Թեկուզ «Ասկերանի զարգացման կենտրոն»-ը պաշտոնապես գործում է 2021 թվականից, բայց գաղափարն արդեն մի քանի տարվա վաղեմություն ունի: Դեռևս 2018 թվականից Ասկերան քաղաքի մի խումբ կանայք, քաղաքացիական ակտիվության դերն ու նշանակությունը կարևորելով, համախմբվեցին ու ստեղծեցին Ասկերանի կանանց ակումբը և իրականացրեցին մի շարք ծրագրեր՝ միտված շրջանի սոցիալ-տնտեսական պայմանների բարելավմանը: Ծրագիրն իրականացվում է «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի միջոցով: Կենտրոնի աշխատանքներում ընդգրկված են 22 հոգի, հիմնականում՝ Ասկերան շրջկենտրոնից, 9-ը՝ համայնքներից: Կենտրոնի նպատակների ու ծրագրերի մասին պատմում է տնօրեն Ալլա Արզումանյանը:
«Մեր ծրագրերը հիմնականում կանանց կարողությունների, բիզնես հմտությունների զարգացման, գյուղատնտեսության ոլորտին վերաբերող ծրագրեր են: Ասկերանի շրջանի կանանց համար փոքր և միջին բիզնեսը խթանելու նպատակով մենք դասընթացներ ենք մեկնարկել և այն արդեն երկրորդ փուլում է: Սկսել ենք հանդիպումները նոյեմբեր ամսից, ունեցել ենք 5 հանդիպում՝ երկուսը համայնքներում, երեքը՝ Ասկերանում»:
Նախաձեռնող խմբի անդամ կանանցից յուրաքանչյուրն առանձին հիմնադրել էր իր փոքրիկ բիզնեսը կամ ուներ սիրած աշխատանք: Կանայք իրենց հմտությունները փորձում էին օգտագործել ոչ միայն ի շահ ընտանիքի բարեկեցության, այլև ի նպաստ սիրելի համայնքի զարգացման. հենց այդ գաղափարն էլ նրանց միավորել է մեկ հարկի տակ:
«2018 թվականից սկսած Ասկերանում սոցիալ -տնտեսական կյանքի բարելավման նպատակով Ասկերանի մի խումբ կանայք համախմբվեցինք մեկ ընդհանուր գաղափարի շուրջ և իրականացրեցինք մի շարք ծրագրեր»:
Խնդիրները համայնքում քիչ չեն, ու կանանցից յուրաքանչյուրը հասկանում է, որ կարելի է թեթևացնել պետության բեռը. հասարակությունը, համայնքի անդամներն էլ իրենց անելիքն ունեն՝ ասում է տիկին Ալլան: Հենց ակտիվ, հաջողակ անհատներն են օժանդակում իրենց շրջապատի զարգացմանն ու արդեն ընդհանուր նախաձեռնություններով օժանդակում ավելի լայն շրջանակների զարգացման աճին: Պատերազմից հետո առաջացած խնդիրների լուծմանն էլ փորձում են օժանդակել յուրովի.
«Հետպատերազմյա սթրեսը հաղթահարելու նպատակով մենք ընդգրկել ենք հոգեբանի, հանդիպումներին կխոսենք այդ մասին: Մենք արդեն ունեցել ենք մեկ հանդիպում. սա շատ լուրջ խնդիր է հետպատերազմյան շրջանում Արցախի կանանց և ոչ միայն կանանց համար: Հետո դասընթացներն արդեն կլինեն խմբակային:»
Ովքե՞ր են կենտրոնի ծրագրերի մասնակիցները, ի՞նչ պահանջներ են դրված նրանց առջև, ի՞նչ անելիքներ ունեն՝ տիկին Ալլան պարզաբանում է.
«Այս ծրագրերին մասնակցում են նախորդ տարիներին իրականացրած ծրագրերի շահառուները, տարիքային սահմանափակումներ չկան: Մենք ողջունում ենք երիտասարդներին, հաշվի առնում նրանց առաջարկները, հենց այդ պատճառով ծրագրի օգնական ենք ընտրել Սնեժանա Թամրազյանին, ով դեռ դպրոցական հասակից մասնակցում է մեր ծրագրերին:»
Սնեժաննա Թամրազյանն էլ արդեն ստեղծել է մեկ այլ «Փախստականները՝ հանուն արդարության» կազմակերպությունը՝ ներգրավելով շրջանի ակտիվ երիտասարդներին, և հիմա երկու հասարակական կազմակերպությունները սերտ համագործակցում են: Ասկերանի զարգացման կենտրոնը բաց է առաջարկների ու համագործակցության համար: Տիկին Ալլան սիրով ու նվիրվածությամբ է անում իր աշխատանքը՝ գտնելով, որ յուրաքանչյուր նախաձեռնության հաջողության երաշխիքը հենց դրանց մեջ է: