Մայրաքաղաքում ամեն քայլափոխի հանդիպում ենք աղբամանների։ Բայց դրանց քանակի ավելացումը, կարծես թե, այնքան էլ չի ազդել աղբի նվազմանը։ Պարզվում է, ոչ թե մենք ենք մաքուր պահում մեր սիրելի Ստեփանակերտը, այլ նրանք, որոնք լույսը դեռ չբացված դուրս են գալիս տնից՝ կարգի բերելու մայրաքաղաքի փողոցներն ու պուրակները։ Ինչու՞ են մարդիկ անտարբեր իրենց շրջապատող միջավայրի հանդեպ։ ԱՀ բնապահպանության կոմիտեի ներկայացուցիչ Գոհար Գրիգորյանի կարծիքով՝ շրջապատի հանդեպ հոգատար վերաբերմունքը պետք է մանկուց սերմանել ու դաստիարակել։
«Խնդիրն այն է, որ մարդիկ աղբը շաղ են տալիս ամեն տեղ։ Դեռ մանկուց նրանց մոտ պետք է սրտացավություն սերմանել բնության հանդեպ։ Օրինակ՝ սովորեցնել կոնֆետի թուղթը գետնին գցելու փոխարեն, պահել գրպանում՝ մինչև աղբամանի հանդիպելը»։
Պատերազմից հետո Արցախի աղտոտվածութան մակարդակը բարձրացել է։ Պատճառը բնակչության խտությունն է նաև՝ պարզաբանում է «Սանմաքրում» ՀՈԱԿ-ի տնօրեն Եղիշե Մանգասարյանը։
«Ճիշտ է, մարդիկ շատացել են, աղբահանության խնդիրը սրվել է։ Բայց մենք շարունակում ենք ամենօրյա աշխատանքը։ Առավոտյան 6-ից մեր ավտոմեքենաներն աշխատանքի են անցնում։ Հիմա , համեմատած ամառային շրջանին, ավելի թեթև ռեժիմով ենք աշխատում»։
Մայրաքաղաքի և Ասկերան քաղաքի ամբողջ աղբը թափվում է Աջափնյակ բնակավայրում, բնակելի տներից և «Mu Mu» կաթնամթերային գործարանից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա։ Շուրջ տասը տարի է աղբանոցը շահագործվում է։ Բրիգադավար Յուրի Գասպարյանը ցույց է տալիս, թե այս ընթացքում որքան է կուտակվել աղբը։
«Արդեն 14-15 մետր հաստությամբ լցված է, հողով ծածկված։ Հիմա էլ մյուս՝ հարևան հատվածում ենք կուտակում»։
Այժմ աղբավայրը ձյունածածկ է: Աջափնյակի բնակիչները կարող են բացել պատուհանները, բակում լվացք փռել: Մի բան, որ հնարավոր չէ անել ամռանը:
«Ամռան օրերին տաքությունից աղբանոցը վառվում է, թաղամասը ծխի մեջ կորում։ Հիմա չի երևում, ձյունը ծածկել է, բայց ահավոր է լինում»։
Աջափնյակի բնակիչներն ամռանը երեխաներին չեն թույլատրում բակում խաղալ․ օդը չափազանց կեղտոտ է։ Բայց այստեղ տանտիկինները դեռ հիշում են մոտակա անտառ գնալը, բերք ու բարիք հավաքելը։
«Բնությունը շատ գեղեցիկ էր առաջ։ Մենք թաղի կանայքով հավաքվում էինք մի 2-3 ժամով անտառ գնում, մասուր, հոն հավաքում, զրուցում, ժամանակ անցկացնում։ Հիմա դա պարզապես հնարավոր չէ։ Շները աղբը քաշում, հասցնում են անտառները։ Մի տեղ մի տոպրակ, մի ուրիշ տեղ լաթի կտոր։ Ախր, սա աղբ թափելու տե՞ղ ա»։
Բնապահպանության կոմիտեի ներկայացուցիչ Գոհար Գրիգորյանն ասում է, որ Արցախում լիցենզավորված աղբանոց չի եղել ու չկա։ Դրանք աղբի կուտակման ժամանակավոր վայրեր են, որոնք չեն համապատասխանում միջազգային ստանդարտներին։
«Աջափնյակի աղբավայրը, որպես այդպիսին կոչվել չի կարող, որովհետև միայն չափսերով մեծ տարածք է։ Գազահանման ենթակառուցվածներ չեն գործում, որն էլ հանգեցնում է աղբի ինքնաբռնուկմների։ Աղբահան ավտոմեքենաները աղբանոցից քաղաք գալու համար չեն մաքրվում։ Աղբն ինքնին չի ոչնչանում։ Եթե կենսաբանական նյութերի քայքայման համար մի քանի տարին բավական է, ապա պլկաստիկ իրերի համար 100-150 տարին էլ կարող է քիչ լինել»։
Քաղաքակիրթ աշխարհը աղբի խնդրի լուծման երկու տարբերակ է գտել՝ աղբավառարաններն ու վերամշակումը՝ ասում է Գոհար Գրիգորյանը։ Բնապահպանության կոմիտեն 2018-19 թվականներին ուսումնասիրություններ է իրականացրել Արցախի ողջ տարածքում, որոշել աղբի քանակը՝ աղբավառարաններ ձեռք բերելու համար։ Բայց ծրագիրն այդպես էլ չի իրականացվել։ Մյուս տարբերակը՝ աղբի տեսակավորումն ու հետագա վերամշակումը, նույնպես դիտարկվել է, բայց մերժվել ֆինանսական սղության պատճառով։ Այն դեռևս միայն կուտակվում է։ Աղբի վերամշակումը, որ աշխարհի շատ երկրներում շահավետ բիզնես է, Արցախում՝ միայն գլխացավանք։