Նոյեմբերի 22, 2024

Արդյո՞ք անվճար են բժշկական ծառայությունները

By Ասպրամ Ավանեսյան Փետրվարի 03, 2022
Անվճար բժշկական ծառայության ծրագիրը Արցախի Հանրապետության նախագահի նախընտրական ծրագրերի մեջ էր մտնում։ Անվճար բուժօգնության անցնելու ուղղությամբ  2020 թվականին  մեծ  աշխատանք  է տարվել, սակայն հայտնի պատճառներից ելնելով, ծրագիրը վերջնակետին չհասավ։  Այն հաջողվեց կյանքի կոչել միայն  2021 թվականին։ Ծրագրի իրականացման համար մեծ խումբ է աշխատել՝ ասում է Առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը։ 
 
« Իհարկե, շտկելու բաներ շատ կան, բայց հանգիստ կարող ենք ասել, որ այս պահին մենք ունենք բժշկություն, մենք ունենք առողջապահություն, որը Արցախում, որոշ դեպքերում նաև Հայաստանում, արցախցիների համար  անվճար է, այսինքն ֆինանսավորվելու է պետության կողմից։ Այն փաստացի արդեն ֆինանսավորվում է»։
 
 Քաղաքացիների շրջանում առկա  բողոքները  հաճախ կապված են  օրենքին անտեղյակ լինելուց․ Միքայել Հայրիյանը օրինակներով է բացատրում, թե ո՞ր դեպքում է բուժօգնությունն անվճար։ 
 
«Իրազեկման խնդիր միանշանակ կա  և այն  ոչ միայն բուժառուներին է վերաբերում։ Խնդիրը  համակարգային է։ Բայց, խոսենք այն մասին,  թե  ինչ մեխանիզմով է այժմ աշխատում անվճար բուժօգնության համակարգը․ պացիենտը ունի իր բուժող բժիշկը՝   թերապևտը, որը պատասխանատու է իր համար։   Որոշակի գանգատ ունենալու դեպքում անձը դիմում է իր թերապևտին։  Անհրաժեշտության դեպքում թերապևտը ուղորդում է նեղ մասնագետի մոտ, օրինակ՝ նյարդաբանի։  Նյարդաբանը կարող է ցուցում տալ, օրինակ՝ MRT հետազոտության և այդ ցուցումը նշանակելու դեպքում պացիենտը վերցնում է իր նեղ մասնագետի ցուցումը, գնում է մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (MRT) և անվճար անցնում այդ հետազոտությունը»։
 
 Կան   ոլորտներ, որոնք  չեն մտնում անվճար բուժօգնության ծրագրի մեջ։ Առողջապահության նախարարն է մանրամասնում․ 
 
«Անվճար բուժօգնության մեջ չեն մտնում պլաստիկ վիրահատությունները, որոնք կոսմետիկ նշանակություն ունեն, այսինքն որևէ առողջական խնդիր չեն լուծում։ Ատամնաբուժական անվճար բուժծառայությունից օգտվում են միայն սոցիալական առանձին խմբերի ներկայացուցիչները (այդ խմբերի մեջ մտնում է  Արցախի բնակչության 60-65 տոկոսը)»։
 
 Առողջապահության ոլորտի այս բարեփոխումը  ուժի մեջ է   մտել հունվարից։  Քաղաքացիների շրջանում դժգոհությունները նախարարը նաև ժամանակի գործոնով է  պայմանավորում։    Ժամանակի ընթացքում դրանք բոլորն էլ կստանան իրնեց պատասխանները։ 
 
 
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ