Նոյեմբերի 22, 2024

Փոխհատուցման ծրագիրը շարունակվում է

By Անի Աբաղյան Փետրվարի 09, 2022

2021 թվականին պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց փոխատուցումների համար պետական բյուջեից հատկացվել է մոտ 1 մլրդ 600 մլն դրամ՝ ասում է ֆինանսների նախարարի տեղակալ Նորայր Ավանեսյանը: 

«Նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության միջոցառման շրջանակում 2022 թվականին պետական բյուջեով նախատեսվել է 12 մլրդ դրամ»:

 Փետրվարի 2-ից ֆինանսական աջակցության դիմումների ընդունումը շարունակվում է: Դիմումների ընդունման հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Հայրապետյանի խոսքով՝ ընդունվել է մոտ 9500 դիմում, որոնցից հաստատվել է 1364-ը: 

«1364 դիմում հաստատվել է, բայց ֆինանսավորվել է  948-ը, 416-ը դեռ չի բավարարվել՝ ֆինանսական սղության պատճառով»:

 Փոխհատուցման գումարից միայն 5մլն դրամն է առձեռն տրվելու: Գումարի 5 մլն-ից ավելանալու դեպքում՝ փոխհատուցումը տրվելու է գանձապետական մուրհակի տեսքով՝ ասում է Արմեն Հայրապետյանը: Մուրհակում նշված գումարը մուրհակատերը կարող է օգտագործել միայն Արցախում գործարար ծրագրերի իրականացման, կամ հարկային, վարկային պարտավորությունների կատարման դիմաց՝ պարզաբանում է ֆինանսների նախարարի տեղակալ Նորայր Ավանեսյանը: 

«Գանձապետական մուրհակները տրամադրվում են Արցախի Հանրապետության Կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից ներկայացված հայտի համաձայն: Մուրհակները թողարկվում են 5 տարի մարման ժամկետով, 7 տոկոս տարեկան եկամտաբերությամբ: Այն կարող է նաև երկարաձգվել ևս 5 տարի ժամկետով՝  մուրհակատիրոջ ցանկությամբ: Մուրհակը ենթակա չէ օտարման և գրավադրման»:

 Գանձապետական մուրհակից ամեն 3 ամիսը մեկ հաշվեգրված տոկոսային գումարը փոխանցվում է մուրհակատիրոջ հաշվեհամարին: Կառավարության որոշմամբ փոխհատուցումներն իրականացվում են ըստ գրքամատյանում գրանցված հերթականության՝ առանց առաջնահերությունների: Աշխատանքային խմբերը լրացուցիչ աշխատանք են կատարում, որ զոհվածների ընտանիքները հնարավորինս շուտ օգտվեն ծրագրից: 

«Մենք ելնելով իրավիճակից փորձում ենք այնպես անել, որ մեր տուժած քաղաքացիները առաջնահերթությամբ օգտվեն փոխհատուցման ծրագրից, բայց այդ դեպքում մյուսների հերթը չի խախտվում»:

 Դիմումները լրացնելուց հետո յուրաքանչյուրին տրվում է անձնական գործի համար, որի միջոցով նրանք կարող են ներկայանալ աշխատանքային խմբին և ճշտել, թե ինչ վիճակում է գտնվում իրենց դիմումները: Իսկ թե երբ կլինի փոխհատուցման հաջորդ ֆինանսավորումը դեռ հայտնի չէ:

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ