Շաբո Ավանեսյանը Ջրաղացներում է ապրել կյանքի մեծ մասը։ 70-ամյա պապիկը այսօրվա պես հիշում է հայրենի գյուղի ամեն թուփ ու ծառ։ Հիշում է, երանի տալիս ու շարունակում արարել, ճիշտ է, արդեն հայրենի բնօրրանից հեռու՝ Ասկերանի Աստղաշեն գյուղում։ Պատերազմից հետո ստեղծված իրավիճակին չի հարմարվում։ Ասում է՝ պատերազմի ամբողջ ընթացքում Ջրաղացներում է եղել, և չի եղել մի օր, որ չանի գյուղացու իր գործը։ Հայրենի գյուղից դուրս է եկել հոկտեմբերի 27-ին, երբ թշնամին արդեն հարևան Զարդարաշեն էր մտել։
«Կովերը կթել, վերջացրել էի, համայնքապետը զանգեց, ասաց՝ պետք է դուրս գանք գյուղից։ Կաթը կախեցի գոմից, կովերը բաց թողեցի, հորթերն էլ պարանները վզներին կովերի հետևից։ Մի տարածքում էլ ունեինք կովեր դրանց բաց չթողեցինք, խոզերին թողեցինք գոմում և դուրս եկանք գյուղից»։
Պատերազմի ժամանակ և պատերազմից հետո Շաբո պապիկի ընտանիքը ժամանակավոր հաստատվել էր Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում։ Արցախ վերադարձան 2021 թվականի հունվարին, հաստատվեցին Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքում։
«Այս տան տերը տղայիս ծանոթն էր, ճանաչում էին իրար։ Տղաս դեկտերմբերին եկավ, տունը տեսավ-հավանեց ու մենք հունվարի 2-ին եկանք այստեղ։ Դե որ եկանք, այսպիսին չէր տունն ու բակը։ Բակը մոլախոտերով էր լցված, մինչև այս թթենու տակը։ Իմ ձեռքերով ամբողջը մաքրել եմ, մշակել»։
Այստեղ՝ Աստղաշենում էլ, Շաբո Ավանեսյանը շարունակում է տարիների աշխատանքը, հողի հետ աշխատում է, մշակում այն։ Նա, անգամ, ամիս-ամսաթվերով է հիշում, թե որ բարիքը երբ է հողում դրել, երբ բերք ստացել։
«Փետրվարի 14-ին սխտոր վարեցի, սոխ վարեցի, մարտի 7-ին կարտոֆիլ վարեցի, շատ լավ բերք ստացանք, լոբի վարեցի։ Իմ՝ գյուղացու աշխատանքն անում եմ, ինչպես կարգն է»։
Ինչպես ասում են աշխատավոր մարդը աշխատավոր է ամենուր։ Բացի տան բակից Շաբո Ավանեսյանը հողամաս է վերցրել նաև գյուղից հեռու տարածքում։
«Տղաս Դահրավում փոքրիկ հողամաս է վերցրել, այնտեղ լոբի, կարտոֆիլ, վարունգ, լոլիկ, կաղամբ եմ ցանել։ Արդեն բերք հավաքել եմ, հողամասն էլ նորից մշակել։ Գյուղացին պետք է աշխատի, հող մշակի, եթե նա ձեռքը դնի գլխատակին ու քնի՝ դատարկ կմնա»։
Ավանեսյանների ընտանիքը կամաց-կամաց հարմարվում է նոր տանը, նոր կյանքին։ Ընտանիքում ամենից հուսահատվածը Լյուդմիլա տատիկն է։ Ջրաղացների մասին հիշողություններով է ապրում։
«Ամեն ինչ ստեղծել ենք, թողել, եկել։ 5 երեխա եմ մեծացրել, տուն դրել, ամեն ինչ ստեղծել, թողել ու դուրս եկել։ Մեր ճակատին ինչ գրված է, պիտի քաշենք»։
11-ամյա Մերին՝ նրանց թոռնուհին, հասցրել է հարմարվել նոր պայմաններին, նոր ընկերներ է ձեռք բերել։ Բայց հաճախ է հիշում գյուղը, վերադառնալու ցանկությունն օր օրի ավելանում է։
«Մենք վերևի թաղում բալենի, ընկուզենի ունեինք։ «Շաքարի տափ» կոչվող հողամաս ունեինք, այնտեղ ցանում էինք ամեն ինչ, և՛ մենք․ և՛ հոպարենք։ Գյուղում խաղահրապարակ էին բացել։ Միշտ դպրոց գնալիս, կամ դպրոցից տուն վերադառնալիս գնում էինք այնտեղ, խաղում էինք»։
Ջրաղացցիները միասին հաճախ էին հավաքվում։ Վերջին անգամ հավաքվել են պատերազմից օրեր առաջ՝ սեպտեմբերի 2-ին։ Ավանեսյանների ընտանիքի հարսը Սրբուհին արցունքներն աչքերին է խոսում անցյալի մասին։
«Հավաքվելու առիթ մենք հաճախ էինք ունենում, ուղղակի ասում էինք այսօր պետք է հավաքվենք ու հավաքվում էինք բոլորով՝ մեծ, թե փոքր՝ կապ չունի։ Ու հենց այդ տարվա հավաքույթին գյուղացիները շատ էին, գրեթե ամեն ընտանիքից մարդ կար»։
Հարազատ գյուղի կարոտով են ապրում ընտանիքի բոլոր 7 անդամները, բայց փորձում են հարմարվել նոր գյուղին, նոր շրջապատին։
«Ես շատ հավանում եմ այս գյուղացիներին։ Ես իրենց եմ հարգում, նրանք ինձ, մեծի հետ մեծ եմ, փոքրի հետ փոքր։ Ամեն ինչում փորձում եմ համաձայնության հասնել, որպեսզի ինձնից դժգոհ չլինեն»։
Ավանեսյանների ընտանիքը կյանքն Արցախից դուրս չի պատկերացնում։ Հայրենի գյուղից հեռու են, բայց հավատում են․ մի օր անպայման վերադառնալու են։ Աստղաշենում էլ շարունակում են արարել ու ապրել ժամանակի թելադրանքով։