Ծառայության անցած տարվա կատարած աշխատանքների արդյունքների վերաբերյալ ամփոփիչ ասուլիսով հանդես է եկել գլխավոր հարկադիր կատարող Նարեկ Գրիգորյանը։ 2021 թվականը ծանր աշխատանքնային տարի էր նաև Հարկադիր կատարողի համար:
«Հաշվի առնելով հետպատերազմյան իրողությունը՝ Ծառայությունը աշխատել է գերլարված ռեժիմով՝ ապահովելով քաղաքացիների դիմումներով բարձրացված խնդիրների անհապաղ լուծումը: Պարտապանների աշխատավարձերի, թոշակների վրա բռնագանձում տարածելիս պարտադիր հաշվի է առնվել պարտապանի ընտանեկան և սոցիալական դրությունը: 44-օրյա պատերազմում զոհված ազատամարտիկների և հաշմանդամություն ստացածների ընտանիքների անդամների, բռնի տեղահանվածների և զինվորականների նկատմամբ առանձին մոտեցում է ցուցաբերվել»։
Աշխատանքների պատշաճ կազմակերպման նպատակով բարելավվել են նաև անձնակազմի աշխատանքային պայմանները, վերանորոգվել է Ծառայության մասնաշենքը, թարմացվել է նյութատեխնիկական բազան, զգալիորեն աճել աշխատավարձը, փոփոխություններ են կատարվել նաև օրենսդրական դաշտում․ Նարեկ Գրիգորյանն է ներկայացնում։
«Հարկադիր կատարման մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում հարկադիր կատարման ենթակա ակտերի ցանկում ավելացել են անբողոքարկելի վարչական ակտերը: Ծառայության մասին օրենքում կատարված փոփոխություններով փոփոխվել է նաև Ծառայության անվանումը: «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տույժերի համաներման մասին» ԱՀ օրենքի համաձայն վարչական իրավախախտում կատարած անձինք ազատվել են վարչական ակտով նշանակված տուգանքի գումարը կամ դրա չվճարված մասը, ինչպես նաև կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից»:
Հարկադիր կատարման ծառայությունում վերը նշված օրենքի պահանջներից ելնելով կարճվել են թվով 1421 կատարողական վարույթներ:
«Կարճված կատարողական վարույթներով մեր քաղաքացիները ազատվել են ընդհանուր 100.169.000 դրամ պարտավորության կատարումից, որից կատարողական ծախսի մասով՝ 8.300.000 դրամ»:
2021 թվականին Ծառայությունում հարուցվել է ընդհանուր 6.918 կատարողական վարույթ, անցած տարվա համեմատ աճը կազմել 10,4 %: Կարճվել է 3.662 կատարողական վարույթ: 2021 թվականի աշխատանքների հաշվետվությունը գլխավոր հարկադիր կատարող Նարեկ Գրիգորյանն է ներկայացնում.
«Ընդհանուր բռնագանձված գումարը 2021թ-ին կազմել է 518.777.000 դրամ, նախորդ տարում՝ 729.911.000 դրամ: Նվազումը, 2020թ. համեմատ, կազմել է 211.134.000 դրամ, կամ 28,92 %: Պետական բյուջեի օգտին բռնագանձվել է 34.771.000 դրամ, ֆիզիկական անձանց օգտին՝ 110.374.000 դրամ, իրավաբանական անձանց օգտին՝ 373.631.000 դրամ»։
Գլխավոր հարկադիր կատարողը գոհացուցիչ է համարել 2021 թվականին Ծառայության կատարած աշխատանքը: Տարվա ամփոփիչ հաշվետվությունը լսել է նաև Արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանը: Պատերազմը որոշ խնդիրներ է առաջացրել մեր աշխատանքներում՝ ասում է նախարարը: Բայց դրանք բնական են հետպատերազմյան իրավիճակում։
«Մեր առաքելությունը որևէ կերպ չի փոխվել, հակառակը մենք ավելի հաստատակամ քայլերով պետք է գնանք առաջ։ Մենք տեղյակ ենք, որ որոշ հարցերում գործերը փորձել են տեղափոխել խղճահարության, բարոյականության տիրույթ, սրանք բնական են, բայց որևէ կերպ մենք իրավունք չունենք շեղվել օրենքից»։
Հաշվետվության վերջում տեղի է ունեցել նորանշանակ հարկադիր կատարողների երդմնակալության արարողություն։