Ադրբեջանը հայտնագործություն է արել․ «Հազվագյուտ փաստեր․ Գրություն ալբանական տաճարի վրա՝ Ես Վելիջանս, Խումարի որդին, տեղադրել եմ այս խաչը 1527 թվականին»։ Այս հազվագյուտ տեղեկատվությունն ադրբեջանցիներն ակտիվ տարածում են բազմաթիվ տելեգրամ ալիքներով՝ Հադրութի շրջանի Սպիտակ Խաչ եկեղեցին ներկայացնելով որպես ալբանական արժեք։ «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմինե Հայրապետյանը զարմանալի ոչինչ այդ հայտարարություններում չի տեսնում․ Ադրբեջանն իր դերի մեջ է․
«Ոչ մի նորություն հիշյալ փաստի մեջ չկա, որ Ադրբեջանը ուդիական համայնքն օգտագործելով փորձում է հայկական պատմամշակութային ժառանգությունը ներկայացնել որպես ուդիական կամ աղվանական, և կառչելով դրանից, շարունակում է իր վաղեմի քաղաքականությունը, որ իրականցնում էր դեռևս խորհրդային տարիներից։ Մեզ շատ ծանոթ է զիաբունիաթովյան դպրոցը և այդ դպրոցի հետևորդները այժմ ամեն ինչ անում են, որպեսզի Արցախն իր պատմամշակութային պատկանելիությամբ օտարեն հայկականից»։
«Ադրբեջանական աղբյուրներում վկայակոչվող Վելիջանը, Արմինե Հայրապետյանի խոսքով, հայտնի է որպես Ցորաբերդի իշխան։ Նրանց նշած բերդը Ցորի բերդն է, որը հաճախ նաև իշխանի անունով՝ Ջալալյան Վելիջան էր կոչվում։
«Նույն Վելիջանը 1478 թվականին պարսիկների դեմ կռիվների ժամանակ զոհվում է, երբ պարսից զորքն էլ գլխավորում էր հայտնի Ղարա Յուսուֆը։Պատմությունը կա, թե ինչպես են նրանք պաշարում բերդը, ձուրը հասցնում են շրջակա գյուղերից, կավե խողովակներով, բայց պարսիկներին հաջողվում է կտրել ջուրը և պաշարվածներն ընկնում են։ Նրանց հետ զոհվում է Վելիջան իշխանը, որի աճյունը տեղափոխվում է հենց Հադրութի Վանք գյուղի Սպիտակ խաչ եկեղեցու բակ, այնտեղ էլ հուղարկավորվում։ Տապանաքարի արձանագրությունն էլ հենց իշխանինն է, մյուս երեսին էլ Վելիջանի հայրն իր որդուն որպես հիշատակ գրություն է թողել»։
Ինչ վերաբերում է Սպիտակ խաչին, մասնագետի խոսքով, վանքի հիմնադրման ստույգ թվականը հայտնի չէ։ Որոշակի տեղեկություններ ստանում ենք պահպանված արձանագրություններից միայն։ Դրանցից ամենահինը, որ փորագրված է եկեղեցու ներսում, հյուսիսային կամարի խաչքարի տակ, թվագրված է 1333 թվականով․
«Այնտեղ գրված է՝ ես Սիրակ, կանգնեցի այս խաչս հոր իմո, Խութլափի, թիվ ՉՁԲ»։
Կան նաև այլ արձանագրություններ, որտեղ աղվանական անուններ չկան, և, չգիտես ինչու, ադրբեջանցիները դրանք չեն տեսել, -ասում է Արմինե Հայրապետյանը,-վկայակոչելով եկեղեցու արևմտյան կողմի միակտոր պատուհանի վրա պահպանված հետևյալ արձանագրությունը՝ «Տեր Աստված, Հիսուս Քրիստոս, Վրթանես»։
«Սա փաստորեն իրենց ձեռք չէր տալիս, դրա համար սրան հղում չկա։ Մյուսը՝ զանգակատան շինարարական արձանագրությունն է՝ Յիշատակ էզանգակատունս Սուրապի որդու Հովհաննես եպիսկոպոսին, ինչը փաստում է, որ Վանքը, գուցե միայն գավիթը վերակառուցվել է 1735 թվականին»։
Պատմաբանը թվարկում է արձանագրությունները, որտեղ նշված անունները որևէ աղերս չունեն աղվանական անունների հետ, իսկ Վելիջանի անունը հիշատակված է ոչ թե վանքի շինարարության հետ կապված արձանագրությունում, այլ նրա տապանաքարի վրա։Արմինե Հայրապետյանը նաև եկեղեցուց մի քանի մետր հարավ-արևելք ընկած հյուրատան մասին է խոսում, որի մուտքի բարավորին պահպանվել է արձանագրություն հետևյալ գրությամբ․
«Եկեղեցուց մի քանի մետր հարավ-արևելք գտնվող հյուրատան մուտքի բարավորին՝ Ես, Մկրտիչս, գրեցի, յիշատակ է Թանապի, Սուրապի որդու, Հովհաննես եպիսկոպոսի, շինեցա ՌՋՁԴ, որն է 1735 թվական։ Այն տարին է, Թահմազ խան օսմանլուն երկիրս դուրս արավ։ Դռան հարավային կողին երկու տող՝ Քրիստոսի ծառա Պետրոս վարդապետ ենք ընթերցում»։
Ադրբեջանի գիտական ապացույցները, թվում է, աբսուրդի ժանրից են՝ ասում է Արմինե Հայրապետյանը, և չարժե նույնիսկ անդրադառնալ դրանց, քանի որ ոչ մի գիտական լուրջ փաստ այնտեղ ներկայացված չէ։ Բայց հաճախ մեր զսպվածությունը, համեստությունն ու անտարբերությունը բերում է նրան, որ մեր հարևաններն իրենց սուտը փաթաթում են աշխարհի վզին, ու պարզվում է, հավատացողներ գտնվում են։