Արցախյան առաջին պատերազմից հետո Ստեփանակերտում բացվեց առաջին ու մինչ օրս միակ վերականգնողական կենտրոնը, որը սկզբնական շրջանում գործում էր միայն պատերազմում վիրավորում ստացած զինհաշմանդամների համար: Կարճ ժամանակ անց կենտրոնն ընդլայնեց իր հնարավորությունները՝ պատմում է տնօրեն Վարդան Թադևոսյանը:
«Մենք հնարավորություն ստեղծեցինք ընդունելու նաև հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին, որոնց թվում կան երեխաներ, երիտասարդներ ու տարեցներ»:
Մինչ Արցախյան երրորդ պատերազմը կենտրոնում բուժում էին ստանում տարեկան մոտ 1000 քաղաքացի, հիմա շահառուների թիվը հասկանալի ցավոտ պատճառով ավելացել է: Զինվորներին արագ ոտքի կանգնեցնելու գաղափարը ավելի կենտրոնացրեց տարբեր կազմակերպությունների ու բարերարների ուշադրությունը:
«Հայաստան հիմնադրամի օգնությամբ մենք փոխեցինք կենտրոնի արտաքին պատուհաններն ու ներսի դռները, ԿԽՄԿ-ի շնորհիվ բնաշենքում ձեռք բերեցինք աստիճանավանդակն ու անվաաթոռների համար նախատեսված թեքակը»:
Նոր սարքավորումներից գործադիր տնօրենը առանձնացնում է 8 արևային ջրատաքացուցիչները, որոնք ձմեռային եղանակին անհրաժեշտություն են կենտրոնում բնականոն աշխատանքը կազմակերպելու համար:Վերանորոգման աշխատանքներ տարվում են նախորդ դեկտեմբերից: Շուրջ մեկ տարվա ընթացքում այդ աշխատանքներին զուգահեռ կենտրոնը շարունակում էր սպասարկել շահառուներին:
«Չնայած այդ աշխատանքները խանգարում էին մեր աշխատանքին, բայց մենք բուժել ենք մոտ 180 զինվորների, և ավելի քան 1000 բնակչի»:
Վարդան Թադևոսյանի խոսքով՝ 2021 թվականը վերականգնողական կենտրոնի համար վերականգնման տարի է եղել: Նոր սարքավորումներից բացի՝ կենտրոնի գլխավոր ձեռքբերումներից է ամբուլատոր նոր բաժանմունքը: Կենտրոնը նոր աջակցություն է ստացել, և մոտ ժամանակներս կսկսեն կենտրոնին կից ևս մեկ ամբուլատոր բաժանմունքի շինարարական աշխատանքները: 2022 թվականին նախատեսում են վերանորոգել նաև աուտիզմ ունեցող երեխաների համար նախատեսված էրգոթերապիայի սենյակը: