Նոյեմբերի 22, 2024

Հանրապետությունում դիտվում է սուր շնչառական վարակների աշխուժացում

By Արցախ լրատվական Հունվարի 03, 2022

Վերջին օրերի ընթացքում, իրականացվող մշտադիտարկման արդյունքների համաձայն, հանրապետությունում դիտվում է սուր շնչառական վարակների աշխուժացում` թե ամբուլատոր-պոլիկլինիկական և հիվանդանոցային կազմակերպություններ դիմելիության առումով, թե շտապ օգնության կանչերում: Օրական կանչերի թիվը կազմում է 50-60 կանչ։ Այս մասին տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից: Համաճարակաբանական վերլուծությունների արդյունքները փաստում են, որ ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններ շնչառական վարակներով պացիետների 80%-ը, մինչև 18 տարեկան երեխաներ են: Ներկա պահին ստացիոնար բուժում են ստանում 38 երեխա: Ինչ վերաբերում է հանրապետությունում շրջանառող գրիպի հարուցիչներին, ապա հարկ է նշել, որ ստացիոնար և ամբուլատոր հիվանդներից իրականացվել է 10 նմուշի լաբորատոր հետազոտություն ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ ՊՈԱԿ-ում վիրուսաբանական լաբորատորիայում, որի արդյունքում 7 հիվանդի մոտ հայտնաբերվել է գրիպ Ա H3N2 ենթատեսակը: Կլինիկական ախտանիշներն են` բարձր ջերմություն, գլխացավ, մկանացավ, թուլություն, կոշտ հազ: Սուր շնչառական վարակներով, գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հետգրիպային բարդություններից խուսափելու նպատակով՝ Առողջապահության նախարարությունը կրկին հիշեցնում և հորդորում է.

  • խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,
  • եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը, հատկապես՝ գրիպանման երևույթներ ունեցող երեխաներին մի´ թույլատրեք հաճախել դպրոց և մանկապարտեզ՝ ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը,
  • եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
  • մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար,
  • հագնվե´ք եղանակին համահունչ,
  • պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,
  • օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
  • հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
  • հետևե´ք անձնական հիգիենային։

Հետագա բարդություններից (բրոնխիտ, թոքաբորբ) խուսափելու համար, ժամանակին դիմեք բժշկի:

© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ