Նոյեմբերի 22, 2024

«Շտապի՛ր բարության» բարեգործական հիմնադրամն Արցախի կողքին է

By Մարգարիտա Ղուշունց Հունվարի 22, 2022
Պատերազմի ընթացքում և դրանից հետո արցախցիներին տարաբնույթ օգնություն են ցուցաբերել տարբեր բարեգործական ընկերություններ ու հիմնադրամներ։ Դրանց շարքում է նաև <<Շտապիր բարության >>՝ <<Սպիշի կ դաբրու>>  հիմնադրամը։ Կամավորական հիմունքներով ստեղծված  հիմնադրամը շուտով կդառնա 11 տարեկան։ Այս տարիների ընթացքում այն հասցրել է օգնել առողջական խնդիրներ ունեցող բազմաթիվ հայ երեխանների՝ ասում է հիմնադրամի խորհրդի անդամ Անի Մարտիրոսյանը: Արցախի հետ հիմնադրամի առաջին առնչությունը պատերազմի օրերին էր:  
 
<<Կապն Արցախի հետ, ցավոք, պատերազմի ընթացքում ստեղծվեց: Մինչ այդ Արցախին ոչնչով չէինք օգնել․ Արցախից օգնության խնդրանք չկար։ Սեպտեմբերի 27-ին,երբ պատերազմը սկսվեց, հիմնադրամի տնօրեն Ելենա Հակոբյանը Հայաստանում էր, այդ ընթացքում նա ստացավ զանգեր՝ արցախցիներին օգնելու խնդրանքով և քանի որ զանգեր շատ էին մեր թիմը Մոսկվայից միացավ նրան՝ օգնելու Հայաստանում ժամանակավոր ապաստանած արցախցիներին։ Ստեղծվեց շտաբ, զանգահարում էին կարճ համարներով, նշում՝ ինչի կարիք ունեն, իսկ մենք շտապում էինք օգնության>>։
 
 Սկզբնական շրջանում արցախցիներին կենցաղային բնույթի օգնություն էին տրամադրում, իսկ պատերազմից հետո արդեն օգնության տրամադրման շրջանակներն ընդլայնեցին։  2020թ.-ի նոյեմբերի 15-ին հիմնադրամի անդամները՝ տնօրենի գլխավորությամբ, առաջին անգամ եկան Արցախ՝ տեղում ծանոթանալու հետպատերազմական խնդիրներին:  
 
<<Եկել ենք Ստեփանակերտ՝ ծանոթանալու իրավիճակին և հասկանալու, թե ինչ խնդիրների առջև է կանգնած հետպատերազմական Արցախը։ Դեկտեմբերին օգնություն է տրամադրվել Ասկերանի շրջանի մի քանի համայնքներին, հետո արդեն՝ Մարտակերտի և Մարտունու շրջաններին։ <<Շտապիր բարության>> հիմնադրամին են միացել նաև այլ բարեգործական ընկերություններ, որոնք պարբերաբար օգնություն են տրամադրում Արցախին>>։
 
 Բարեգործական հիմնադրամն Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի մանկապարտեզին է նվիրաբերել անհաժեշտ գույք ու տեխնիկա։ Երեխաների առօրյան այսուհետ հագեցած է՝ ասում է Այգեստանի պետական մանկապարտեզի տնօրեն Անահիտ Բարսեղյանը: 
 
<<Մանկապարեզի համար բերել են գորգեր, փափուկ գույք, խոհանոցային պարագաներ, պահարաններ, խաղալիքներ։ Համայնքի անունից շնորհակալություն ենք հայտնում բարեգործական հիմնադրամին>>։ 
 
Վերջին անգամ հիմնադրամի խորհրդի անդամներն Արցախում եղել են Ամանորին ընդառաջ։ <> ծրագրի շրջանակներում կազմակերպիչները սահմանամերձ Սառնաղբյուր համայնքի երեխաներին՝ տոնական նվերներից բացի, բարձր տրամադրություն էին բերել՝ ասում է Սառնաղբյուրի համայնքապետ Գարիկ Ալեքսանյանը: Հեշտ չէ ուրախանալ, երբ թշնամին հեռու է ընդամենը 500 մետր՝ ասում է: 
 
<<Դեկտեմբերի 26-ը տոնական էր սառնաղբյուրցիների համար։ Նախապես համայնքի երեխաները նամակներ էին գրել Ձմեռ պապիկին։ 34 երեխա այդ օրը ստացել է իր ուզած նվերը։ Համատարած տոն էր, շնորհակալ ենք կազմակերպիչներին>>։
 
 <<Շտապիր բարության>> հիմնադրամի խորհրդի անդամ Անի Մարտիրոսյանի խոսքով՝  հիմնադրամը այսքանով չի եզրափակելու բարեգործական ծրագրերն Արցախում։ Նոր ծրագրերը մշակման փուլում են, պատրաստ լինելուն պես կներկայացվեն հանրությանը։
 
 
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ