Սպորտային Արցախի համար այսօր առանձնահատուկ օր էր։ Մարզիկների և մարզիչների 2021-ի աշխատանքի արդյունքներն ամփոփվեց ու գնահատվեց նախ երկրի ղեկավարի կողմից, հետո նաև ԿԳՄՍ նախարարության։ Արցախի անունը բարձր պահելու, Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման, մարզական հերթափոխի պատրաստման գործում ունեցած ավանդի համար նախագահ Հարությունյանը ոլորտի մի խումբ ներկայացուցիչների հանձնել է մեդալներ, ինչպես նաև Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի ու Վաստակավոր մարզչի կոչումների վկայականներ: Կրթության, գիտության, սպորտի բնագավառի ձեռքբերումները կարևոր են միշտ, իսկ 2021-ին՝ հետպատերզմյա իրավիճակում, առավել ևս՝ շնորհավորելով ներկաներին նշել է Հանրապետության Նախագահը։
«Նրանք մեծապես նպաստում են մեր Հանրապետությունում սպորտի զարգացմանն ու աշխարհում մեր երկիրը արժանիորեն ներկայացնելու գործին։ Մենք շարունակելու ենք հատուկ ուշադրության կենտրոնում պահել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտը»:
Արայիկ Հարությունյանը նշել է անհրաժեշտ պայմաններ կստեղծվեն բնագավառի զարգացման համար, հատկապես, շրջաններում։ Արցախի վաստակավոր մարզիչ, բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, գլխավոր մարզիչ Նարեկ Աբրահամյանը 12 տարվա մարզչական գործունեության գնահատանքն է համարում այսօրվա ստացած պարգևը։
«Եթե բոլորս համախմբվենք հայրենիքի շուրջ ու յուրաքանչյուրս անենք այն, ինչ մեր հնարավորությունների սահմանում է, կկարողանանք ոտքի կանգնեցնել մեր երկիրը»։
Ավանդական պարգևատրությանը մասնակցել և հերթական պարգևն է ստացել նաև Կիոկուշին կարատե մարզաձևի աշխարհի քառակի, Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Առուշանյանը։ Վերջին հաղթական մենամարտը եղել է 2020-ի դեկտեմբերին, Բուլղարիայի Վառնա քաղաքում։ 20-ամյա մարզական, ապա նաև մարզչակյան գործունեությունը պարտավորեցնում է միշտ բարձր պահել Արցախի անունը աշխարհի ցանկացած կետում՝ ասում է։
«Այս պարգևը պարտավորեցնող է։ Այս տարի ես ու իմ թիմը ձգտելու ենք Արցախ բերել այնքան մեդալ, որը մինչ այսօր չի եղել»։
Օրվա երկրորդ կեսին սպորտի բնագավառի մի խումբ ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարության կողմից։ Նախարար Լուիսնե Ղարախանյանը ցավով է նշում, որ 44 –օրյա պատերազմը 40 մարզիկի կյանք խլեց, ևս 30-ի վիրավորման պատճառ դարձավ։ Հետպատերազմյա իրավիճակում արցախցի մարզիկները կարողացան տարբեր հարթակներում բարձր պահել Արցախի անունը։
«Սպորտը համազգային ուրախություն ու երջանկություն պարգևող բնագավառ է։ Այն ինքնակազմակերպվածության, նպատակասլաց, հետևողական, սկբունքային լինելու, կամքը կոփելու ամենալավ միջոցն է: 44-օրյա պատերազմից հետո սպորտի բնագավառի նվաճումները աննախադեպ են եղել, որը պայմանավորված է պատերազմի հետևանքներով: Ես համոզված եմ, որ 2022-ն իր ցուցանիշներով գերազանցելու է 2021 թվականին»։
Լուսինե Ղարախանյանը նաև նշեց, որ 2022 թվականի Սպորտի հեռանկարն ավելի լավատեսական է, բյուջեի հատկացումն՝ ավելի մեծ։