Վեցամսական Սառան Ստեփանակերտի՝ երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության ամենափոքր բնակիչն է: Մեր այցելության ժամանակ նա անհանգիստ էր, բայց տնօրեն Համեստ Սուլեյմանյանն ասում է ՝ սովորաբար ժպտերես է, ուղղակի այսօր ականջն է ցավում: Արդեն զբաղվում են բուժմամբ: Հաստատության մյուս բնակիչները հիմնականում դպրոցահասակ երեխաներ են: Կան երեխաներ, որոնք ընդգրկված են ներառական խմբի մեջ: Տնօրենի խոսքով՝ նրանք դասերից բացի նաև հավելյալ պարապմունքների են հաճախում:
«Հաստատությունում խնամվող երեխաները զբաղվում են նաև սպորտով, Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակից ներկայացուցիչ ունեք, որ երեխաներին ասեղնագործել ու նկարել է սովորեցնում»:
Երեխաներն աշխատողների ուղեկցությամբ ամսական առնվազն մեկ անգամ այցելում են Ստեփանակերտի եկեղեցի, զրուցում քահանաների հետ: Տնօրենն ասում է, որ եկեղեցի այցելելուց հետո խնդիրներ ունեցող երեխաների մոտ դրական փոփոխություններ են նկատվում:
«Երեխաների հետ այցելել ենք նաև Եղբայրական պանթեոն, ծաղիկներ խոնարհել զինված զինծառայողների շիրիմին»:
Երեխաների առօրյան հետաքրքիր դարձնելու համար հաճախ ենք տարբեր խաղեր կազմակերպում՝ ասում է տնօրենը: Այս տարի մոտ 10 կազմակերպություն հատուկ ծրագրեր են մշակել երեխաների համար: Ամանորին ընդառաջ էլ բոլոր երեխաները նամակ են գրել Ձմեռ պապիկին: Ձմեռ պապը հատուկ ուշադրության է արժանացնում երեխաներին ու չէր կարող երկար սպասել. որոշել է նվերները հանձնել Ամանորից 2 օր առաջ:
«Դեկտեմբերի 29-ին երեխաներին տարել ենք «Մալիբու» մանկական սրճարան, որտեղ մուլտհերոսները, Ձմեռ պապն ու Ձյունանուշը զվարճացրել են երեխաներին ու բաժանել նվերները»:
Ամանորն անսպասելի ուրախությունների օրն է: Երեխաների հետ դաստիարակներն ու տնօրենը Նոր տարին դիմավորել են գիշերօթիկում, թույլ տվել, որ երեխաները խմեն մանկական շամպայն և արթուն մնան մինչև ժամը 1-ը: Մեկը մի քանի կանգառ ընտանիքից հեռու, մեկը մի քանի կմ, բայց մեկ հարկի տակ ընտանիք դարձած երեխաների ծնողական ջերմության պակասը փորձում են լրացնել կենտրոնի աշխատողները: