Փետրվարյան արևը գյուղացիներին տներից հանել, դաշտ ու այգի է տարել: Գարնան ընդառաջ հողը փխրեցնել է պետք: Հողն ամենաշնորհակալ բանն է աշխարհում, համոզված են չլդրանցիները: Այսօր ստացած սիրո ու աշխատանքի դիմաց վաղը բազմապատիկն է փոխադարձելու: Մեծերն աշխատում են, ավելի փոքրերն օգնում նրանց: Նաև դիմավորում, զրուցում գյուղ եկած հյուրերի` լրագրողների հետ: 14-ամյա Սոֆին գյուղի առօրյայի, գյուղացիների զբաղմունքի մասին է պատմում: Իրենց կյանքը պատերազմը բաժանել է մինչև-ի ու հետո-յի` ասում է:
«Պատերազմից առաջ մարդկանց կյանքն ավելի ուրախ էր, ավելի երջանիկ։ Ճիշտ է, բոլորն իրենց ընտանեկան հոգսերն ու խնդիրներն ունեին, բայց երջանիկ էին։ Իսկ պատերազմը փոխել է ամեն ինչ: Պատերազմից հետո գրեթե ամբողջությամբ փոխվել է մարդկանց կյանքը»։
Սոֆին նկատում է, որ գյուղի կյանքը կամաց-կամաց վերականգնվում է, վերադառնում առօրյա հուն։ Նա զգում է` համագյուղացիները նախկինի պես չեն ժպտում: Ուզում է, որ բոլորը առաջվա պես ժպտան։ Հայրենի գյուղից հեռանալու մտադրություն չունի: Իրավաբան է դառնալու, որպեսզի պաշտպանի մեր երկրի ու ժողովրդի շահերը։
«Նպատակ ունեմ իրավաբան դառնալ, որպեսզի ես էլ կարողանամ երկիրը դուրս բերել այս բարդ իրավիճակից, իմ ներդրումն ունենամ մեր պետության զարգացման, մեր ժողովրդի կյանքի բարելավման գործում։ Եվ ցանկանում եմ, որ բոլորն էլ հասնեն իրենց երազանքներին»։
Իսկ երազանքին հասնելու համար Սոֆին, նախևառաջ, դպրոցում է լավ սովորում: Դպրոցի, գյուղի, իսկ հետո նաև երկրի խնդիրների լուծմանն օգնել կարողանալու համար պետք է լավ սովորել` վստահ է: Իսկ լուծման սպասող խնդիրներ այստեղ շատ կան` ասում է կրթօջախի տնօրեն Սամվել Ղուկասյանը: Գյուղում ամենասուր խնդիրը ջրի խնդիրն է: Դա խանգարում է նաև այգեգործությամբ զբաղվելուն:
«Ամենանկատելին գյուղում ջրի հիմնախնդիրն է, արտեզյան հոր կա փորած, պետք է աշխատանքները մինչև այս տարվա վերջ ավարտին հասցնեն։ Հիմնախնդիր է նաև գյուղի ճանապարհը, այն անմխիթար վիճակում է»։
Որոշ ժամանակ առաջ Չլդրանում հիմնախնդիրներն ավելի շատ էին։ Բայց ինչպես ամբողջ Արցախում, Չլդրանում ևս ակտիվ շինարարություն է ընթանում` հերթով լուծելով խնդիրները:
«Դպրոցը կառուցվել է 2002թ.: Այն տիպային դպրոց չէ, հարմարեցված չէ։ Բայց «Հայաստան» համահայկական հիմնադրամի ջանքերով այսօր դպրոցին կից կառուցվում են նաև դասասենյակներ, դահլիճ ու սանհանգույց։ Գյուղում կառուցվում է նոր բուժկետ։ Համայնքային կենտրոնը կառուցվել է 5-6 տարի առաջ։ Գյուղում կա նաև ուրախության, տխրության սրահ՝ համայնքային կենտրոնի հետ միասին»։
Չլդրանցիների զբաղմունքի մասին խոսելիս Սամվել Ղուկասյանը նկատում է, որ պատերազմից հետո դրանք մասամբ փոխվել են: Օրինակ, եթե նախկինում գրեթե բոլոր ընտանիքներում մեծ կամ փոքր եղջավոր անասուն էին պահում, ապա պատերազմից հետո շատերը վաճառել են անասունները.
«Երիտասարդների մի մասն աշխատում է գյուղի կառույցներում՝ դպրոցում, համայնքային կենտրոնում, բուժկետում։ Մի մասն աշխատում է Կաշենի հանքավայրում, բայց քանի որ պատերազմից հետո հանքավայրի արդյունաբերության ծավալները պակասել են, նրանցից շատերը ազատվել են աշխատանքից։ Հիմա նրանք գյուղատնտեսությամբ են զբաղվում, ցորեն, գարի և նման այլ մշակաբույսեր են ցանում։ Անասնապահությամբ նույնպես զբաղվում էին, բայց պատերազմից հետո շատերը վաճառել են իրենց անասունները, որովհետև արոտավայրերը քիչ են»։
Դպրոցի տնօրենը համամիտ է Սոֆիի հետ այն հարցում, որ պատերազմից հետո գյուղում տրամադրությունները փոխվել են: Գյուղացիների շրջանում ամենամեծ խնդիրը անորոշությունն է։
«Պատերազմից հետո մարդկանց հոգեվիճակն է փոխվել։ Առաջ լավ տեմպերով շինարարություն էր ընթանում գյուղում, մարդիկ սեփական բիզնեսն ունենալու մասին էին մտածում, իսկ հիմա չգիտեն ավարտի՞ն հասցնեն կիսատ թողածը, թե՞ոչ»։
Մարտակերտի շրջանի Չլդրան համայնքում մոտ 150 ընտանիք է ապրում։ Պատերազմից հետո բնակիչների թիվը փոքր-ինչ նվազել է։ Բայց, զրուցակիցս նշում է, որ շարժն այլևս դադարել է. Երիտասարդներն այլևս հեռանալու միտք չունեն, իսկ տարվա ընթացքում մեկնարկած ակտիվ շինաշխատանքները հիմք են տալիս մտածելու, որ համայնքը դեռ ծաղկունք է ապրելու։