Այսօր մամուլի ասուլիս է հրավիրել նաև ԱՀ արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանը: Անցած տարին նախարարության համար հագեցած էր. բացի հիմնական գործառույթներից, գերատեսչությունը զբաղվել է տեղահանվածների իրավական խնդիրների կարգավորմամբ: Սրբուհի Վանյանի ռեպորտաժը: Ռեպ Այսօր Արցախի հանրապետության արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանն ամփոփել է 2021 թվականին կատարված աշխատանքները: Տարին հագեցած էր. բացի նախատեսված աշխատանքներից, օրենսդրական բարեփոխումների ուղղությամբ են աշխատել՝ նպատակաուղղված տեղահանված մեր հայրենակիցների իրավական խնդիրների կարգավորմանը: Մի շարք ոլորտներում այդ աշխատանքներն ավարտին են հասցվել:
«Ընդհանուր թվով 6439 գրություն է մուտքագրվել նախարարություն, որոնք սահմանված ժամկետներում և կարգով ընթացքավորվել են: Օրենսդրական հարցերի վարչության կողմից մշակվել են 66 օրենքների, կառավարության 27 որոշումների նախագծեր, որոնց գերակշիռ մասը ընդունվել է ԱԺ և կառավարության կողմից: Փոքր մասը գտնվում է ընթացքի մեջ: Ընդունված իրավական ակտերով փոփոխություններ են կատարվել հատկապես Նոտարական ու Դատական ակտերի հարկադիր կատարման բնագավառներում»:
Նոտարական ինստիտուտում փոփոխությունները ներկայացնելով Ժիրայր Միրզոյանը տեղեկացրել է, որ անցում են կատարում մեկ միասնական համակարգի. Արցախն այսուհետ հանդես է գալու որպես մեկ միասնական նոտարական տարածք՝ 9 նոտարներով: Նոտարների թիվն, ի դեպ, անփոփոխ է մնում: Օրենսդրական փոփոխության անհրաժեշտության հիմնավորումը Ժիրայր Միրզոյանը ներկայացրել է հետևյալ կերպ.
«Օրենքով, հետագայում նաև նախարարի հրամանով, նախատեսել ենք 2 նոտար գործուղել ՀՀ, որպեսզի մեր տեղահանված և Հայաստանում ապաստանած քաղաքացիները նոտարական ծառայություններից օգտվեն: Այստեղ որոշ սահմանափակումներ կան: Խոսքը ոչ բոլոր նոտարական գործողություններին է վերաբերում՝ հիմնականում ժառանգության վկայագրերին, կտակի վավերացմանը և գույքային որոշ հարցերի, որպեսզի չհակասեն ՀՀ նոտարի ինստիտուտի օրենսդրութանը»:
Համակարգում կառուցվածքային փոփոխություններ են կատարվել. Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը վերանվանվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության: Նրան վերապահվել է նաև անբողոքարկելի վարչական ակտերն առանց դատարանի որոշման ի կատար ածելու իրավասություն: Օրենսդրական փոփոխությունների արդյունքում կատարողական թերթերի հիման վրա հարուցված կատարողական վարույթներով 1421 քաղաքացիներ ազատվել են ֆինանսական պարտավորություններից:
«Օրենսդրական նոր կարգավորումներով ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից տրված կատարողական թերթերի հիման վրա հարուցվել են 1421 կատարողական վարույթներ, ըստ որոնց քաղաքացիներն ընդհանուր 100 մլն դրամի չափով կատարման ծախսերը վճարելու պարտավորությունից ազատվել են: Խոսքն այն վարչական ակտերի մասին է, որոնք ներվել են»:
Նախարարը ներկայացրել է նաև Քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնի ամփոփ տեղեկատվությունը: Տարին համեմատության մեջ ենք դնում նաև 2019 թվականի հետ. 2020-ը ոչ սովորական, կորուստներով լեցուն տարի էր:
«2021 թվականին գրանցվել է 1555 ծնունդ: Դա 2020 թվականի ցուցանիշից պակաս է 113-ով, իսկ 2019 թվականից՝ 576-ով: Մահերի թիվը կազմել է 1350, որը 2020 թվականի ցուցանիշից պակաս է 179-ով, իսկ 2019 թվականի ցուցանիշը գերազանցում է 195-ով: 2019 թվականի հետ համեմատում ենք նաև նրա համար, որ 2020 թվականը մեզ համար առանձնահատուկ էր վատ իմաստով»:
Ինչպես արդեն հայտարարվել է տարբեր հարթակներից, Արցախը սահմանադրական փոփոխությունների է պատրաստվում. ստեղծված իրավիճակում գործող Սահմանդրությունը ռիսկային է դիտարկվում: «Արցախ» լրատվականի հարցը արդարադատության նախարարին՝ սահմանադրական փոփոխություններին էր առնչվում:
«Դեռևս չկա նույնիսկ աշխատանքային տարբերակ: Առաջիկա օրերին Նախագահի հրամանագրով կստեղծվի աշխատանքային խումբ, որը կզբաղվի Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի մշակմամբ: Ապա կստեղծվի մասնագիտական խումբ, որը կզբաղվի նախագծի մշակման և մնացած բոլոր իրավական գործընթացներով: Քանի դեռ չկա հայեցակարգի նույնիսկ նախնական տարբերակ, մենք բովանդակության վերաբերյալ որևէ հստակ բան չենք կարող ներկայացնել: Բայց այն, որ փոփոխությունները վերաբերելու են կառավարման համակարգին և որ դա որոշակիորեն պետք է քաղաքական օրակարգում հասունանա (քաղաքական ուժերն իրենց առաջարկները ներկայացնեն)՝ միանշանակ է: Դրանից հետո կարող ենք խոսել բովանդակության մասին: Իմ պատկերացմամբ այն վերաբերելու է կառավարման համակարգին, քանի որ պատերազմի ժամանակ և հետո մենք առնչվել ենք այնպիսի իրավիճակների, երբ ուղիղ իմաստով կարող է կառավարման ճգնաժամ առաջանալ։ Հենց այդ խնդիրը լուծումն առաջին հարցն է լինելու, որ դրվելու է սահմանադրական բարեփոխումների հիմքում»:
Հայեցակարգը հաստատման ներկայացնելու համար 2-3 ամիս ժամանակ կտրվի: Դրան կհաջորդի նախագծի վրա մասնագիտական խմբի աշխատանքը: «Հայեցակարգում կուրվագծվեն այն բոլոր ուղղությունները, որտեղ փոփոխություններ են լինելու»,-ասել է Ժիրայր Միրզոյանը: Իսկ մինչ այդ դրա բովանդակությունը քննարկելը նախարարը վաղ է համարում: