Նոյեմբերի 22, 2024

Երբ գործն ու գործազուրկը իրար չեն գտնում

By Սրբուհի Վանյան Փետրվարի 05, 2022
Բնակչության զբաղվածության ապահովումը հետպատերազմյան Արցախի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներից մեկն է. թերևս ամենաառաջնահերթը՝ անվտանգությունից հետո: Խնդիրն առկա է երկար տարիներ: Ադրբեջանի վերահսկողությանն անցած արցախյան բնակավայրերից տեղահանված քաղաքացիների գործոնով պայմանավորված՝ խնդիրը այլ երանգներ էլ է ստացել: Օրերս ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի նախարարությունը տարածեց Արցախում առկա թափուր հաստիքների վերաբերյալ իրազեկում, նշելով, որ այս պահին Արցախում, մասնավորապես՝ Ստեփանակերտում, առկա են մի քանի հարյուր թափուր աշխատատեղեր։ Մենք ուսումնասիրեցինք թափուր աշխատատեղերի ցանկը. Թափուր աշխատատեղերը հիմնականում մասնավոր հատվածում են. զոդող մասնագետների, վարորդների, շինարարաների, բանվորների, կարողների, սպասարկողների, հավաքարարների կարիք ունի տնտեսությունը: Որպես կանոն աշխատանք փնտրողների մեծ մասին այդ առաջարկները չեն հետաքրքրում: Առկա անհամապատասխանության մասին տեղյակ են նաև իշխանությունները: Արցախի հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանի մեկնաբանությունը.  
 
«Հաջորդ խնդիրը, որն, այո, ամենամեծն է՝ ժողովրդագրության վրա ազդող, զբաղվածության հարցն է: Եվ այստեղ, այո, կա, առաջարկի ու պահանջարկի անհամապատասխանելիություն: Պատերազմից հետո՝ ցցուն անհամապատասխանելիություն»:
 
 Սոցապ նախարարության աշխատանքի և զբաղվածության բաժնի պետ Համլետ Պետրոսյանից տեղեկացանք, որ այս պահին բաժինը 25 գործատուից 338 թափուր աշխատատեղերի առաջարկ ունի: Մասնավոր հատվածից: 
 
«Մեծ մասը շինարարության ոլորտի աշխատատեղերն են, հետևյալ մասնագիտություններով՝ եռակցողներ, շինտեխնիկայի վարորդներ, ծեփագործներ, պատշարներ, բետոնի հետ աշխատողներ, սալիկապատողներ, թիթեղագործներ: Կան նաև թափուր աշխատատեղեր տարբեր արտադրություններում. Օրինակ՝ հացի ու լավաշի արտադրամասերում աշխատողների կարիք կա»:
 
Պետական սեկտորից առաջարկներ չկան. Այնտեղ առկա թափուր աշխատատեղերի վերաբերյալ հայտարարությունները սովորաբար, օրենքի համաձայն, Քաղծառայությունն է հայտարարություններ տեղադրում: Գործազուրկների հաշվառում աշխատանքի և զբաղվածության բաժինը նույնպես վարում է, բայց դա գործազրկության իրական մակարդակը դժվար թէ արտացոլեն:  
 
«Բաժնում որպես գործազուրկ գրանցված է 1016 հոգի, որից 788 -ը կանայք են: Բայց դա գործազուրկների իրական պատկերը չէ բնականաբար: Բազմաթիվ այցելուներ ենք ընդունում օրվա ընթացքում: Մեր աշխատողների կողմից ներկայացվում են գործատուների առաջարկները, անհրաժեշտության դեպքում կապող օղակ ենք հանդիսանում: Այդ առաջարկները տեղադրված են նաև մեր կայքէջում և ամիսը մեկ անգամ թարմացվում են»:
 
 Ստացվում է այնպես, որ գործազրկության բարձր ցուցանիշ ունեցող Արցախում կա աշխատանք, որն անել շատերը չեն ուզում, և գործատուներն աշխատող չգտնելու փաստի առաջ են հայտնվել: Խնդիրն ավելի խորքային է, քան կարող է թվալ առաջին հայացքից: Պատճառներն էլ տարբեր են: Արտակ Բեգլարյանը դրանց մասին է խոսում:  
 
«Պատճառներից մեկը կարողությունների անհամապատասխանելիությունն է. կա որոշակի պահանջարկ աշխատաշուկայում, բայց կարողությունների առաջարկը չի համապատասխանում, որովհետև մեր կրթական ֆորմալ և ոչ ֆորմալ համակարգը չի համապատասխանում աշխատաշուկայի առանձնահատկություններին ու պահանջարկին: Խնդիրը, հատկապես պատերազմից հետո, այո, հոգեբանական է: Բոլոր հասարակություններում սա օրինաչափություն է՝ հասարակությունում պատերազմից հետո ծուլության մակարդակն աճում է»:
 
 Դրան Համլետ Պետրոսյանի դիտարկամբ, գումարվում է նաև քաղաքացիների կողմից մասնավորի նկատմամբ պետական համակարգում աշխատելու նախապատվության գործոնը: 
 
«Կուզենայի նշել, որ գործազուրկների գերակշիռ մասը մեր հանրապետությունում նախապատվությունը տալիս է պետական հատվածում աշխատանքին»։
 
Այստեղ էլ պատճառները խորքային են՝ մասնագիտական կարողություններից, կրթությունից մինչև մասնավորի նկատմամբ անվստահություն ու սոցիալական երաշխիքների բացակայություն, և վերլուծության ենթակա՝ եթե ցանկանում ենք զբաղվածության ապահովման ոլորտում համակարգային լուծումներ ստանալ: Արտակ Բեգլարյանը առաջիկայում նախատեսվող քայլերն է ներկայացնում:  
 
«Մենք անցում ենք կատարում զարգացման ծրագրերին: Փիլիսոփայությունում մոտեցումը փոխվում է: Որոշակի ծրագրեր սկսել ենք, առաջիկայում նոր ծրագրեր էլ կլինեն, որոնք կխթանեն զբաղվածությունը: Մարդիկ պիտի հասկանան, որ եթե ուզում են ավելի բարձր աշխատավարձ ստանալ , ավելի լավ աշխատանք ունենալ, պետք է իրենց կարողությունների զարգացման վրա աշխատեն: Այստեղ համար մեկ խնդիրը մարդկանց մտածողությունն է»:
 
 Պետությունն ընդամենն աջակցող գործառույթ պետք է իրականացնի, այդ թվում նաև սեփական անձի վերլուծության, մասնագիտական կողմնորոշման աջակցություն: Ա. Բեգլարյանի խոսքով պետությունը պիտի, նաև աշխատելու է հասնել նրան, որ նվազագույն սոցիալական երաշխիքներ տրամադրվեն բոլոր քաղաքացիներին, իսկ մնացածը՝ սեփական ու ընտանիքի անդամների բարեկեցիկ կյանքը մարդիկ պիտի ապահովեն սեփական աշխատանքով՝ տնտեսության համար մրցունակ արդյունք ապահովելով: Այդքանը՝ ապագայում: Մոտ կամ հեռու: Իսկ առայժմ գործն ու գործազուրկը իրար դժվարությամբ են գտնում, հաճախ միջնորդի միջոցով: Իսկ Աշխատանքի և զբաղվածության բաժինը աշխատանք կամ աշխատող գտնելու գուցե վերջին հույսն է՝ ինչպես գործատուի, այնպես էլ գործազուրկի համար:
 
 
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ