Նոյեմբերի 21, 2024

Հաղթանակի էյֆորիա ու պարտության ընկճախտ․ երկուսն էլ վտանգավոր են

By Անի Աբաղյան Մայիսի 09, 2022

Արցախյան առաջին պատերազմում որսորդական հրացանը, ինքնաշեն ատրճանակն ու նռնակները կռվելու «լավագույն» միջոցներն էին թվում։ Զրուցակիցս` 53-ամյա Էրիկ Փաթյանը, մասնակցել է  երեք պատերազմներին էլ։ Հիշում է իրենց «լուրջ» զենքերն ու դեմքի լրջությանը ծիծաղ խառնում։

«Այն ժամանակ, եթե մեկ ՀՄՄ-1 (Հետևակի մարտական մեքենա) ենք ունեցել` ուրախացել ենք, եթե ջոկատում 2-3 ինքնաձիք է եղել բավականին ուրախացել ենք, մտածել ենք՝ մեզ չեն կարող հաղթել, մենք լավ զինված ենք։ Այսպես էինք մտածում»։

Նրանց առաջնորդողը տունը, տան դիմացի ճյուղավորված ընկուզենին ու այդ ընկուզենու տակ նստած տատիկին պաշտպանելու միտքն էր, որ անփորձ տղաներին անվրեպ կրակել ու պաշտպանվել էր ստիպում։ Կային տղաներ էլ, որոնք ծառայել էին ռուսական բանակում ու տիրապետում էին որոշակի ռազմական գիտելիքների ու գաղտնիքների։ Դա իսկական բախտավորություն էր։ Նաև նրանց մարտական ընկերների համար, որովհետև իրենց փորձն էին կիսում։ Այդ բախտավորների շարքում էր նաև Էրիկը։ Պատերազմի դաշտում հայտնվել է 20 տարեկանում։ Այդ օրերի հիշողությունները խնամքով պահում է, մեկ-մեկ էլ՝ պատմում։

«Առավոտյան 06։10-ի սահմաններում էր, մենք գետնատնակում էինք, ու հակառակորդի ինքնաթիռը հերթական անգամ «հյուր» էր եկել, անձնակազմի տղաներին գետնատնակից արագ դուրս հանեցի, ու երբ ուզում էի ես էլ դուրս գալ գնդակային ռումբերից նորից վիրավորվեցի՝ ձախ ձեռքի հատվածում»։

1994թ․ մայիսի 11-12-ն այսօրվա պես է հիշում։ 175 մարտական դիրքում էր, երբ գիշերվա ժամը 2-ին տապիկով հայտնեցին՝ «Զինադադար է»։

«Հիշում եմ, որ այդ լուրը գիշերվա ժամը երկուսին ինձ հայտնեցին՝ զինադադար կնքվեց, պատերազմը ավարտվեց, մենք հաղթեցինք։ Դա մի անբացատրելի ուրախություն, ցնծություն էր» ։

Զրուցակիցս այս տողերը կրկնելիս ամեն անգամ վերապրում է մայիսի 9– ի ժամը 2-ը, հիշում դրան հաջորդած խնջույքները, որտեղ կենացները պատվավոր ու հաղթական էին։ Պատերազմից հետո արդեն մարդկանց զրույցները սկսում ու ավարտվում էին պատերազմով։ Ծնունդ, թաղում թե հարսանիք՝ թեման ոչ թե ծնվողը, մահացողը կամ ամուսնացողն էր, այլ նրանց ինչպես կռվելն ու ինչպես հաղթելը։ Ինչպե՞ս են այս տրամադրություններն անդրադարձել մարդկանց հոգեբանության վրա՝ պարզաբանում է հոգեբան Անահիտ Լալայանը։

«Լինելով փոքր ազգ ու չունենալով կազմավորված բանակ՝ մենք կարողացանք հասնել հաղթանակի և, բնականաբար, այդ ոգևորությունն ու հպարտությունը ենթադրում են ինքնաբավարարման և գոհունակության զգացողությունների առաջացում։ Սա և՛ դրական, և՛ բացասական ազդեցություն է թողել։ Մենք խեղաթյուրել ենք այն իրականությունը, որի մեջ ապրել ենք, բայց այստեղ ոչ թե հաղթանակներն են խնդիրը, այլ այդ հաղթանակից հետո մեր անելիքները թերի թողնելը»:

Պատերազմի մասնակիցները հասարակության տարբեր շերտերից են, այսինքն՝ այդ տրամադրությունը կարող է ազդել ինչպես հողագործի, մշակի վրա, այնպես էլ գիտնականի, քաղաքական գործչի, պատգամավորի ամենօրյա աշխատանքին։ Հաղթանակն արբեցրել էր բոլորին՝ ամփոփում է հոգեբանը։ Իսկ քաղաքագետ Տարոն Հովհաննիսյանը նաև դրա հետևանքների մասին է խոսում։ Նրա համոզմամբ՝ խնդրի բազմաշերտության պատճառով մի քանի անկյունում է պետք խոշորացույց դնել․

«Իմ կարծիքով Արցախյան առաջին պատերազմում հաղթանակ տանելուց հետո երկար ժամանակ՝ մինչև 2020 թվականի պատերազմը, մեզ մոտ ադրբեջանական հասարակության, բանակի վերաբերյալ 1990-ականների պատկերացումներն էին գերիշխում և նրանց թերագնահատելու խնդիրը»։

90-ականների պատերազմի պատկերացումները գերիշխում էին նաև 44-օրյայի ժամանակ։ Էրիկ Փաթյանը, որ արդեն փորձառու էր մարտի դաշտում, սովորեցնելուց բացի նաև սովորում էր իր զինվորներից։ Մեր որդիները մեզնից ավելի լավ էին կռվում։

«44-օրյա պատերազմի ժամանակ տեսել ու համոզվել եմ, որ մեր տղաները ավելի լավ են կռվել, ու եթե «Բայրաքթարները» չլինեին, մենք ոչ մի դեպքում տարածք չէինք կորցնի։ Եվ կհաղթեինք, եթե կռվեինք միայն ադրբեջանական բանակի հետ»։

Հաղթանակի դափնիները 30 տարի վայելելուց հետո կրած պարտությունը հասարակության շրջանում հիասթափության այնպիսի ալիք է բարձրացրել, որ տեղատվության միտք չունի։ Դա է վկայում Արցախում աշխատող հոգեբանների ծանրաբեռնվածությունը։ Ի՞նչ է առաջարկում հոգեբանը, ո՞րն է ելքն այս իրավիճակից։

«Մեր հասարակությունն այսօր գտնվում է հիասթափության, հուսահատության մեջ, և ես՝ որպես հոգեբան, խորհուրդ եմ տալիս ամեն մեկն իր գործունեությամբ զբաղվի, քանի որ պարապությունը մարդուն հասցնում է ներքին ընկճվածության, մյուս տարբերակն այն է, որ մարդիկ պետք է դիմեն համապատասխան մասնագետի, որոնց օգնությամբ կհաղթահարեն հոգեկան ընկճվածությունը»։

Մեր տեսած պատերազմները գույնով, հոտով նույնն են, հանգուցալուծմամբ՝ տարբեր։ Արցախյան առաջին պատերազմի հաղթանակի բերած արբեցումն ու 44-օրյայի պարտության ընկճախտը հավասարապես վտանգավոր են։ Քաղաքագետ Տարոն Հովհաննիսյանը նշում է՝ մեր հաղթանակով տարվելը խանգարել էր զինված ուժերում բարեփոխումների գործընթացին, թուլացրել զգոնությունը քաղաքական ու դիվանագիտական ոլորտներում։ Կարծես մեր օրերի նկարագիրը լինի, տարբեր է միայն ստեղծված իրավիճակին հանգեցրած պատճառը։ Հոգեբան Անահիտ Լալայանն ընկճվածության այս թմբիրից դուրս գալու միջոցը աշխատանքի մեջ է տեսնում։ Միայն անձնային ու մասնագիտական ներուժի իրացումը կտա և՛ հոգեկան բավարարվածություն, և՛ կօգնի համատեղ ուժերով հաղթահարել համընդհանուր ընկճվածությունը։

Artsakh Public Radio
Last modified on Երկուշաբթի, 09 Մայիսի 2022 13:10
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ