ՀՀ-ում Արցախի Հանրապետության Կառավարության օպերատիվ շտաբը, իր առջև դրված հրատապ խնդիրների լուծմանը զուգընթաց, ձևավորվել է նաև որպես կառույց։ Շտաբի գրեթե բոլոր աշխատողները տեղահանված արցախցիներ են: Պատերազմի օրերին ու դրանից հետո օպերատիվ շտաբն աշխատանքն արդյունավետ կազմակերպելու համար մի քանի հասցե է ունեցել ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։ Այսօր արդեն շտաբը գործում է մեկ հարկի տակ՝ Աբովյան 9-ը հասցեում։ Օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյան․
«Օպերատիվ շտաբն ունի իր հաստիքային միավորները: Բացի նեղ հաստիքային կազմից, ունենք Շտաբին կցված տարբեր գերատեսչությունների տարածքային ստորաբաժանումներ, տեղահանված շրջանների հաշվին, որոնք շարունակում են իրենց գործառույթները՝ սպասարկելով տեղահանված քաղաքացիներին»:
Օպերատիվ շտաբում հաշվառված քաղաքացիների թիվը շուրջ 21 000 է, նրանց մեջ կան 443 բազմազավակ, 500-ից ավելի ուսանող ունեցող ընտանիքներ։ Հաշվառված տվյալներով՝ տեղահանված ընտանիքների մեջ կան վերջին պատերազմի հետևանքով զոհված զինծառայողների 203, անհայտ կորածների 23, հաշմանդամություն ունեցող 248 ընտանիքներ: Բոլոր քաղաքացիներին օպերատիվ շտաբը շարունակում է ծառայություններ մատուցել, օժանդակել խնդիրների լուծմանը։ Հիմա ավելի շատ այլ բնույթի՝ սոցիալական ծրագրերին զուգահեռ վարչարարական խնդիրները կանոնակարգելու պահանջարկ կա: Միքայել Վիրաբյանը շտաբի ստորաբաժանումներն է թվարկում.
«Կադաստրի պետկոմիտեից համապատասխան ստորաբաժանումը և կադաստրի կոմիտեի գլխավորությամբ համապատասխան հանձնաժողովը՝ անշարժ և շարժական գույքի գնահատման համար: Սոցապ ծառայությունից երկու բաժիններ՝ նպաստների և թոշակների, առողջապահության բաժինը, տեղահանվածների՝ ըստ շրջանների, աշխատանքային խմբերն են գործում, Նոր տարվա նախաշեմին բացվեց բնակարանային կոմիտեի ստորաբաժանումը և սկսվել է փաստաթղթերի ընդունումը»:
Օպերատիվ շտաբը սերտ համագործակցում է ՀՀ համապատասխան կառույցների հետ։ Տեղահանվածների վերաբերյալ ձևավորել են ինֆորմացիոն ընդհանուր համակարգ։ Նպատակը՝ ավելորդ քաշքշուկներից խուսափելն ու փաստաթղթաշրջանառության և վարչարարության պարզեցումն է։ Սինքրոն..3« Ունենք համագործակություն ՀՀ համապատասխան կառույցների հետ և պետք է նշեմ, որ բոլոր նախարարությունների ստորաբաժանումները մեր ստորաբաժանումների հետ միասնական շղթայով կատարում են միասնական գործարքներ:Փորձել ենք մինիմալի հասցնել մեր քաղաքացիների տեղաշարժը՝ հատկապես ՀՀ-ից դեպի Արցախ՝ բարոյահոգեբանական, սոցիալական վիճակը հաշվի առնելով»: Միքայել Վիրաբյանը մեզ հետ զրույցում նշել է, որ ամենաշատ դիմումները բնակարանային և զբաղվածության ապահովման հարցերով են: Նոր միջավայրում նոր հմտություններ ու կարողություններ ձեռք բերելու անհրաժեշտություն է առաջանում շահառուների մոտ: Խնդիրը փորձում են լուծել՝ ցանկացողներին մաս դարձնելով ոչ ֆորմալ կրթական նախաձեռնություններին, կարճաժամկետ ուսուցողական ծրագրերին:
«Ամենաշատ խնդիրները կապված են բնակարանային են՝ վարձավճարներ,ժամանակավոր կացարաններ, վճարունակություն: Պատերազմի օրերին ու դրանից անմիջապես հետո այդ հարցերը լուծվում էր ՀՀ սոցապ նախարարության հետ համատեղ: Նրանց հետ ունենք երկու պետական ծրագրեր. երեքամսյա դասապրոցեսի պատրաստման միջոցով և կա հասարակական սեկտորի միջոցով: Ծրագրից մեր քաղաքացիները օգտվել են: Պետք է նշել, որ արդյունքում հազարավոր տեղահանվածներ աշխատանքի են անցել»:
Օպերատիվ շտաբի պետն ասում է, որ շատ քաղաքացիներ Արցախ վերադառնալու ցանկություն ունեն։ Չկան կացարաններ. Արցախի իշխանությունների կողմից համապատասխան պայմանների ստեղծման դեպքում վերադարձողների թիվը քիչ չի լինի: Օպերատիվ շտաբում 2021 թվականի դեկտեմբերից գործում էր զանգերի կենտրոն, որը հիմա տեղափոխվել է ԱՀ նախագահի աշխատակազմ: 2020թ․ դեկտեմբեր և 2021թ․ հունվար ամիսներին ստացվում էր ամսական շուրջ 6000 զանգ, փետրվարին զանգերի թիվը նվազեց մինչև 4800: Մարտին այդ թիվը 3400 էր: Պատերազմից անմիջապես հետո զանգերի միջոցով էին տեղեկանում շահառուների կարիքների մասին և կազմակերպում հումանիտար միջոցառումներ: Զանգերի վերլուծությունը հիմա օժանդակում է տեղահանվածների խնդիրների ուսումնասիրմանն ու ծրագրերի մշակմանը: