Բնակարանային կոմիտեի մշակած ուղեցույցը, որ պիտի տար շահառուներին հուզող հարցերի պատասխանները, ավելի շատ հարցեր, ու նաև բողոքներ առաջացրեց: Ահա դրանցից մի քանիսը, որ հրապարակվեցին Ֆեյսբուքյան հարթակում:
«Փաստորեն մենք, որ 2005 թվականից գտնվում ենք հերթում՝ որպես արցախյան պատերազմի երկրորդ կարգի հաշմանդամի ընտանիք, այդպես էլ մնանք առանց բնակարանի՞։ Այսինքն ես կարող եմ իմ 3 անչափահաս երեխաների հետ, որոնցից երկուսը արական սեռի են, հեռանա՞լ մեր պաշտելի Արցախից, քանի որ ընտանիքի ղեկավարի արածն այդպես էլ չգնահատվեց Ձեր կողմից։ Հիասթափված եմ մինչև կոկորդս»։
«Մենք էլ պարզվում է շահառու չենք, որովհետեւ 50% -ով վարկը չենք մարել: 5 տարի առաջ վերցված փոխառությունը 18 տարվա համար ինչպե՞ս մարած լինես 50%-ով։ Փոխարենը մարվել է Արցախի ներդրումային հիմնադրամի տալիք մնացորդ գումարը: Պետությունը փոխանակ մտածի անօթեւան ընտանիքի մասին, հիմնադրամի մուտքերն է ապահովել»։
Քաղաքացիների բողոքներին բնակարանային կոմիտեում ծանոթ են: Կոմիտեի բնակարանային հարցերի աշխատակազմի տեղեկատվական և հանրային հարցերի բաժնի պետ Մարիաննա Պետրոսյանն ասում է.
«Հանրության շրջանում մեծ դժգոհություններ են առաջացել այս հարցի շուրջ, ուստի այս հարցը այս պահին կոմիտեում քննարկման փուլում է և հնարավոր է, որ այն վերանայվի»։
Շուշի և Հադրութ քաղաքներում սեփականության իրավունքով նաև հիփոթեքային վարկավորմամբ ձեռք բերված բնակտարածքի գնի 50%-ից ավելին 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ վճարած, իրենց պատկանող բնակտարածքներում հաշվառված և առնվազն վերջին 3 ամիսներին փաստացի բնակված՝ բնակարանային ապահովման կարիք ունեցող անձը և նրա ընտանիքը ներառված են Ստեփանակերտ քաղաքի բնակարանային հաշվառման 2-րդ հերթացուցակում։ Ուղեցույցի կետերից է։ Հերթացուցակները ձևավորվել են ըստ Արցախի Հանրապետության վերահսկողության տակ գտնվող վարչական շրջանների և Ստեփանակերտ քաղաքի։ Շրջանային հերթացուցակում կոմիտեն առաջնորդվում է հետևյալ տրամաբանությամբ։
«Բռնազավթված համայնքներից տեղահանված մեր հայրենակիցներին հնարավորության սահմաններում փորձել ենք բնակեցնել մեկ համայնքում։ Սա ունի 2 նպատակ․ նախ, որպեսզի կարողանանք ապահովել արտադրական և կոմունիկացիոն ենթակառուցվածքներով և, իհարկե, կարողանանք ապահովել տարածքային համաչափ զարգացումը»։
Մոտեցումն այլ է Ստեփանակերտ քաղաքում։
«Ձևավորել ենք 2 հերթացուցակ։ Առաջին հերթացուցակում ներառվում են միայն զոհված կամ անհետ բացակայող ճանաչված զինծառայողների բնակարանային ապահովման կարիք ունեցող ընտանիքը: 2-րդ հերթացուցակում 1-ին խմբի անժամկետ զինվորական հաշմանդամ ճանաչված՝ բնակարանային ապահովման կարիք ունեցող անձը և նրա ընտանիքը, 27.09.2020 թ. դրությամբ Ստեփանակերտ քաղաքում հաշվառված եւ առնվազն վերջին 3 ամիսներին փաստացի բնակված և պատերազմական գործողությունների հետեւանքով մահացած կամ անհետ բացակայող ճանաչված քաղաքացիական անձի՝ բնակարանային ապահովման կարիք ունեցող անձը և նրա ընտանիքը»։
2021 թվականի դեկտեմբեր ամսին սոցիալական տարբեր ծրագրերի շրջանակներում ավելի քան 100 շահառու ապահովվել է բնակարանով։ Առաջիկայում նախատեսվում է բնակարանով ապահովել նաև մոտ 200 ընտանիք։ Շահառուները բնակարանային հաշվառման են վերցվում ըստ առաջնահերթության միավորների սանդղակի: Մարիաննա Պետրոսյանն է պարզաբանում։
«Եթե մենք ունենում ենք բնակֆոնդում ազատ տարածք, առաջնահերթությունը տրվում է այն շահառուներին, ովքեր ունեն հանրագումարային առավել մեծ ցուցանիշ։ Մինչև այսօր կոմիտե դիմել են արդեն 1500-ից ավելի քաղաքացիներ, որոնց գործերը ուսումնասիրության փուլում են»։
Կոմիտեն ունի նաև թեժ գիծ, 047 92 20 20 հեռախոսահամարին օրական ստանում են 40-50 զանգ։ Բարձրացված հարցերը նաև ուղեցույցի վերանայման առիթ են դառնում: Բայց այդ կետերի մասին Մարիաննա Պետրոսյանը խոսել է դեռևս չի ցանկանում։