«Արցախէներգո» փակ բաժնետիրական ընկերությունը 2022 թ․ ընթացիկ տարվա հունվարի 24-ին հայտ է ներկայացրել Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով՝ առաջարկելով վերանայել հանրությանը մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագները։ Ընկերությունը սակագնային փոփոխությունները հիմնավորել է ՀՀ-ից մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագնի աճով։ Այսօր հանձնաժողովը գումարել է նիստ՝ հաստատելով հետևյալ սակագները։ Այն ներկայացնում է հանձնաժողովի՝ հանրային ծառայությունների կարգավորման վարչության պետ Աննա Առաքելյանը:
«110 կՎ լարմամբ սնվող սպառողների համար՝ 42 դրամ՝ գործող 36 դրամի փոխարեն։ 35 կՎ լարմամբ սնվող սպառողների համար՝ 44,5 դրամ՝ 40 դրամի փոխարեն։ 6(10) կՎ լարմամբ սնվող սպառողների համար 50,5 դրամ՝ գործող 46 դրամի փոխարեն։ 0,38 կՎ և ցածր լարմամբ սնվող սպառողների համար ցերեկային սակագինը 53 դրամ՝ գործող 49 դրամի փոխարեն և գիշերային սակագին՝ 48 դրամ՝ գործող 44 դրամի փոխարեն»։
Սակագնային այս փոփոխությունները վերաբերում են տնտեսվարող սուբեկտներին։ Բայց կան բացառություններ։
Բնակիչների՝ ֆիզիկական անձանց մատակարարվող էլեկրաէներգիայի սակագինը չի փոխվել, սուբսիդավորումը՝ նույնպես։
«Պետք է հատուկ նշել, որ ընդունված որոշման համաձայն, բնակչության, գյուղատնտեսության ոլորտի ջերմոցային տնտեսությունների և մշակող արդյունաբերության ոլորտի՝ հացի և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող տնտեսվարող սուբեկտների, սպառողական խմբերի համար էլեկտարական էներգիայի սակագները չեն աճել»։
Պետնախարար Արտակ Բեգլարյանը «Արցախ» լրատվականի հետ զրույցում հաստատեց՝ բնակչության համար փոփոխություն չի լինի։
«Էլեկտրաէներգիայի սակագինը միանշանակ չի փոխվելու. առաջնահերթորեն բնակիչների համար չի փոխվելու: Արտաքին շուկաներով կամ մատակարարներով պայմանավորված, այդ թվում և Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող սակագնային փոփոխություններով պայմանավորված, այո, միգուցե որոշակի դեպքերում կարող է էլեկտրաէներգիայի սակագին փոխվել, բայց դա բնակչությունն իր մաշկի վրա չի զգալու»:
Այս որոշումն ուժի մեջ կմտնի 2022 թվականի մարտի 1-ից։