Մարտակերտի շրջանի Քոլատակ համայնքի առօրյան նախապատերազմյա առօրյայից քիչ է տարբերվում: Հրետակոծություններից այն չի տուժել: Պատերազմից հետո Խաչենի ձորակի այդ գողտրիկ գյուղի բնակիչները վերադարձել են իրենց տները և փորձում են թիկունք ու սպեղանի լինել նրանց համար, ովքեր սեփական մաշկի վրա զգացել են պատերազմի ողջ դառնությունը, զրկվել սեփական տուն ու տեղից: Համայնքի առօրյայի մասին զրուցել ենք համայնքապետ Սեյրան Ավանեսյանի հետ:
«Բարեբախտաբար հակառակորդի վերահսկողության տակ մեր համայնքից որևէ տարածք չի մնացել: Պատերազմից հետո ոչ միայն մեր համայնքից մարդ չի արտագաղթել, այլ ավելացել է՝ պատերազմի հետևանքով այլ վայրերից տեղահանված ընտանիքների ու նորակառույց թաղամասում բնակություն հաստատած սպաների ընտանիքների հաշվին»:
Խոսքը բարերար Հայկ Մաղաքելյանի կողմից դեռևս 2012 թվականին կառուցված նոր թաղամասի տների մասին է: Առանձնատների ներքին հարդարման աշխատանքների մի մասը մնում էր և իրականացվել է պետական աջակցությամբ: Առանձնատներից 10-ը տրամադրվել է ՊԲ սպաների ընտանիքների, իսկ 12-ը՝ տեղահանված ընտանիքների: Քոլատակի բնակչութունն ավելացել է, բայց համայնքապետի խոսքով գյուղը հնարավորություն ունի ավելի շատ ընտանիքներ ընդունելու:
«Գյուղում բնակֆոնդ կա, որը բարեկարգման կարիք ունի: Եթե դա իրականացվի, կարող ենք այդ բնակարաններում 30-40 տեղահանված ընտանիքների կացարան տրամադրել: Հարցը քննարկել ենք համապատասխան մարմինների հետ, գրավոր ներկայացրել անելիքները: Մասնագետներ են եկել՝ տեղում ծանոթանալու և ընթացքավորելու համար»:
Գյուղի դպրոցում վեց ուսուցիչ է աշխատում, կրթօջախը 67 աշակերտ ունի: Նախադպրոցական տարիքի 16 երեխա կա: Քոլատակի դպրոց հաճախում են նաև աշակերտներ կողքի Թբղլու գյուղից: Գյուղը նոր դպրոցի կարիք ունի՝ ասում է համայնքի ղեկավարը: Նախագծերը պատրաստ են, և համայնքապետը հույս ունի, որ առաջիկայում Քոլատակը նոր դպրոց կունենա: Բնակիչների զբաղվածությունը խնդիր էր ինչպես մինչև պատերազմը, այնպես էլ պատերազմից հետո: Քոլատակցիների՝ համայնքում մշտապես չբնակվելու հիմնական պատճառն է դա: Նրանցից շատերն աշխատանքի համար մայրաքաղաք Ստեփանակերտ են հասնում: Մի մասը զինվորական ծառայող է կամ ընդգրկված գյուղի տարածքում իրականացվող շինարարական աշխատանքներում: Նաև հողագործությամբ և անասնապահությամբ են զբաղվում: Այստեղ էլ խնդիրները քիչ չեն և Սեյրան Ավանեսյանը հույս ունի, որ պետական աջակցությամբ դրանք լուծում կստանան:
«Գյուղն արոտավայրեր ունի, ֆերմաների խնդիր կա: Գյուղնախարարության կողմից մշակված ծրագրերի մասին բնակչությունը տեղյակ է, պատրաստ ենք օգնել՝ եթե մարդիկ ցանկություն հայտնեն աշխատելու: Հողագործությունը շահավետ չէ մեր տարածքում, բայց, եթե ոռոգման ջրի հարցը լուծվի, կարելի է զբաղվել ջերմոցային տնտեսությամբ»:
Գյուղն այլ խնդիրներ ու անելիքներ էլ ունի. համայնքապետը ներկայացնում է դրանց մի մասը:
«22 նորակառույցները ջրով ապահովված են, բայց ընդհանուր՝ գյուղի համար, ոռոգման ու խմելու ջուրը խնդիր է: Նախատեսված է պետական միջոցներով այս տարի լուծել համայնքի ջրամատակարարման հարցը: Պատերազմից հետո միջհամայնքային ճանապարհների սալապատումը վերսկսել ենք: Շուտով կավարտենք հանդիսությունների սրահի վերանորոգումը: Նախատեսված է նաև վերականգնել Հակոբավանքը»:
Հակոբավանքի ու գյուղի այլ տեսարժան վայրերի բարեկարգման, ենթակառուցվածքների զարգացման հետ համայնքի բնակիչները հույսեր են կապում. ծրագրերը կօժանդակեն զբոսաշրջության, ենթադրաբար նաև ՝ համայնքի զարգացմանը: