Նոյեմբերի 24, 2024

Երևանը՝ Ադրբեջանի ազգային նպատակ․ իսկ ո՞ւր վերադառնանք մենք

By Սոֆյա Հակոբյան Հունվարի 18, 2023

Նախորդ շաբաթ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը լրագրողների հետ հանդիպման ժամանակ կատարած մի շարք սադրիչ հայտարարությունների շարքում խոսել էր նաև ժամանակին Հայաստանում ապրած ադրբեջանցիների վերադարձի մասին։ Ներկայի ՀՀ տարածքն անվանելով «պատմական Արևմտյան Ադրբեջան», Ալիևը հայտարարել էր, որ այդ տարածքներ ադրբեջանցիների վերադարձը իրենց համար այլևս ազգային նպատակ է։
Նույն օրը լրագրողների հետ ասուլիսի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով Ալիևի հայտարարությունների հետ կապված հարցին, նշել էր, թե Հայաստանն էլ Ադրբեջանից բռնի տեղահանված հայերի մարդահամարներ է անցկացնում։


«Մենք էլ ենք անում մարդահամարներ, մենք էլ Բաքվից, Սումգայիթից, Գետաշենից, Շահումյանի շրջանից և այլ տեղերից բռնագաղթած հայերի մարդահամար ենք իրականացնում»։


Վիճակագրական կոմիտեից, սակայն, նշում են, որ միակ մարդահամարը, որ վերջերս իրականացրել են՝ 2022 թվականին ՀՀ-ում անցկացրած ընդհանուր մարդահամարն է, որը հիմա ամփոփում են, բայց դա Ադրբեջանից բռնագաղթածների հետ որևէ կապ չունի։ Օրեր առաջ այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է ՀՀ Վիճակագրական կոմիտեի մարդահամարի ու ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կոյումջյանը։


«Վիճակագրական կոմիտեն կոնկրետ բռնագաղթածների մասով մարդահամար չի իրականացնում։ Սակայն մեր՝ 2020 թվականի հոկտեմբերին իրականացրած մարդահամարի հարցաշարում կան հարցրեր, որոնք վերաբերում են իրենց բնակավայրը փոխած մարդկանց՝ որտեղից գալու և իրենց տեղափոխությունը իրականացնելու պատճառի վերաբերյալ տեղեկատվություն»։


Ավելին՝ վերոնշյալ հարցաթերթիկում բացակայում է հարցը տեղահանված անձի նախկին բնակավայրի անվան հետ կապված։ Որքա՞ն է եղել Արցախյան հակամարտության առաջին տարիներին Ադրբեջանից բռնագաղթած հայերի թիվը։ Շուրջ 30 տարի հայկական կողմը պաշտոնական տվյալներ չի ներկայացրել։ «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը «Արցախ» լրատվականի հետ զրույցում նշում է՝ մի քանի ոչ պետական հարթակներ ժամանակին իրականացրել են մարդահամարներ, ըստ որոնց Ադրբեջանից բռնագաղթած հայերի թիվը կազմել է շուրջ կես միլիոն, որոնցից մոտ 140 000-ը, սակայն, հետագայում սփռվել է ԽՍՀՄ տարածքով մեկ։


«Երբևէ նորանկախ Հայաստանի իշխանությունները չեն տվել քաղաքական գնահատական և չեն հնչեցրել որևէ միջազգային հարթակում սա որպես քաղաքական օրակարգի հարց։ Հայաստանը արդեն տարիներ շարունակ չունի որևէ պետական մարմին, որի անվան մեջ նշված լինի «փախստական» բառը։ Իսկ Ադրբեջանում ի սկզբանե եղել է փախստականների հարցերով հատուկ նախարարություն, որի նախարարը եղել է կառավարության ղեկավարի տեղակալ մինչ այսօր»։

Իրավապաշտպանը նկատում է՝ ի տարբերություն մեզ, Ադրբեջանը ոչ միայն հետևողականորեն զբաղվում է թեմայով, այլև ուռճացված թվեր ներկայացնում Հայաստանից ու Արցախից գաղթած ադրբեջանցիների վերաբերյալ։ Ալավերդյանը ևս մեկ կարևոր հարց է բարձրացնում․ մինչ ԽՍՀՄ փլուզումը տները փոխանակել հասցրած ադրբեջանցիներն արդյո՞ք կարող են առհասարակ համարվել փախստական։

«Հայաստանից գնացած ադրբեջանցիներից ոչ պակաս քան 85-90 տոկոսը փոխանակել են իրենց բնակարանները մինչև 1988 թվականի վերջը։ Եթե ինչ-որ մնացորդ է մնացել՝ 89-90 թթ-ին, այսինքն՝ խորհրդային ժամանակ։ ԽՍՀՄ շրջանում չի եղել տարբեր հանրապետությունների քաղաքացիություն, բոլոր եղել են ԽՍՀՄ քաղաքացի։ ԽՍՀՄ-ում մի հանրապետությունից տեղափոխված այլ հանրապետություն և իր բնակարանը կամ տունը փոխանակած անձը փախստական չի կարող համարվել։»


Ըստ իրավապաշտպանի՝ մեկ այլ կարևոր հանգամանք է, որ Հայաստանը լքած ադրբեջանցիները հիմնականում չեն ենթարկվել այն վայրագություններին, որոնք տեսել են Բաքվի ու Սումգայիթի հայերը։


«Հայաստանը լքած ադրբեջանցիների մեծ մասը չի ենթարկվել որևէ բռնության, որևէ մեկը ուժի սպառնալիք չի կիրառել։ Այն երկու դեպքը, որոնք հիմնականում գրանցվել են այն ժամանակվա Կիրովական/Վանաձորում, ամբողջովին գրանցվել են և գործեր են հարուցվել։ Ադրբեջանաբնակ գյուղը հարձակվել է և հասկանալի է, որ ստացել են պատասխանը»։


Մեկ այլ խնդիր է Արցախյան կոնֆլիկտի առաջին տարիներին նախկին ԼՂԻՄ և հարակից տարածքներից դուրս եկած ադրբեջանցիների և 1988-ից մինչ օրս ներքին տեղահանված դարձած արցախահայության հարցը։ 2020 թ․-ի նոյեմբերի 9-ին ընդունված եռակողմ հայտարարության 7-րդ կետով Ներքին տեղահանված անձինք եւ փախստականները պիտի վերադառնան Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ ՄԱԿ-ի փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո:


«Փախստականների միություն» հ/կ ներկայացուցիչ Սանասար Սարյանը նշում է՝ ժամանակին Հայաստանում կամ Արցախում ապրած ադրբեջանցիների վերադարձը կնշանակի հետ գնալ Արցախյան հակամարտության զրոյական կետ։ Ըստ նրա՝ Ադրբեջանից բռնագաղթած հայերի գործոնը մշտապես ուշադրության կենտրոնում են պահել, և սա, թերևս, փակուղու առաջ է կանգնեցնում նաև թեմայով զբաղվող միջազգային գործընկերներին։


«Մենք այդ հարցը միշտ բարձրացրել ենք։ Որ մենք ունենք նաև Ադրբեջանի հայություն։ Ուրիշ հարց, որ մենք չենք ասել, թե մենք կարող ենք վերադառնալ Բաքու։ Մենք ասել ենք՝ անվտանգության հարցեր կան, մենք ամենաշատը կարող ենք վերադառնալ Շահումյան, ամենաշատը կարող ենք վերադառնալ մինչև այս վերջին պատերազմին կորցրած տարածքները։ Բայց, երբ տարբեր միջազգային կառույցների դիտորդներ մեզ հետ հանդիպել են, մենք ասել ենք՝ «Եթե իրենք այդ հարցն են դնում, որ թուրքը վերադառնա Լեռնային Ղարաբաղ, բա մեր հարցը ինչու չեք հավասար դնում, որ մենք վերադառնանք Բաքու»։

Բայց դա հրետորական հարց է եղել։ Դա այն հարցն է եղել, որ վերադարձը փախստականների հնարավոր չէ, քանի դեռ մենք այստեղ ենք։ Փաստորեն՝ նրանց վերադարձը  կոնֆլիկտի սկիզբն է նորից։ Սարյանը նկատում է՝ շատերը այդպես էլ չեն հասցրել փոխանակել տները և ձեռնունայն, ամբողջովին ունեզրկված են լքել Ադրբեջանի քաղաքները, իսկ նրանք, ում հաջողվեց փոխանակում իրականացնել՝ խիստ անհավասար պայմաններում արեցին դա։


«Անհավասարությունը միշտ էլ եղել է։ Մենք ապրել ենք կենտրոնական փողոցներում, քաղաքներում, Բաքու, Սումգայիթ, բայց մեր հայությունը ստիպված է եղել փոխադրվել գյուղարանքներ։ Նույնիսկ եթե փոխարինվել է՝ ոչ հավասար։ Չհաշված , որ հազարներով մենք ստիպված ենք եղել թողնել, շատերը չեն կարողացել փոխարինել։ Իսկ նա ով հասցրել է՝ ոչ հավասար»։


Երկար տարիներ բռնագաղթված հայերի խնդրով զբաղվող Սանասար Սարյանը նկատում է՝ հայկական կողմը մի շարք թերացումներ է ունեցել փախստականներին հստակ կարգավիճակ տալու, նրանց խնդիրը ճիշտ ուղով միջազգայնացնելու հարցում։ «Փախստականների մասին» օրենքում անհրաժեշտ փոփոխությունները կատարվեցին միայն 2004-ին։

«Մեր մեղքը նույնպես կա այդ խնդիրների մեջ։ Տեղեկացանք, որ ներքին փախստականների մասին օրենքի նախագիծն արդեն կա Արցախում, բայց այսօրվա դրությամբ, տեսնում եք, որ երկրորդ պլան է մղվել դա։ Մենք չունենք մեր ներքին փախստականների մասին օրենք, և աշխարհը մեզ չի ճանաչում։ Ինչպես որ չի եղել Ադրբեջանից փախստականների օրենք, շատ ուշացումով են ընդունվել , դրա համար էլ մենք միջազգային կարգավիճակ չենք ստացել։ Նաև դրա համար, չհաշված աշխարհաքաղաքական խնդիրները »։


Դեռևս 1988-ի դեկտեմբերին Բաքվից բռնագաղթած, իսկ 2020-ի աշնանը, կրկին  կորցնելով ամբողջ ունեցվածքը, Հադրութից տեղահանված Նաիրա Մարտիրոսյանն այժմ բնակվում է Հայաստանի Կոտայքի մարզում։ Հիշում է՝ Բաքվի իրենց հարմարավետ ու ընդարձակ բնակարանից ոչինչ բերել չկարողացան, իսկ բանալին թողել էին ադրբեջանցի հարևաններին։ Այդպես էլ չիմացան՝ ով տիրացավ դրան։


«Մեր Բաքվի տունը մենք որ դուրս ենք եկել, չենք հասցրել փոխանակում անել, քանի որ այդ բաներն արդեն սկսվել էր։ 1988 թվի դեկտեմբերի 5-ն էր, որ մենք դուրս եկանք, եկանք Հայաստան։ Տունը մնացել է, բանալին տվել ենք մեր հարևանին։ Երևի մեր հարևանն է էնտեղ ապրում, ուրիշ ով պիտի ապրի։ Ոչ էլ մենք կարողացել ենք մի բան հանել, իրերն էլ մնացել են ու վերջ, եկել ենք այստեղ․․․»։


Մի քանի տարի անց Մարտիրոսյանների ընտանիքը հաջողում է տեղափոխվել Հադրութ՝ մորական ազգականների մոտ։ Վերջին 30 տարվա վաստակն էլ այստեղ են կորցնում ու կրկին համալրում բռնի տեղահանված տասնյակ հազարավոր հայերի շարքերը։ Տիկին Նաիրան այսքանից հետո չի պատկերացնում՝ ինքն ու իր տարեց մայրն ինչպե՞ս պիտի ապրեն ադրբեջանցիների հետ, լինի դա Բաքվում, թե Հադրութում։


«Չէ․․․ Արդեն էսքան տարի անց, ոնց գնանք․․․ Վախենալու է․․․ Փոխհատուցումը տան՝ էստեղ մնանք մի տեղ։ Թեկուզ գյուղերում, բայց էստեղ»։

 

Artsakh Public Radio
Last modified on Հինգշաբթի, 19 Հունվարի 2023 12:01
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ