Գագիկ Բաղդասարյանի աշխատանքային օրն սկսվում է առավոտյան 4-ն անց կես: Նա ավտոբուսի վարորդ է՝ դեպի Արցախ անվճար ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոբուսներից մեկի վարորդը: Ժամը 4-ին տուրիստական հարմարավետ ավտոբուսն արդեն կայանված է լինում Կիլիկիա ավտոկայանում: Ուղևորները, հիմնականում արցախցիներ, արդեն այնտեղ են: Գագիկը համբերատար սպասում է, մինչև նախօրոք հերթագրված ուղևորները զբաղեցնեն իրենց տեղերը, տեղավորեն ուղևորաբեռը, ապա հայտարարի. ժողովուրդ, անց կես շարժվում ենք: Տեղավորվեք, մեքենայում չուտել, չթափել: Պատրաստ պահել անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ: Գնացինք, բարի ճանապարհ մեզ:
«Շատ դժվար է, բայց ժողովուրդ են, պետք է հետները համակերպվես, չնայած իրենք մեր հետ չեն համակերպվում: Մեր գործն է, պիտի անենք,սովորել ենք արդեն»:
Ու սկսում է գեղատեսիլ երկար ճանապարհը՝ Երևանից Ստեփանակերտ: Ճանապարհի գեղեցկության ընդամենը մի մասն է հաջողվում վայելել. 7-8 ժամ տևող ճանապարհի մի քանի ժամն ուղևորների մի մասը նիրհի մեջ է անցկացնում. հոգնելու իրավունք չունի միայն վարորդը: Գագիկը այս մասնագիտությամբ աշխատում է 1980 թվականից, 91-ից ավտոբուս է վարում: Արցախում բազմիցս է եղել, նաև խաղաղ տարիներին. զբոսաշրջիկներ էր բերում: Ասում է, որ պատերազմից հետո մարդիկ փոխվել են, մի տեսակ չարացած են կարծես: Փորձում է ըմբռնումով մոտենալ. մարդիկ պատերազմ են տեսել, սթրես տարել: Գուցե կորուստներ ունեն՝ ով գիտի: Ամեն ուղևոր մի փակ աշխարհ է՝ ասում է: Պատերազմից առաջ էլ Արցախում հաճախակի էր լինում, և լրիվ այլ տպավորություն էր: Հարցնում ենք՝ կուզենա՞ր մինչպատերազմյա Արցախ ուղևորներ բերել: Պատասխանը միանշանակ է:
«Կուզենայի, շատ: Ժողովուրդն ուրիշ էր: Հիմա փոխվել են, էն ժամանակ բարի էին մարդիկ, լավն էին, փափուկ էին, հիմա չարացել են մի տեսակ: Իրար նկատմամբ էլ: Նախանձ կա»:
Հիմա Արցախ ավելի հաճախ են գալիս, քան նախկինում: Բայց աշխատանքը դժվարացել է, ռիսկը մեծացել, նեղվում են մի քիչ:
«Նեղվում ենք շատ: Պետք է շուտ հետ դառնանք, բայց կանգնեցնում են, սպասեցնում՝ ստուգումների համար: Մի կողմից անքնությունը, մի կողմից դա՝ դժվարություններ են ստեղծում»:
Չնայած դժվարություններին՝ ուրիշ մասնագիտության մեջ իրեն չի պատկերացնում, ավելի քան 40 տարի ղեկին է: Արդեն ավելի քան մեկ տարի Արցախ ուղևորվում է գործընկերոջ՝ Տիգրանի հետ, ով իրեն կփոխարինի վերադարձին՝ ուղևորներ տեղափոխելով արդեն Ստեփանակերտից Երևան:
«Կարոտում ենք, սովորություն է դարձել: Մի օր եթե չենք գալիս, մի տեսակ փշերի վրա լինենք կարծես»:
Նշենք, որ դեպի Ստեփանակերտ ուղևորափոխադրումներ սկսել են կազմակերպվել պատերազմից անմիջապես հետո՝ պատերազմի հետևանքով ՀՀ տարածքում գտնվող արցախահայության վերադարձի նպատակով, ԱՀ և ՀՀ կառավարությունների համագործակցության համատեքստում: Կազմակերպչական աշխատանքները համակարգում է ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբը: Նախաձեռնությունն իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ՝ Երևանի քաղաքապետարանի, Բաս Վոյաժ կազմակերպության ավտոբուսների ու Կիլիկիա կենտրոնական ավտոկայանի աշխատակիցների միջոցով: Սկզբնական շրջանում տրամադրվում էր այնքան տրանսպորտ, ինչքան պահանջարկ կար. առաջին ամիսներին 6-10 ավտոբուս էր ուղևորվում Ստեփանակերտ: Միայն առաջին ամսում Արցախ է վերադարձել 23 հազար 546 մարդ: Մեկ ամսում Արցախ մեկնած ավտոբուսների թիվը հասնում էր 60-ի: Հիմա օրական մեկ ավտոբուս է մեկնում Արցախ: Օպերատիվ շտաբում մեզ ասացին, որ փորձում են վերահսկել գործընթացը, հասնել նրան, որ ծառայությունից օգտվեն դրա կարիքը խիստ զգացողները: