«Հացի արտադրամասի հիմնում Ծաղկաշատ գյուղում, ծրագրի հեղինակ Անահիտ Կասյան»: Երազանքի հետևից Անահիտ Կասյանը գնացել է ուղիղ 5 տարի: Այն գուցե այդպես էլ երազանք մնար, եթե չլիներ «Բարձր տեխնոլոգիաների և ռազմավարական պլանավորման կենտրոն» հիմնադրամը: Ընտանիքի համար խմորեղեն պատրաստելու ժամանակ ծնված գաղափարը բիզնես նախագիծ դարձավ հենց Հիմնադրամի աջակցության շնորհիվ:
«Խոհարարությունն իմ հոբբին է: Միշտ երազել եմ իմ սեփական արտադրամասն ունենալու մասին: Այսօր այն իրականություն է դառնում, և ես շատ ուրախ եմ, որ հասել եմ դրան»:
Հիմնադրամի արտաքին կառույցների հետ կապերի բաժնի պետ Էմմա Պետրոսյանի խոսքով՝ ծրագրերի ֆինանսավորումը փուլային եղանակով է կատարվում:
«Սա ֆինանսավորման առաջին փուլն է: Եթե այս փուլում տրամադրված գումարները ծառայեն իրենց նպատակին, շահառուները կֆինանսավորվեն նաև երկրորդ փուլով, հակառակ դեպքում՝ ֆինանսավորում չենք իրականացնի»:
Աջակցությունը հնարավոր է դարձել 2021 թվականին իրականացված առաջին՝ «Կանգնի՛ր Արցախի կողքին» հեռուստամարաթոնի շնորհիվ: 15 օրվա ընթացքում հավաքված գումարի չափը ներկայացնում է Էմմա Պետրոսյանը.
«Այս պահի դրությամբ հիմնադրամում հավաքագրված գումարի չափը կազմում է 92 137 903 ՀՀ դրամ, 1000 եվրո և 25 050 ԱՄՆ դոլար: Շնորհակալ ենք բոլորին, որոնք իրենց ներդրումն են ունեցել այս գործում»:
Բիզնես ծրագրերի ֆինանսավորումը շարունակական է լինելու: Այսօր առաջին փուլով դրամական աջակցություն է տրամադրվել 10 բիզնես-ծրագրի: