյան փողոցներում կիսատ թաղամասերի շինարարությունն է իրականացվում: Դրանք արդե ն ավարտական փուլում են: Որոշները այս օրերին տրամադրվում են շահառուներին »: 

Արամ Սարգսյանից տեղեկացանք. առայսօր արդեն 467 ընտանիք տեղավորվել են վերանորոգված հին բնակֆոնդում, 300-ը՝ նորակառույց տներում: Արցախ թաղամասի մանսարդային հարկի վերանորոգված բնակարաններում տեղավորվել են 9, Կղարծի համայնքում կառուցված բնակելի շենքում՝ 14 ընտանիք: 10 արագ հավաքվող բնակելի տներ Հովսեփավանում և Կարմիր շուկայում ևս գտել են իրենց հասցեատերերին: Ընդհանուր առմամբ, ավելի քան 7000 բնակարանի կարիք կա. արդեն ավելի քան 3000 բնակարանի հիմքն արդեն դրված է. առաջիկա 3-4 տարում խոստացված 5000 բնակարանը ոլորտի պատասխանատուն լրիվ իրատեսական է համարում: Խոսելով մասնագիտական ռեսուրսների մասին, Արամ Սարգսյանն ասաց, որ տեղական 237 շինարարական կազմակերպություն է ներգրավված եղել շինարարական աշխատանքներում, բրիգադներ և կազմակերպություններ են հրավիրվել նաև Հայաստանի հանրապետությունից: Այս պահին էլ շուրջ 15 կազմակերպություն Հայաստանից, աշխատում են այստեղ: 

«2021 թվականին քաղաքաշինության նախարարությունը գերծանրաբեռնված ռեժիմով է աշխատել: Ոլորտի աշխատողները մեծ աշխատանքն են կատարել, հաշվի չառնելով ոչ եղանակային պայմանները, ոչ հանգստյան օրերը: Դժվարություններ, իհարկե եղել են, բայց վերահսկողություն պատշաճ կերպով իրականացվել է»:

 Քաղաքաշինության նախարարը խոսել է նաև բնակարանաշինության տեղաբաշխվածությունից, կարևոր է, որ դրանք մայրաքաղաքից ապակենտրոնացված լինեն: Տեղի ընտրության հարցում հաշվի են առնվում բնակիչների կարծիքները նույնպես: 

«Կա նախագահի հստակ հանձնարարական. Շուշի և Հադրութ քաղաքների տեղահանված մեր քաղաքացիները կբնակեցվեն Ստեփանակերտում: Կոնկրետ Հադրութ քաղաքի բնակիչների համար Աջափնյակ թաղամասում կառուցվում են 240 բնակարանանոց թաղամաս, Հայաստան համահայկական հիմնադրամի միջոցներով: Ստեփանակերտի Մարտունի և Թումանյան փողոցների նորակառույց բնակարաններն էլ տրամադրվել են Հադրութի, Շուշիի զոհված զինվորների հարազատներին: Մյուս մեր տեղահանված քաղաքացիների համար էլ բնակավայրեր են կառուցվում. Կոնկրետ Ավետարանոց գյուղի բնակիչներն ընտրել են Այգեստանի մերձական տարածքը»: 

Բնակարանաշինությունը 2022 թվականին մնալու է կառավարության գերակա նպատակներից մեկը. Հանրապետության նախագահը խոստացել է, որ ոչ միայն տեղահանվածները, այլև Արցախում ապրող յուրաքանչյուր ընտանիք ոչ հեռու ապագայում պիտի առանձին բնակարան ունենա: Այն ժողովրդագրական ցուցանիշների բարելավման մեջ նշանակալի ազդեցություն կունենա: Ինչպես խոստովանել է նաև երկրի ղեկավարը, մեր մեծ պարտությունը հենց «տանուլ տված» ժողովրդագրությունից է սկսել:

Artsakh Public Radio
Last modified on Ուրբաթ, 31 Դեկտեմբերի 2021 20:58
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ