Պատերազմից հետո տևական ժամանակ Արցախի «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի» բժիշկները անհամբեր սպասում էին ծննդատան նախկին ակտիվությանը։ Ամիսներ շարունակ ծնարանի դռները հազվադեպ էին բացվում: Այդ լռությունը բժիշկների համար որքան արտասովոր, նույնքան էլ ծանր էր: Ժամանակի ընթացքում Հանրապետությունում կյանքի աշխուժացմանը զուգահեռ նաև Ծննդատան աշխատանքն ակտիվացավ: Եթե դեկտեմբեր ամսին օրական 1, 2 ծնունդ էր գրանցվում, օգոստոսից սկսած այդ թիվը հասավ 14-ի: Դրան զուգահեռ ի հայտ եկան պատերազմի հետևանքները. ավելացել է անպտղության ցուցանիշը. Թիվը մոտ է 2000-ին։
2 կգ 850 գրամ. ուղիղ այսքան էր կշռում Պողոսյանների ընտանիքի երջանկությունը՝ Մհերը, 2 ամիս առաջ: Արդեն երկու ամիս է՝ նրա քաշի ավելացումը, ժպիտն ու լացը, անուշ քունն ու անհանգիստ գիշերը քննարկվում, վերլուծվում է ընտանիքում, գերդաստանում ու հարևանների հետ: Զարմանալի չէ. Փոքրիկի ծննդին այստեղ սպասել են ուղիղ 13 տարի:
«Մինչև երեխայի ծնվելը կյանքն անիմաստ էր։ Գնում էի աշխատանքի ու գալիս տուն, բայց երեխայի ծնվելուց հետո ամեն ինչ փոխվել է։ Որտեղ էլ լինեմ՝ շտապում եմ տուն՝ փոքրիկիս մոտ»։
13 տարվա ընթացքում Իրինան և ամուսինը դիմել են տարբեր բժիշկների Ստեփանակերտում, Երևանում: Հերթը հասել էր Էկո-ին՝ արտամարմնային բեղմնավորմանը: Բոլոր հետազոտություններն անցել էին: 2020 թվականի սեպտեմբերի 29-ին պետք է ուղեգիր վերցներին ու մեկնեին Երևան։
«Այդպես էլ երկուշաբթի օրը չգնացինք։ Պատերազմի օրերին մենք Գորիսում էինք: Ամուսինս վիրավորվեց, տեղափոխվեցինք Երևան։ Նրա ապաքինվելուց հետո մտածեցի, որ եթե հնարավոր է՝ շարունակենք բուժումը։ Մտավախություն ունեի, որ պատերազմից հետո ծրագիրը կարող է այլևս չֆինանսավորվել, բոլոր ուժերս հավաքելով՝ զանգեցի բժշկին»։
Իրինայի զանգը բժշկին սկզբում հուսահատեցնում է, բայց կարճ ժամանակ անց բժշիկը զանգում ու բարի լուր է հայտնում. պատերազմից հետո արտամարմնային բեղմավորման ծրագիրը կգործի ավելի ակտիվ։
«Շատերին ընդգրկեցին այդ ծրագրում: Ստեփանակերտից նույն խնդրով ինձ հետ ուրիշ աղջիկներ էլ կային հիվանդանոցում։ Էկոյի ճանապարհը շատ դժվար էր։ Արդեն չէի հավատում, որ արդյունք կստանանք, բայց դա էլ փորձեցի»։
Արտամարմնային բեղմնավորման գործընթացում միայն սաղմի տեղադրումն է, որ Արցախում չի կատարվում։ Բժիշկները զույգերին ամբողջությամբ հետազոտում ու պատրաստում են, ուղեգրում Երևան։ Առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի խոսքով 2020 թվականին 25 զույգ արդեն պատրաստ էր ծրագրից օգտվելու, բայց պատերազմի պատճառով չհասցրին։
«2021 թվականին այդ աշխատանքը մեծ ակտիվությամբ սկսվեց։ Այս պահին 182 զույգ ունենք գրանցված։ Ճիշտ է, սկզբից 150 զույգ ենք նախատեսել, բայց դա հաշվի չենք առնում։ Ներկա դրությամբ 88 զույգից բեղմնավորում է իրականացվել 33-ի մոտ: Արդյունքում ունենք 25 հղիություն և 3 ծնունդ: Երեքն էլ տղա երեխաներ են»։
Մինչ Հանրապետությունում անվճար արտամարմնային բեղմնավորման ծրագրի գործարկումը, այն իրականացվում էր տարբեր բարեգործական ծրագրերի միջոցով։ Մանկաբարձ, գինեկոլոգ, ռեպրուդուկտոլոգ Անահիտ Մաղաքելյանն ասում է, որ վերջին 3 տարվա ընթացքում բարեգործական ծրագրեր չեն եղել, ինչը բացասաբար է ազդել ծնելիության ցուցանիշներին։ Այսօր ծրագրից օգտվողների ցանկն ընդլայնվել է, պայմաները՝ մեղմացվել․ սկզբում ծրագրից անվճար կարող էին օգտվել միայն Արցախի քաղաքացիություն ունեցողները, իսկ այսօր՝ բոլոր նրանք, ովքեր իրենց ապագան Արցախում են տեսնում։
«Արտամարմնային բեղմնավորման ծրագրից կարող են օգտվել մինչև 53 տարեկան անձինք: Նաև փոխվել է ծրագրից օգտվելու կարգը: Նախկինում մեկ զույգի էկոն իրականացվելուց հետո էինք նոր զույգ գրանցում, այժմ նման հերթ չկա, ով պատրաստ է՝ ուղեգրում ենք Երևան»։
Եթե Էկո-ի մի քանի փորձը արդյունք չի տալիս, զույգն ուղեգրվում է Երևան՝ ավելի խոր ու համապարփակ հետազոտություններ անցնելու: Իրինան, որ անցել է այդ ոդիսականով, զույգերին խորհուրդ է տալիս չհանձնվել ու պայքարել հանուն այն պահի, երբ երեխային գրկած դուրս կգան ծննդատնից։