Նոյեմբերի 22, 2024

Օմիկրոնի դեպքեր Արցախում

By Մարգարիտա Ղուշունց Փետրվարի 05, 2022

Վերջին շաբաթվա ընթացքում կորոնատվյալներն Արցախում մտահոգիչ են։ Մեծ տարածում է գտել Քովիդի նոր՝ «Օմիկրոն» շտամը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով կորոնավիրուսային հիվանդության նոր շտամն ունի շուրջ 50 մուտացիա։ Այս շտամն ավելի արագ է տարածվում, քան իր նախորդները, հատկապես երեխաների մոտ, և այն կարող է վարակել ավելի շատ մարդկանց, ներառյալ նրանց, ովքեր ապաքինվել են այլ շտամներից: Հայաստանում առաջին անգամ օմիկրոն դեպք գրանցվեց հունվարի կեսերին, իսկ Արցախում ՝ վերջերս։ Թեստերի դրական արդյուքների մեծամասնությունը օմիկրոն է՝ ասում է Հանրապետության Առողջապահության նախարարության Համաճարակաբանության և հիգենայի կենտրոնի գործադիր տնօրեն Օֆելյա Գրիգորյանը։ Այս շրջանում թեստավորվածների մեծամասնությունը երեխաներ են

«Եթե Դելտա և այլ շտամեր ավելի տարածված էին հիմնականում մեծահասակների մոտ, ապա Օմիկրոնով դեպքերը երեխաների մոտ ավելի շատ են։ Մանկական հիվանդանոցից քովիդ ախտորոշման թեստեր վերջին օրերին շատ են ստացվում» ։

 «Արևիկ» մանկական հիվանդանոցում օմիկրոնով հիվանդ 3 երեխա էր բուժում ստանում, որից երկուսը լիարժեք ապաքինվել և այսօր արդեն դուրս են գրվել։ Գերարտահայտված թուլություն, կոկորդի շրջանում ցավեր, հարբուխ, գլխացավեր. սրանք են այն բոլոր նշաները, որոնք արտահայտվում են Օմիկրոնի դեպքում՝ ասում է մանկաբույժ Էռնեստ Լալայանը։ Բուժման առումով օմիկրոնը դիտարկվում է որպես սովորական վիրուսային ինֆեկցիա։ Հիվանդության տևողությունը կախված է երեխայի դիմադրողականությունից։ 

«Առանձնահատուկ բուժում չկա, ջերմիջեցնողներ, քթի լվացում, շատ հեղուկների օգտագործում։ Եթե նշված ախտանիշները շատ են արտահայտված,ապա պետք է դիմել բժշկի՝ համապատասխան բուժում ստանալու համար»։

 Մանկաբույժի խոսքով Արցախում ամենափոքր բուժառուն, որը վարակվել է Քովիդի նոր տեսակով 2 ամսական է, բժիշկների անմիջական վերահսկողության և հոգատարության շնորհիվ փոքրիկն արագ ապաքինվել է։ Համաճարակաբանության և հիգենայի կենտրոնի գործադիր տնօրեն Օֆելյա Գրիգորյանի խոսքով՝ եթե վիրուսի տարածվածությունը չնվազի, ապա ստիպված կլինեն սահմանափակումներ մտցնել․

«Եթե դպրոցի որևէ դասարանում կա գոնե մեկ դեպք, ապա դասարանն անցնում է հեռավար կրթության։ Դպրոցներում արդեն կան հեռավար ուսուցման անցած դասարաններ»։

 Վիրուսի շտամը նոր է, պայքարի միջոցները՝ նույնը։ Մանսագետները խորհուրդ են տալիս պահպանել հակահամաճարակային կանոնները՝ վարակի այս նոր ալիքը հնարավորինս արագ հաղթահարելու համար։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ