Տաթևիկ Նորայրի Հովհաննիսյան (հունիսի 3, 1955, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայազգի ջազային երգչուհի։ Համարվել է Խորհրդային Միության լավագույն ջազ կատարողներից մեկը։ Ներկայումս բնակվում է ԱՄՆ-ում։
Տաթևիկ Հովհաննիսյանը ծնվել է 1955 թ. հունիսի 3-ին` Երևանում, երգչուհի Օֆելյա Համբարձումյանի և քամանչահար Նորայր Հովհաննիսյանի ընտանիքում։ Սովորել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում, ապա՝ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում։ 1970-ական թվականներին ընդունվել է Հայաստանի պետական էստրադային նվագախումբ։ 1987 թ. նկարահանվել է «Երկխոսություններ» վավերագրական ֆիլմը՝ Սերգեյ Կուրյոխինի, Լարիսա Դոլինայի, Տաթևիկ Հովհաննիսյանի և այլոց մասնակցությամբ։
1990 թվականից բնակվում և գործունեություն է ծավալում ԱՄՆ-ում, հանդես է գալիս ամերիկյան ջազի հայտնի վարպետների հետ։ Ելույթներ է ունեցել ԱՄՆ-ի, Եվրոպայի, Ավստրալիայի հայտնի միջազգային ջազ փառատոներում։ Երգում է ամերիկյան, բրազիլական և էթնիկ հայկական ջազ՝ Կոմիտաս, Սայաթ-Նովա, հայկական ժողովրդական երգեր ջազային մշակումներով։