Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ 44-օրյա պատերազմի հետևանքով դժվարին կացության մեջ հայտնված ֆիզիկական ու իրավաբանական անձանց և տնտեսվարող սուբյեկտներին Արցախի ներդրումային հիմնադրամը տրամադրում է աջակցություն։ Հիմնադրամը պետք է փոխհատուցի նրանց սպառողական, հիփոթեքային, գյուղատնտեսական վարկերը։ Գործընթացը մեկնարկել է 2021 թվականի մայիսին․ այժմ ընթացքի մեջ է դիմումների մշակումը։ Առայժմ ընթացքավորվել են տեղահանված քաղաքացիների, զոհված, անհայտ կորած զինծառայողների ընտանիքների անդամների դիմումները։ Արցախի ներդրումային հիմնադրամի փոխտնօրեն Մհեր Մխիթարյանը ընթացիկ աշխատանքների մասին է խոսում։
«Գրեթե ավարտական փուլին է մոտենում տեղահանված, զոհվածների, անհայտ կորածների ընտանիքների վարկերի համար ստացված դիմումների մշակումը։ Այս պահին շարունակվում է ծրագիրը․ 2022 թվականին արդեն հաստատվել է 1000-ից ավել դիմում»։
Մհեր Մխիթարյանը նշել է, որ ընդունված դիմումների քանակը ներկա դրությամբ գերազանցում է 47 000-ը։ Ուսումնասիրության փուլում են ավելի քան 27 հազար հայտ՝ հաստատված դիմումների քանակը գերազանցում է 9000-ը, իսկ աջակցության ենթակա վարկերի քանակը գերազանցում է 18 հազարը։ Ընթացիկ տարում արդեն իսկ հաստատվել է ավելի քան հազար դիմում, որոնց մեջ ներառված է 1800-ից ավել վարկ։ Փոխտնօրենի խոսքով՝ հաստատված դիմումները մինչև այս ամսվա վերջը ֆինանսավորվելու են։ Ֆինանսավորված են նաև անցած տարվա հաստատված հայտերի 90 տոկոսից ավելին։ Չֆինանսավորված հայտերի պատճառները տեխնիկական են․բանկերի հետ բանակցություններն ընթանում են, և առաջիկայում այդ հարցերը կկարգավորվեն։
«Հաստատված դիմումների մեջ կան նաև քաղաքացիների կողմից վճարված և վերադարձման ենթակա գումարների մասով հաստատված հայտերի քանակ, ներկա դրությամբ այն գերազանցում է 3000-ը։ Առաջիկայում կֆինանսավորվի այդ գումարների վերադարձը՝ մոտ 500 մլն դրամիչափով։ Սեպտեմբերի 27-ի դրությամբ, տեղահանված, զոհվածների, անհայտ կորածների ընտանիքների ժամկետանց վարկային պարտավորությունների համար կառավարության որոշմամբ սահմանվել է որոշակի սահմանաչափ․ այսինքն հատուցման ենթակա է սեպտեմբերի 27-ի դրությամբ մայր գումարի մնացորդը, ինչպես նաև այդ մնացորդի 10 տոկոսը չգերազանցող հաշվարկված տոկոսագումարը։
Մհեր Մխիթարյանի խոսքով՝ տեղահանվածների, զոհվածների և անհայտ կորած անձանց ու նրանց ընտանիքիների անդամների վարկերի ֆինանսավորումից հետո կմեկնարկի մնացած շահառուների դիմումների ընթացքավորման գործընթացը։ Մեկնարկի մասին Արցախի ներդրումային հիմնադրամը լրացուցիչ կտեղեկացնի։ Գործընթացը բարդ է ու ժամանակատար։ Լինում են նաև թյուրըմբռնման դեպքեր։ Ծրագիրը հաստատված է կառավարության որոշմամբ, հստակ նկարագրված են այն բոլոր կատեգորիաները, որոնք կարող են օգտվել աջակցությունից։ Հիմնադրամն ավելի քան 2000 դիմում մերժել է։
«Կան քաղաքացիներ, որոնք ծրագրի տարընթերցմամբ այլ աջակցություն են ակնկալում, սակայն բոլորին տրամադրվում է խորհրդատվական աջակցություն, և պարզաբանվում են ծրագրի բոլոր կետերը։ Այսինքն աջակցության բոլոր գումարները նպատակային իրականացված են ծրագրի դրույթների համապատասխան։ Եղել են, որ կրկնակի դիմումներ են ստացվել, մերժված դիմումների մասով քաղաքացիներն այցելում են մեզ։ Բողոքներ եղել են, անճշտություններ ցուցակներում՝ նույնպես։ Բոլոր հարցերը հարթվում են»։
Կառավարության այս ծրագրով բիզնես վարկերի համար ևս սահմանված է աջակցություն, որը 2 ուղղությամբ է նախատեսվում․ առաջինը 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2021 թվականի ապրիլի 1-ը հաշվարկված տոկոսագումարի վերադարձն է կամ հատուցումը, երկրորդը՝ նյութական վնաս կրած տնտեսվարող սուբյեկտների վարկերի մարման աջակցությունն է։
«Ներկա դրությամբ, այդ ծրագրով միայն աջակցություն իրականացվել է տոկոսագումարների մարման կամ հատուցման ուղղությամ։ Նյութական վնաս կրած ՓՄՁ սուբյեկտներին աջակցություն կտրամադրվի կառավարության կողմից ստեղծված համապատասխան հանձնաժողովի կողմից՝ նյութական վնասի չափը հաստավելուց և եզրակացությունների առկայությունից հետո»։
Բոլոր նրանք, որոնք չեն հասցրել դիմել, դեռ կարող են լրացնել հայտեր։ Դիմումներն ընդունվում են Արցախի ներդրումային հիմնադրամի գրասենյակում և ՀՀ-ում գործող Արցախի կառավարության օպերատիվ շտաբի գրասենյակում։ Աջակցության ծրագիրը ավարտին պիտի հասցվի մինչև 2023 թվականի հոկտեմբերի 1-ը՝ Կառավարության որոշումն է։