Նոյեմբերի 22, 2024

Արցախում բնակչության շուրջ 21% աղքատ է, ծայրահեղ աղքատ` 4%

By Անի Աբաղյան Փետրվարի 08, 2022

2021թ․ հավաքագրվել, մշակվել և ամփոփվել են պարենային ապահովության վիճակագրությանն առնչվող մակրոտնտեսական, սոցիալական և ժողովրդագրական ոլորտների, աշխատանքի վիճակագրության, երեխաների խնամքի և պաշտպանության միջոցառումների, գների և գների ինդեքսների, և մի շարք այլ ցուցանիշներ, որոնք տարեկան պարբերականությամբ հրապարակվել են «Պարենային ապահովություն և աղքատություն» վիճակագրական տեղեկագրում, ասում է ԱՎԾ տնօրեն Մանուշ Մինասյանը։ Հիմք ընդունելով միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված չափանիշները` կազմվել է 2020թ. առանձին ապրանքախմբերի պարենային հաշվեկշիռները․ 

«2020թ ինքնաբավության բարձր ցուցանիշներ ունեինք հացահատիկի, որոշ պտուղների, մսի գծով, ինչը չի կարելի ասել բանջարեղենի, շաքարի և մյուս ապրանքատեսակների համար»:

 Ծրագրով նախատեսված բոլոր 6 վիճակագրական հետազոտությունները իրականացվել են։ Սպառման ապրանքների գների և ծառայությունների սակագների դիտարկումը կազմակերպվել է հաշվետու տարվա բոլոր ամիսներին 3-ական անգամ ,- ասում է ԱՎԾ տնօրեն Մանուշ Մինասյանը։ 

«Պետք է նշեմ, որ 2021թ վերջին 10 տարվա կտրվածքով ամենաբարձր գնաճն է արձանագրվել՝ 7,5 տոկոս, ընդ որում սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչք ապրանքախմբում 13,4 տոկոս»:

 2021թ. ընթացքում անց է կացվել տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված հետազոտություն` ընտրանքում ընդգրկելով ԱՀ բոլոր շրջանները: Ընտրանքի չափը կազմել է 1296 տնային տնտեսություն: Հետազոտությունն իրականացվել է հաշվետու տարվա բոլոր ամիսներին. յուրաքանչյուր ամսվա ընթացքում հետազոտվել է 108 տնային տնտեսություն։ 

«Աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության ընդհանուր գծից, ծայրահեղ աղքատ են գնահատվել նրանք, ում սպա¬ռումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության պարենային գծից: 2020թ.-ին աղքատ է ԱՀ բնակչության 21.4%-ը, ծայրահեղ աղքատ է եղել բնակչության 4,2%-ը: Եթե բնակչության կենսամակարդակը դիտարկենք քաղաք-գյուղ բաշխվածությամբ, ակնհայտ է դառնում, որ աղքատների մեծ մասը (57.8%) քաղաքաբնակներ են, իսկ ծայրահեղ աղքատներինը (55.0%)` գյուղաբնակներ»:

 Ծառայությունն իրականացրել է նաև ԱՀ սոցիալ-տնտեսական վիճակի, Տարհանված ընտանիքների կենսապայմանների ընտրան¬քային հետազոտություն։ Վերջինս ընդգրկել է տարհանված տնային տնտեսությունների 10.4 տոկոսը: Բարելավվել է նաև Վիճակագրությանը վերաբերող իրավական դաշտը։ ԱՀ Նախագահի կողմից հաստատվել է «Արցախի Հանրապետության 2021-2023 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին» օրենքը։ ԱՀ Վիճակագրության պետական խորհուրդի անհատական որոշմամբ հաստատվել է «Արցախի Հանրապետության 2018-2020 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագրի կատարման հաշվետվությունը» և ներկայացվել ԱՀ Ազգային Ժողով:

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ