«Աստղիկ» բժշկական կենտրոնի սրտաբան-արիթմոլոգ Գայանե Աղաբաբյանը աշխատանքային այցով առաջին անգամ չէ Արցախում։ Մասնագիտական պարտքի զգացումը երիտասարդ բժշկուհուն այստեղ էր բերել նաև 44-օրյա պատերազմի ժամանակ։ Այս անգամ Գայանե Աղաբաբյանը երկու շաբաթով էր Արցախում։
«Մորավորապես 180-ից 200 պացիենտ եմ ընդունում ամեն անգամ։ Քանի որ կանխարգելումն այստեղ շատ ավելի ցածր մակարդակի վրա է՝ պացիենտը գանգատները ի հայտ գալուց բավականին ուշ է դիմում։ Հիմնական խնդիրներն են ծանր աստիճանի հիպերտենզիան, սրտային անբավարարությունը, ունեցել ենք նաև սրտամկանի ինֆարկտով բավականին մեծ թվով պացիենտներ։ Այս հիվանդությունների պատճառներից մեկն էլ այն է, որ դեղորայքը խիստ կանոնավոր չի օգտագործվում»։
Սիրտ-անոթային հիվանդությունների տարածումը պայմանավորված է նաև պատերազմական իրավիճակով՝ համոզված է բժշկուհին։
«Զարկերակային հիպերտենզիաները սթրես ֆոնին, բնականաբար, շատ ավելի հաճախ են հանդիպվում։ Արիթմիաները սթրեսային իրավիճակներում, բնականաբար, ավելի շատ են պրովոկացվում և սրտամկանի ինֆարկտը, որի պրովոկացիան հենց զարկերակային բարձր ճնշումն է , դեղորայք չօգտագործելը, խոլեստերինի մակարդակը չուղղելը»։
Աշխատանքում Բժիշկ Աղաբաբյանը դժվարությունների չի հանդիպում, ասում է՝ կան համապատասխան սարքավորումները, ժամանակակից տեխնոլագիաներով հիվանդանոցը հագեցած է։ Բժշկուհուն անհանգստացնում է մասնագետների պակասը։
«Խնդիրը հենց մասնագետներն են, հիվանդանոցը տեխնիկապես լիովին հագեցված է, այստեղի իմ աշխատանքում բացարձակ տարբերություն չեմ տեսնում։ Մասնագետները ատ լավն են՝ վերապատրաստված, տեղեկացված, պարզապես, քիչ են։ Այստեղ կադրերի խնդիրն է, մեծ պակաս ունենք և կարծում եմ մեր բոլորի պարտքն է գալ ու լրացնել և թեթևացնել տեղի մասնագետների աշխատանքը»։
2014 թվականին Արցախում բացվել է Անգեոգրաֆիկ կենտրոն, որի ներդրումը կարևոր քայլ էր Արցախի առողջապահության ոլորտում։ Այստեղ են կատարվելում սրտի և մնացած բոլոր օրգանների անոթների ստենտավորումները։ Պատերազմից հետո կենտրոնում բուժումը անվճար է դարձել։ Արցախի Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անգելինա Իսախանյանն է պարզաբանում։
«ԱՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամանով, 2021 թվականի հունիսի 16-ից Արցախի Հանրապետությունում հաշվառված անձանց, անկախ սոցիալական կարգավիճակից, Հանրապետական բժշկական կենտրոնի անգիոգրաֆիայի բաժանմունքում սրտի և էնդովասկուլյար հետազոտությունները, վիրահատությունները և միջամտություններն իրականացվելու են պետության կողմից երաշխավորված անվճար հիմունքներով՝ պետական բյուջեի միջոցների հաշվին:»
Կան սիրտ-անոթային հիվանդություններ սակայն, որոնց բուժումն Արցախում հնարավոր չէ՝ ասում է բժշկուհին և թվարկում այդ հիվանդությունները։
«Խոսքը սրտի բաց վիրահատությունների մասին է՝ աորտակորոնար շունտավորում, ինչպես նաև կյանքի հետ անհամատեղելի իրավիճակների՝ աորտայի դեսեկցիայի մասին է (շերտազատման)։ Բաց վիրահատություններ, ցավոք, ԱՀ-ում առայժմ չի կատարվում, մնացած, հիմնական սուր խնդիրները, այստեղ մեծ հաջողությամբ կատարվում են, ես ինքս ականատես եմ եղել շատ լուրջ խնդիրների բուժմանը՝ բարեհաջող ավարտով»։
Պրակտիկան ցույց է տալիս, որ սիրտ-անոթային հիվանդությունները բավականին երիտասարդացել են՝ ասում է Գայանե Աղաբաբյանը։
«Եթե առաջ մեր պացիենտների տարիքը 40-ից բարձր էր, այժմ, ցավոք 30-ից հետո էլ մենք ունենք խնդիրներ, խնդիրներ կան նաև 20-ից բարձր տարիքի մարդկանց մոտ։ Երիտասարդ պացիենտներ շատ ունենք, խնդիրը երիտասարդացել է, երևի թե սթրեսների, շատ ծխելու, վնասակար սովորությունների չարաշահման արդյունքում»։
Սիրտ-անոթային հիվանդությունների դեմ պայքարելու համար սրտաբան-արիթմոլոգ Գայանե Աղաբաբյանը խորհուրդ է տալիս զերծ մնալ վնասակար սովորություններից և պարբերաբար հետազոտվել՝ բարդություններից խուսափելու համար։