Նոյեմբերի 21, 2024

Երբ պատմություն կեղծելն ազգային դիմագիծ է այլևս

By Սրբուհի Վանյան Դեկտեմբերի 09, 2022
Ադրբեջանը Արցախի բնակավայրերի հայերեն տեղանունները ադրբեջանականով փոխարինելու պահանջ է ներկայացրել ՌԴ խաղաղապահ զորակազմին, պահանջներ է հղում Գուգլին, դիմում է միջազգային տարբեր կազմակերպությունների,  «հիմնավորում» իր պահանջները։ Ցավոք՝ նաև հավատացողներ են գտնվում։ Ոչ քիչ թվով։ Իսկ ի՞նչ ենք անում մենք։  Աշխարհագրական տեղանունների բնագավառում պետական մարմնի իրավասությունը վերապահված է ԱՀ Կադաստրի ու գույքի կառավարման պետական կոմիտեին՝ կառավարության համապատասխան որոշմամբ։ Պարզվում է՝ գործում է նաև հանձնաժողով, բաղկացած մասնագիտական խմբից, որը աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների ու անվանափոխումների վերաբերյալ առաջարկությունները քննարկում և տալիս է դրական կամ բացասական եզրակացություններ՝  հաշվի առնելով պատմական փաստերը, կատարելով ստուգաբանական վերլուծություններ։ Հանձնաժողովը 2005 թվականին է ստեղծվել՝  ներկայացնում է   Կադաստրի ու պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ Արմինե Միրզոյանը։ 
 
«Աշխարհագրական օբյեկտները բացահայտվել են քարտեզների, տպագիր ու ձեռագիր աղբյուրների, տեղաբնակների հետ զրույցների վերլուծության և այլ աղբյուրների համադրման միջոցով»։ 
 
2008-2014 թվականների ընթացքում Արցախի համայնքներում իրականացվել է աշխարհագրական անվանումների հաշվառման գործընթաց։ Յուրաքանչյուր համայնքի համար ստեղծված է առանձին գործ, օբյեկտի աշխարհագրական տեղանուններով, օբյեկտների կոորդինատներով։ Աշխատանքներն իրականացվում են սահմանված կարգով՝ հողաշինարարության, գեոդեզիայի ու քարտեզագրման կենտրոնի կողմից։ 
 
«Հանձնաժողովում ընդգրկված են աշխարհագրական, բանասիրական, պատմական գիտությունների մասնագետները։» 
 
Իսկ անվանափոխումների վերաբերյալ Կադաստրի պետական կոմիտեն Արցախի օրենքներով է առաջնորդվում,- ասում է Կոմիտեի նախագահի տեղակալը։ ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Բալայանը նույնպես այդ հանձնաժողովի անդամ է։ 
 
«Ցավոք, այդ հանձնաժողովը միայն անունով գոյություն ունի։ Իրականության մեջ որևէ աշխատանք այս պահին չի կատարվում»։ 
 
Ադրբեջանի՝ այդ ոլորտում գործողություններին հակազդելու և միջազգային հանրությանը իրական պատկերը ներկայացնելու գործընթաց,  սակայն, ընթանում է․ ՀՀ գործընկերների և արցախցի մասնագետների մասնակցությամբ,-ասում է։ Ադրբեջանն իհարկե, իր ոճով փորձում է պատմություն կերտել՝ անտեսելով անառարկելի փաստերն ու իրողությունները։ Վահրամ Բալայանն այդ մասին իր հեղինակած աշխատությունն է ցույց տալիս, ասելով՝ տարիներով հավաքագրել եմ այս փաստերը, օգտագործելով տարբեր սկզբնաղբյուրներ․ այդ փաստերն անառարկելի են բոլոր առումներով,  բայց զարմանալի չէ նաև Ադրբեջանի պահվածքը։ 
 
«Վերջին ժամանակահատվածում դա առավել ակտիվ բնույթ է ստացել, ադրբեջանական կողմն ամեն կերպ ձգտում է իր մտացածին կեղծ տեսակետները ճշմարտության տեղ տարբեր միջազգային կառույցների հրամցնել, իբր հիմնավորելով, թե Արցախը Ադրբեջանի մեջ է եղել հնուց ի վեր։ Մինչդեռ բոլորին է հայտնի, որ Ադրբեջանը որպես պետություն ձևավորվել է 1918 թվականին»։
 
 Դա չի խանգարում, որ Ադրբեջանն իր պատմական  «ճշմարտությունները» ներկայացնի Եվրոխորհրդարան, ՄԱԿ, այլ հեղինակավոր  կառույցների, որոնք անտեղյակ գուցե կամ՝ միտումնավոր, այդ ամենը հալած յուղի տեղ են ընդունում՝ ասում է պատմաբանը։ Այո, աշխարհն առաջնորդվում է երկակի ստանդարտներով, մենք վաղուց դրան պիտի որ հարմարված լինենք։ Իսկ ի՞նչ են անում մեր իշխանությունները՝ Հայաստանում և Արցախում, ի՞նչ մեխանիզմներ են կիրառում՝ հայկական ճշմարտությունն աշխարհին հասցնելու համար։ Վահրամ Բալայանն ասում է՝ 
 
 «Վերջին շրջանում ՀՀ կադաստրի կոմիտեի ու մեր մասնագետների համագործակցությամբ սկզբնաղբյուրների հիման վրա աշխատանքեր են տարվում՝ ցույց տալու իրականությունը։ Հայկական ու օտարալեզու սկզբնաղբյուրներում, արձանագրություններում բավականաչափ նյութ կա և աշխատելու, դրանք ժողովելու պարագայում  երևում է, որ Ադրբեջանի առաջադրած թեզերը կեղծ են»։ Դա, պարզվում է, Ադրբեջանի համար արգելք ու խոչընդոտ չէ։ Անտեսվում է անգամ 1924 թվականի Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Սահմանադրությամբ ամրագրվածը։ 
 
«Ես թերթեցի իմ աշխատանքերից մեկը, որտեղ ներկայացրել եմ տեղեկատվություն, երբ մարզի սահմանները ճշտվում էին, և գյուղեր ընդգրկվում ԼՂԻՄ -ի կազմի մեջ, դրանք ամրագրված էին Սահմանդրությամբ։ Բնականաբար՝ հայկական, մեզ առայսօր հասած անուններով։ Դրանք կան նաև այդ ժամանակվա պարբերական մամուլում»։
 
 «Լավ պահպանվել են հատկապես Սյունիքի ու Արցախի տեղանունները, բայց, այնուամենայնիվ, Ադրբեջանը առաջ է տանում իր կեղծ թեզերը»,-ասում է,- և մեր պետությունն ու գիտնականնները պիտի աշխատանք տանեն, որ այդ ամենը հասանելի դառնա ոչ միայն միջազգային հանրությանը, այլև հայ հանրությանը, որպեսզի սերունդներն էլ իմանան, թե ինչ է փոխանցվել իրենց և ինչ պատասխանատվություն ունեն իրենք այդ ժառանգության նկատմամբ»։ Դարերի ընթացքում բոլոր արաբական, պարսկական, սելջուկ-թուրքական  նվաճողները տեղանունները հարմարեցրել են իրենց հնչյունային համակարգին, սովորաբար թարգմանելով դրանք, բայց մի քանի սկզբնաղբյուր ուսումնասիրելով,   ճշմարտությունը պարզվում է։ Այլ բան է, որ այդ ճշմարտությունը խեղաթյուրելն ազգային վարքագիծ ու պետական քաղաքականություն է դարձել։
 
 
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ