«Ուրախ մեկնարկը» բոլոր մարզաձևերից ամենազվարճալին և բոլոր զվարճալի խաղերից ամենամարզականն է: Մարզասրահը վերածվել էր ուրախ մարզադաշտի: Մասնակիցները մրցում էին ուժի, ճարպկության, սրամտության և արագության մեջ: Մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Էմիլս Հովհաննիսյանի խոսքով` մրցումները կազմակերպվել են Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ:
«Առաջին անգամ քաղաքապետարանի մանկապատանեկան մարզադպրոցի բասկետբոլի բաժանմունքի թիմերը մասնակցում են երեխաների միջազգային օրվան նվիրված ուրախ մեկնարկներին: Մրցումներին մասնակցում են 200-ից ավել պատանիներ և աղջիկներ: Այստեղ և սպորտային պարերի բաժինն է, և բասկետբոլի բաժինը»:
Մրցումներին մասկանցում էր 7-10 տարեկան երեխաների 10 թիմ: Այս անգամ մարզական միջոցառումը հիմնականում բասկետբոլ մարզաձևից էր: Մրցումների ամբողջ ընթացքում մասնակիցների տրամադրությունը փոխանցվում էր նաև ամբողջ դահլիճին:
«Շատ էմոցիոնալ և շատ թեժ պայքար է գնում: Եվ մասնակիցները, և ծնողները շատ ակտիվ են: Եվ հենց սա էլ կոչվում է «Ուրախ մեկնարկներ»: Այստեղ հաղթողները բոլորն են, միությունն է հաղթելու»:
Շրջափակման պատճառով արցախցի մարզիկները չեն կարողանում մասնակցել ՀՀ-ում և արտերկրում անցկացվող տարբեր մարզական միջոցառումների: Փոխարենը, մարզական կյանքն ակտիվացել է հանրապետության տարածքում: Գրեթե ամեն օր կազմակերպվում են տարբեր մրցություններ, առաջնություններ և այլ մարզական միջոցառումներ:
«Ուրախ մեկնարկներ» սպորտային խաղերի մրցումներին հրավիրված էր նաև ԿԳՄՍ նախարար Նորայր Մկրտչյանը: Մրցումների բոլոր մասնակիցները նաև նվերներ են ստացել: